photo © Hermine Virabyan
Իր հիմնադրումից ի վեր «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ն (CSN Lab) միտված է Հայաստանի եւ տարածաշրջանի երկրների միջեւ մշակութային երկխոսության հաստատմանն ու ամրապնդմանը։ Տարբեր նախագծերի շրջանակներում մենք տարիներ շարունակ աշխատել եւ այժմ էլ համագործակցում ենք Վրաստանում գործող մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, հետազոտողների, մշակութային գործիչների եւ արվեստագետների հետ։
Մեր թիմը հավատացած է, որ Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիական հասարակությունների միջեւ երկխոսությունն ու համագործակցությունն առանցքային է Հարավային Կովկասում ժողովրդավարական արժեքների ամրապնդման, խաղաղ, բաց ու թափանցիկ մթնոլորտի հաստատման համար։
Մենք սատարում ենք օրերս Վրաստանի խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա գործակալի օրինագծի» (հասարակության շրջանում հայտնի է որպես «Ռուսական օրենք») դեմ պայքարող մեր վրացի գործընկեր կազմակերպություններին, կոլեգաներին եւ առհասարակ վրաց հասարակությանը, որոնք Թբիլիսիում խաղաղ ցույցերի միջոցով իրենց բողոքն են արտահայտում իշխանության կողմից ընդունված մտահոգիչ որոշման դեմ։
Հաշվի առնելով տարիներ առաջ Ռուսաստանի Դաշնությունում նույն օրենքի ընդունման եւ վերջինիս աղետալի հետեւանքների փորձը, իբրեւ մշակույթի միջոցով մարդու իրավունքների ջատագովությամբ զբաղվող կազմակերպություն, անհանգստացած ենք օրինագծի ընդունման հանգամանքով, քանի որ այն կարող է լուրջ վտանգ հանդիսանալ խոսքի ազատության պաշտպանության եւ ժողովրդավարության համար, ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում։
Վրաստանի մեր գործընկերների հետ միասին շարունակելու ենք մեր հանձնառությունը՝ անդրդվելիորեն նպաստելու տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանությանն ու ժողովրդավարական արժեքների գերակայությանը։
CSN Lab-ի թիմ
Երեւան - 18.04.2024