Արդեն երկրորդ տարին անընդմեջ CSN Lab-ն իրականացնում է «Բարդ անցյալի դպրոց» (ԲԱԴ) այլընտրանքային կրթական նախագիծը։ Տարատեսակ ձեւաչափերի եւ թեմատիկ ուղղվածությունների համադրման միջոցով, այս ծրագիրը ձեւավորում է գիտելիքահեն միջավայր, ուր կարելի է ազատորեն մտորել եւ ռեֆլեքսիայի ենթարկել Հայաստանի եւ տարածաշրջանի բարդ անցյալը։
ԲԱԴ-ի այս տարվա թեմաները միգրացիան, փախստականությունը եւ բռնի տեղահանություններն են։ Սա առաջին հերթին արձագանք է վերջին տարիներին Հայաստանում եւ տարածաշրջանում, պատերազմների, հակամարտությունների եւ այլ բեկումնային իրադարձությունների ազդեցությամբ ստեղծված միգրացիոն ճգնաժամին։ Եռօրյա ինտենսիվ ծրագրի միջոցառումների շրջանակներում քննարկվեցին թե՛ ներկայիս միգրացիոն հոսքերը, թե՛ անցյալի դիպվածները, որոնք ուղղակիորեն փոխկապակցված են մերօրյա իրականության հետ։
Ալտերնատիվ դպրոցը մեկնարկեց սեպտեմբերի 19-ին, որն Արցախից հայ բնակչության բռնի տեղահանության եւ Ադրբեջանի կողմից հրահրված ռազմական գործողությունների տարելիցն է։ Այսպիսով, CSN Lab-ի թիմը նպատակ ուներ ստեղծել ապահով եւ ներառական միջավայր, որտեղ նախագծի մասնակիցները կկարողանային ազատորեն կիսվել միգրացիայի եւ բռնի տեղահանության իրենց փորձառություններով եւ ձեռք բերել խորքային ռեֆլեքսիային նպաստող հիմնարար գիտելիքներ։
«Երբ իմացա, որ ԲԱԴ-ն անցկացվելու է այս օրերին, որոնք մեկ տարի առաջ նշանավորվել էին ողբերգական իրադարձություններով, երկմտում էի՝ արդյո՞ք կկարողանամ լինել այստեղ եւ հիմա, թե՞ մտքով կվերադառնամ մեկ տարի առաջվան։ Բայց ես այստեղ էի այս երեք օրերի ընթացքում, եւ այս բոլոր թեմաներն անմիջականորեն զուգորդվում էին իմ անձնական ողբերգության հետ։ ԲԱԴ-ն ինձ ցույց տվեց, որ ճիշտ է կանգ առնել, հետ նայել անցյալին, ռեֆլեքսիա անել, պարզել, փորփրել, ցավ զգալ, տխրել, բացահայտել, ուրախանալ եւ նորից առաջ գնալ»,- նշեց դպրոցի մասնակից, արցախցի Սարինե Հայրիյանը։
«ԲԱԴ 2024»-ն իրենց անձնական պատմություններով եւ ակտիվ ներգրավվածությամբ ամբողջացրին ոչ միայն Արցախից բռնի տեղահնվաածները, այլեւ՝ Հայաստանի տարբեր մարզերում ապրող մարդիկ, ինչպես նաեւ՝ Ռուսաստանից, Լիբանանից, Սիրիայից, Գերմանիայից, Անգլիայից եւ այլ երկրներից Հայաստանում հաստատված մասնակիցները։
Միգրացիան, փախստականությունն ու բռնի տեղահանությունները «ԲԱԴ 2024»-ի շրջանակներում ներկայացվեցին տարբեր թեմատիկ ուղղվածություններով։ Հրավիրված առաջատար փորձագետները, եռօրյա ինտենսիվ ծրագրի շրջանակներում, մասնակիցներին փոխանցեցին թե՛ տեսական, թե՛ գործնական գիտելիքներ՝ անդրադառնալով այնպիսի առանցքային թեմաների, ինչպիսիք են միգրացիոն հոսքերի արտացոլումը հիշողության լանդշաֆտներում, բազմաքայլ տեղահանությունը, միգրացիան եւ ճարտարապետությունը, միգրացիոն ուսումնասիրությունների իրականացման մեթոդաբանությունը, հայկական մշակութային ժառանգության պահպանությունը Օսմանյան կայսրության բռնագաղթերի համատեքստում, էկոմիգրացիան, սփյուռքահայ գրականությունը, միգրացիան եւ հայկական լուսանկարչական արվեստը եւ այլն։
CSN Lab-ի թիմն այս տարի հատուկ ծրագիր էր պատրաստել, որի շրջանակներում բանախոսներն հատուկ անդրադարձ կատարեցին փախստականության, բռնի տեղահանության եւ միգրացիայի միջով անցած կանանց փորձառություններին եւ դրանց առնչվող ֆեմինիստական հիմնահարցերին։
«Բարդ անցյալի դպրոց. միգրացիա»-ի դասախոսների շարքում էին Լուսինե Խառատյանը, Վիգեն Գալստյանը, Սիրանուշ Դվոյանը, Միսակ Խոստիկյանը, Էվիյա Հովհաննիսյանը, Գոհար Ստեփանյանը, Հուրիկ Ադդարեանը եւ Տիգրան Ամիրյանը։ Ի լրումն եռօրյա ինտենսիվ ծրագրի դասախոսությունների, CSN Lab-ի թիմի անդամներ Մարիամ Եղիազարյանն ու Արսեն Աբրահամյանը մասնակիցներին ներկայացրին վերջին տարիներին CSN Lab-ի կողմից միգրացիոն ուսումնասիրությունների ոլորտում իրականացված նախագծերից մի քանիսը։ Մասնավորապես, Մարիամ Եղիազարյանը վարեց ինտերակտիվ աշխատարան՝ կենտրոնանալով փախստական կանանց պատմությունների վավերագրման վրա, իսկ ճարտարապետ, ուրբան հետազոտող Արսեն Աբրահամյանը խոսեց էկոմիգրացիայի մասին եւ ներկայացրեց վերջերս լույս տեսած «Կեչուտ. հիշողություն ջրի հատակին» գիրքը։
«Բարդ անցյալի դպրոց. Միգրացիա» եռօրյա ինտենսիվ ծրագիրն ամփոփվեց «Ազատ խոսափող» ֆորմատի միջոցառմամբ, որի շրջանակներում մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով եւ գալիք «ԲԱԴ»-երի շուրջ առաջարկներով։
«ԲԱԴ»-ը CSN Lab-ի ամենամյա նախագիծ է, որն ալտերնատիվ կրթության ճանապարհով նպաստում է բարդ անցյալի շուրջ հանրային դիսկուրսի ձևավորմանը։ Այս տարի դպրոցը կայացավ սեպտեմբերի 20-ին, 21-ին և 22-ին։ Այն իրականացնում էր Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիան (CSN Lab) Դանիական մշակութային ինստիտուտի (DCI) «Նոր ժողովրդավարության հիմնադրամ» (NDF) նախագծի և «Հայաստանում կանանց հիմնադրամի» (WFA) աջակցությամբ։
CSN Lab-ի թիմը շատ շնորհակալ է Երևանում Գյոթե ինստիտուտին (Goethe-Zentrum Jerewan) ԲԱԴ 2024- ի իրականացմանը սատարելու համար, ինչպես նաև` Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամին (EED) որոնց շարունակական աջակցությունը առանցքային է CSN Lab-ի, Հայաստանում ժողովրդավարությանն ու մշակութային երկխոսությանն ուղղված նախագծերի իրականացման համար։