«Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ի (CSN Lab) եւ «Հայնրիխ Բյոլ հիմնադրամ»-ի երեւանյան գրասենյակի համատեղ ջանքերի արդյունքում իրականություն է դարձել «Շուշի. մտաքարտեզներ» աշխատության երկրորդ հրատարակությունը։ Գրքի առաջին շնորհանդեսը տեղի էր ունեցել 2022 թվականին եւ տպաքանակը սպառվել էր շնորհանդեսից օրեր անց, իսկ երկրորդ խմբաքանակի շնորհանդեսը կայացավ օրեր առաջ, «Էպիգրաֆ» գրատանը։
«Շուշի. մտաքարտեզներ» միջգիտակարգային աշխատությունը ստեղծվել է 44-օրյա պատերազմից հետո։ Այն հետազոտում է պատերազմի արդյունքում լքված Շուշիի քաղաքային տարածությունը եւ առօրյան՝ հիմնվելով տեղահանված շուշեցիների հիշողությունների, անձնական պատումների եւ փորձառության վրա։ Գրքում տեղ են գտել հիշողությունը բազմակողմանիորեն վերլուծող հոդվածներ, շուշեցիների հետ արված խորքային հարցազրույցներ, ինչպես նաեւ վերջիններիս կողմից գծված մտաքարտեզներ, որոնք փորձում են վավերագրել եւ մոռացությունից փրկել կորսված քաղաքը եւ հիշողությունը։
Գրքի երկրորդ հրատարակության շնորհանդեսի շրջանակներում հեղինակները պատմեցին հետազոտության ստեղծման գաղափարի, մեթոդաբանության, պատերազմական եւ հետպատերազմական շրջանում դաշտային աշխատանքների իրականացման բարդությունների մասին։ Գրքի խմբագիր Տիգրան Ամիրյանը եւ համահեղինակ Էվիյա Հովհաննիսյանը ներկայացրին գիրքը ստեղծելու գաղափարը եւ դեռեւս չավարտված պատերազմին զուգընթաց հետազոտական աշխատանքի իրականացման եւ բանավոր պատումների հավաքագրման հուզական բարդությունները, ինչպես նաեւ խոսեցին Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած էթնիկ զտումներից հետո աշխատության նշանակության եւ վերաիմաստավորման մասին։ Գոհար Ստեփանյանը եւ Նոնա Շահնազարյանը կիսվեցին այս նախագծի շրջանակներում իրենց հետազոտական փորձառությամբ, մասնավորապես մտաքարտեզների մեթոդաբանության կիրառման, դրա նախնական բարդությունների և հետագա արդյունավետության մասին, ինչպես նաեւ տեղահանված շուշեցիների համար իրենց քաղաքը պատկերելու եւ վերակառուցելու ընթացքի թերապեւտիկ ազդեցության մասին։ Հեղինակները նաեւ ընգծեցինք աշխատության դերը պատերազմից տարիներ անց, կորսված քաղաքի արդեն իսկ մոռացության մատնվող հիշողությունը հավաքագրելու եւ ամփոփելու տեսանկյունից, եւ մտաքարտեզների կարեւորությունը քաղաքային միջավայրի եւ հիշողության բազմաշերտ ու ապակենտրոն ուսումնասիրության գործում։
Շնորհանդեսին հաջորդեց թեմայի շուրջ հարցուպատասխան եւ այսօրինակ մեթոդաբանությամբ նոր հետազոտությունների իրականացման շուրջ քննարկում։ Ներկաները նաեւ հնարավորություն ունեցան հանգանակությունների միջոցով ձեռք բերել «Շուշի. մտաքարտեզներ» գիրքը։ Հանգանակություններից ստացված ողջ հասույթը «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիան» կուղղորդի Արցախից բռնի տեղահանված մարդկանց կարիքների հասցեագրմամբ զբաղվող կազմակերպություններին եւ նախաձեռնություններին։
Գրքի բովանդակության համար պատասխանատու է «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա» հասարակական կազմակերպությունը, և այն որևէ կերպ չի կարող ընկալվել որպես Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետ։
լուսանկարները` Անահիտ Պետրոսյանի