Ինչպե՞ս են շրջակա միջավայրի փոփոխությունները վերաձևում մեր մշակույթներն ու հասարակությունները, և ի՞նչ նոր ուղիներ են անհրաժեշտ այս մարտահրավերներին արձագանքելու համար։
CSN Lab-ի «Բարդ անցյալի դպրոց» ամենամյա կրթական ծրագրի առանցքում այս տարի մեր ժամանակների ամենաարդիական խնդիրներից մեկն էր՝ շրջակա միջավայրի փոխակերպումները։ Այժմ աշխարհը բախվում է աննախադեպ էկոլոգիական ճգնաժամերի՝ կլիմայի փոփոխությունից մինչև զանգվածային անտառահատումներ, բնահողի դեգրադացիա, գետերի աղտոտում, աղբի այրումից և չկարգավորվող շինարարությունից ծխամած օդ, և այլն։ Ահագնացող այս մարտահրավերների համատեքստում Հայաստանը նույնպես բացառություն չէ, սակայն դեռևս տարածված է այն թյուրըմբռնումը, թե բնապահպանական խնդիրները վերաբերում են միայն էկոլոգների և ակտիվիստների նեղ շրջանակին։ Արդյունքում այս հարցերի սոցիալական և մշակութային կողմերը հաճախ մնում են լուսանցքում՝ պահանջելով ավելի խորքային ու բազմաշերտ անդրադարձեր։
Գտնվելով մշակութային իրավունքների պաշտպանության, միջգիտակարգային հետազոտությունների, արվեստի և այլընտրանքային կրթության խաչմերուկում՝ CSN Lab-ը շարունակում է ուսումնասիրել, թե ինչպես կարող է մշակույթը դառնալ դիմադրության գործիք։ Այս տարվա «Բարդ անցյալի դպրոցը» դարձավ հենց այդ հնարավորությունը և միջգիտակարգային հարթակը՝ այս և այլ հարցերի շուրջ խորհելու համար։

ԲԱԴ-ի եռօրյա ինտենսիվ ծրագիրը տեղի ունեցավ հոկտեմբերի 17–19-ին։ Այն ներառում էր տարաբնույթ ձևաչափեր՝ ուղղված հիմնարար բնապահպանական թեմաների հարցադրմանը և քննարկմանը, ինչպիսիք են բնության իրավունքը, շրջակա միջավայրի գաղութացումը, ենթակառուցվածքների զարգացումը և դրանց ազդեցությունը, հանքարդյունաբերությունը, ջրային տարածքների դեգրադացիան, բնապահպանական շարժումները և այլն։ Միավորելով հայաստանյան, տարածաշրջանային և միջազգային փորձագետների՝ «Բարդ անցյալի դպրոցը» առաջարկում էր բանախոսություններ, աշխատարաններ, քննարկումներ և խմբային աշխատանքներ։
Դպրոցի շուրջ միավորված մասնակիցների կազմը նույնպես բազմազան էր։ ԲԱԴ-ը համախմբել էր մարդկանց Հայաստանի տարբեր մարզերից և գործունեության բազմազան ոլորտներից՝ հետազոտողներ, մշակութային գործիչներ, արվեստագետներ, լրագրողներ, էկոլոգներ, տնտեսագետներ, ճարտարապետներ, ուսանողներ և այլք։
Այս միջսերնդային և միջգիտակարգային մթնոլորտը ստեղծեց կենսունակ միջավայր, որտեղ խաչվում էին անձնական պատումները և տեսական մտորումները։ Յուրաքանչյուր մասնակից հարցերին անդրադառնում էր իր յուրահատուկ փորձով և աշխարհայացքով՝ ձևավորելով փոխադարձ ուսումնառության և երկխոսության տարածություն։
Դպրոցը մեկնարկեց CSN Lab-ի հիմնադիր Տիգրան Ամիրյանի ողջույնի խոսքով, ով մասնավորապես շեշտեց, թե ինչու է անհրաժեշտ մշակութային ոլորտի ներգրավվածությունը բնապահպանական գործընթացներում։ Նա ընդգծեց, որ էկոլոգիական մարտահրավերները՝ միջավայրի աղտոտումը, կենսաբազմազանության կորուստը, կլիմայական անարդարությունը, սոսկ իրողություններ չեն․ դրանք ի ցույց են դնում մեր հանրությունների ընկալումը և դիրքավորումը բնության նկատմամբ։ Մշակույթն ու հիշողությունը էական տարածություններ են, որտեղ մշտապես ձևավորվում և վիճարկվում են այդ հարաբերությունները, և որտեղ խնամքի, կորստի ու բնության հանդեպ պատասխանատվության պատումները շարունակաբար ձևակերպվում և վերաիմաստավորվում են։ Արդյունքում հատկապես կարևոր է դառնում հիշողության և մշակութային ուսումնասիրությունների հետ աշխատելը կլիմայական արդարության համատեքստում։
Դպրոցի ներածական մասը շարունակեց էկոլոգ Մարի Չաքրյանը՝ ներկայացնելով Հայաստանի և տարածաշրջանի բնապահպանական խնդիրները և դրանց արմատները՝ մասնավորապես անդրադառնալով Հայաստանի խորհրդային և հետխորհրդային շրջանի բնապահպանական քաղաքականություններին։ Տիգրան Ամիրյանն ու Մարի Չաքրյանը եզրափակեցին իրենց խոսքը բնության իրավունքի ճանաչման կոչով՝ ոչ միայն որպես իրավական կամ գիտական հասկացություն, այլև որպես մշակութային և սոցիալական պատասխանատվություն։
Սկսելով նոր նախագծերի ներկայացումով և տարվա ձեռքբերումների ամփոփմամբ, Տիգրան Ամիրյանն ու Արսեն Աբրահամյանը անդրադարձան Երևանի ջրային ենթակառուցվածքների փոխակերպման և քայքայման վերաբերյալ CSN Lab-ի ընթացիկ «Կապույտ Երևան» հետազոտությանը։ Նրանց վերլուծությունը ցույց տվեց, թե ինչպես են քաղաքի երբեմնի կենսական ջրային ցանցերը՝ գետերը, ջրանցքներն ու ավազանները, ժամանակի ընթացքում ձևափոխվել կամ ոչնչացել չկարգավորվող քաղաքաշինության և անփույթ կառավարման հետևանքով։ Արսեն Աբրահամյանը ներկայացրեց նաև «Կոնդ․ ցանցային ճարտարապետության բնական պատմությունը» հետազոտական նախագիծը, որն ուսումնասիրում է, թե ինչպես է Կոնդ թաղամասի կառուցվածքն արտացոլում բնական լանդշաֆտի, ճարտարապետության և համայնքի բազմաշերտ փոխհարաբերությունը։
Շարունակելով ջրային թեման՝ արվեստագետ Հարություն Թումաղյանը, պատմեց, թե ինչպես կարող են խաչվել շրջակա միջավայրը և արվեստը։ Իր հեղինակային «Սևանիկ» անիմացիոն նախագիծը ներկայացնելով՝ Թումաղյանը խոսեց այն մասին, թե ինչպես կարող է արվեստը դառնալ էկոլոգիական գիտակցության ձևավորման ազդեցիկ միջոց և, մասնավորապես, ընդգծեց մանկական գրականության դերը էկոլոգիական կրթության և իրազեկվածության բարձրացման գործում։

Միաժամանակ, հիմնվելով հայաստանյան բնապահպանական համատեքստի վրա, դպրոցը ձևավորեց տարածք նաև տարածաշրջանային և միջազգային դիտանկյունների համար։ Հրանտ Դինք հիմնադրամի ներկայացուցիչ, սոցիոլոգ Դամլա Բարիննը ներկայացրեց Ստամբուլի քաղաքային, ինչպես նաև ջրային ժառանգությունը վավերագրող KarDes նախագիծը, որտեղ անդրադարձավ քաղաքի պատմական փոխակերպումներին և նշեց ջրային համակարգերի պահպանման ու դրանց հասանելիության առկա խնդիրները։
Շարունակելով բնապահպանական արդարության և բնության իրավունքի թեմատիկ ուղղությունը՝ Բելգիայից արվեստագետ և հետազոտող Օլիվիե Փեսթյոն ներկայացրեց SAMBRE2030 մասշտաբային նախագիծը, որն ուղղված է Սամբրա գետի ուսումնասիրությանը և դրա կայուն վերակազմակերպմանը։ Նախաձեռնությունը նպատակ ունի իրավական ինքնություն շնորհել Բելգիայով և Ֆրանսիայով հոսող Սամբրա գետին՝ այն դիտարկելով որպես սեփական իրավունքներ ունեցող սուբյեկտ։
Էկոլոգիական արդարության շուրջ քննարկումները շարունակեց միջգիտակարգային հետազոտող Դարիա Ցիմբալյուկը, ով հանդես եկավ Ուկրաինայում տեղի ունեցող էկոցիդի վերաբերյալ բանախոսությամբ՝ ուսումնասիրելով Ռուսաստանի պատերազմական գործողությունների ավերիչ ազդեցությունը Ուկրաինայի բնական միջավայրի վրա։ Նա միաժամանակ անդրադարձավ նաև խորհրդային շրջանի քաղաքականությանը՝ մասնավորապես Ուկրաինայի բնական պաշարների նկատմամբ կիրառված շահագործման մեխանիզմներին։
Խորհրդային ժառանգության և հետխորհրդային շրջանում այդ ժառանգությանը խարսխված խնդիրների շուրջ էր կառուցված նաև մարդաբան Էվիյա Հովհաննիսյանի բանախոսությունը, որը լույս էր սփռում խորհրդային շրջանում ենթակառուցվածքների ձևավորման գործընթացների և դրանց կառավարման քաղաքականությունների վրա։ Հովհաննիսյանի դիտարկումները ընդգծեցին խորհրդային գաղութային արդիականացման էկոլոգիական և սոցիալական հետևանքների խորքային ազդեցությունը՝ դրանք տեղայնացնելով ավելի լայն քննարկման դաշտում, որտեղ փոխկապակցվում են զարգացման, միգրացիայի և բնապահպանական արդարության հարցերը։

Շրջակա միջավայրի թեմատիկ շրջանակում բացառիկ կարևորություն ունեն նաև բնապահպանական խնդիրների շուրջ ձևավորվող շարժումները։ Այդ պատճառով «Բարդ անցյալի դպրոցը» չէր կարող չընդգրկել ծրագրում էկոակտիվիզմի դերի և դրա փոխակերպումների հիմնահարցերը։
Հայաստանյան էկոակտիվիզմի ուսումնասիրմանն ուղղված բանախոսությունների շրջանակում սոցիոլոգ Արփի Մանուսյանը վերլուծեց բնապահպանական շարժումների քաղաքական և սոցիալական տեսանկյունները՝ վեր հանելով դրանց ձևավորումը 1990-ականների անկախության շարժման համատեքստում։ Ընդգծելով այդ շարժումների սերտ փոխկապակցվածությունը քաղաքացիական ինքնորոշման գործընթացներին և հետագայում հանրային խոսույթում հայաստանյան էկոակտիվիզմի ապաքաղաքականացմանը՝ Մանուսյանի վերլուծությունը ցույց տվեց, թե ինչպես է այդ տարանջատումը սահմանափակել բնապահպանական շարժումների փոխակերպող ներուժը՝ ստվերելով դրանց կապը ժողովրդավարության և կառավարման հարցերի հետ։
Թեմայի շուրջ քննարկումը շարունակեց էկոակտիվիստ Անի Խաչատրյանը՝ հիմնվելով իր անձնական փորձառության՝ մասնավորապես Թեղուտ գյուղի, Թռչկանի ջրվեժի, Մաշտոցի պուրակի, Ամուլսարի պաշտպանության շարժումներում և այլ բնապահպանական նախաձեռնություններում իր ներգրավվածության վրա։ Նրա ելույթը շեշտեց Հայաստանում քաղաքական և տնտեսական ճնշումների ներքո էկոակտիվիզմի շարունակականության և համայնքների ներգրավման անհրաժեշտությունը։
«Բարդ անցյալի դպրոց» ծրագրի բանախոսությունները եզրափակվեցին թեմայի շուրջ մի քանի նախագծերի ներկայացումներով, որոնք առաջարկում էին շրջակա միջավայրի ուսումնասիրման, քննադատության և երևակայման ֆեմինիստական դիտանկյուններ։ Բանախոսությունները հրավիրում էին պատկերացնելու գործելակերպեր, որոնք մերժում են մարդակենտրոն հայացքը։
Վրաստանից ժամանած հետազոտող Տինատին Լոբժանիձեն ներկայացրեց Վրաստանի Ռաչա շրջանի սրվող բնապահպանական խնդիրները՝ միաժամանակ պատմելով «Ջրային շրջանակներ» հիդրոֆեմինիստական նախագծի մասին, որն արտացոլում էր ջրային մարմինների, միջավայրային անհանգստությունների և լանդշաֆտի փոխհարաբերությունները՝ դիտարկելով հիդրոֆեմինիզմը որպես խնամքի թե՛ էկոլոգիական, թե՛ զգայական պրակտիկա։
CSN Lab-ի թիմի անդամ, հետազոտող Նանոր Հովհաննիսյանը, շարունակելով հիդրոֆեմինիզմի թեման, ներկայացրեց «մամուռ․ ուրբան և հիդրո-ֆեմինիստական զինը»։ Նախագիծը հարցադրում է քաղաքային տարածության անվտանգությունը, ներառականությունն ու հոգատարությունը և ուսումնասիրում, թե ինչպես են կանայք և քվիր անձինք արվեստային միջամտությունների, ակտիվիզմի և առօրյա տարածական պրակտիկաների միջոցով ձևավորում ու վերաիմաստավորում քաղաքը։
Շարքը եզրափակեց ճարտարապետ Աղունիկ Տեր-Ստեփանյանը՝ ներկայացնելով իր «Ինպիսի՞ն կլիներ քաղաքը, եթե նախագծվեր՝ հաշվի առնելով կանանց փորձառությունը» նախագիծը։ Տարբեր համայնքների հետ իրականացված հարցազրույցների և դրանց հենքով արված գծանկարների միջոցով նա ստեղծել էր հավասարության, կայունության և հասանելիության վրա կառուցված քաղաքային միջավայր։ Նախագիծը մասնակիցներին հրավիրեց խորհելու, թե ինչպես կարող են ֆեմինիստական ուրբանիզմի սկզբունքները նպաստել ավելի ներառական և բնապահպանորեն զգայուն ուրբան տարածքների ձևավորմանը։

Թեմատիկ բանախոսություններին զուգահեռ՝ դպրոցը նաև ներառում էր աշխատարաններ, որոնք հնարավորություն էին տալիս մասնակիցներին համատեղ հարցադրումների և ստեղծարարության միջոցով վերապատկերացնել շրջակա միջավայրին առնչվող քաղաքականությունները։
Ծրագրի ավարտին, բաց խոսափող ձևաչափով վերլուծական ամփոփիչ քննարկման ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց դիտանկյուններով՝ մասնավորապես ընդգծելով ԲԱԴ-ի նշանակալի դերը տարբեր ոլորտներից և տարածաշրջաններից ձայներ միավորելու և այդպիսով գիտելիքի փոխանակմանն ու տարբեր համայնքներում դրա տարածմանը նպաստելու գործում։
Այս տարվա «Բարդ անցյալի դպրոցի» միջավայրային ուղղվածությամբ, CSN Lab-ը վերահաստատում է իր հանձնառությունը՝ այլընտրանքային կրթության միջոցով անդրադառնալու բարդ անցյալի պատումներին և դրանց ընդգրկուն ազդեցությանը։ Համադրելով տեսությունն ու փորձառությունը, տեղայինն ու միջազգայինը՝ դպրոցը ստեղծում է մի միջավայր, որտեղ քննադատական ուսուցումը, մշակութային դիտանկյունից վերլուծությունն ու հավաքական երևակայությունը միավորվում են՝ նպատակ ունենալով ձևավորել ավելի կայուն և արդար ապագաներ։
Այս տարվա «Բարդ անցյալի դպրոցը» իրականացվել Է «Դանիական Մշակութային Ինստիտուտի» և «Հայաստանի Կանանց Հիմնադրամի» աջակցության շնորհիվ։