Այս տարի «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա» (CSN Lab) մասնակցել է Թբիլիսիի ճարտարապետական բիենալեին (Tbilisi Architecture Biennial 2024)։ Ճարտարապետ, ուրբան հետազոտող, CSN Lab-ի թիմի անդամ Արսեն Աբրահամյանը, Բիենալեի շրջանակներում, ներկայացրել է CSN Lab-ի, շրջակա միջավայրի, հիշողության և մշակութային ուսումնասիրությունները մեկտեղող, «Գետառ. գետի հիշողությունը» և «Կեչուտ. հիշողություն ջրի հատակին» նախագծերը։ Սա խիստ կարևոր իրադարձություն էր ոչ միայն «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ի, այլև՝ Հայաստանի համար, որն այսպիսով դարձավ ոչ միայն Վրաստանի, այլև՝ տարածաշրջանի մասշտաբով, նշանակալի այս նախաձեռնության մասը։
Թբիլիսիի ճարտարապետական բիենալեն հիմնադրվել է 2017 թվականին։ Իր շուրջ համախմբելով ճարտարապետների, ուրբանիստների, հետազոտողների, արվեստագետների, մշակութային գործիչների և այլ փորձագետների, այն նպատակ ունի Վրաստանում և տարածաշրջանում քննադատական խոսույթ ձևավորել ճարտարապետական և ուրբանիստական հիմնահարցերի շուրջ։ Այս տարի «Ուղղել սխալները» (Correct Mistakes) խորագիրը կրող միջոցառումների շարքը ծավալվում էր շրջակա միջավայրի՝ գլոբալ կլիմայական ճգնաժամի, ընդերքի շահագործման, ջրային ռեսուրսների կառավարման և մի շարք միջավայրային թեմաների շուրջ՝ վեր հանելով ճարտարապետության և ուրբան պլանավորման դերը այսօրինակ մարտահրավերների հասցեագրման և լուծումների մշակման գործընթացներում։
Ճարտարապետական Բիենալեի առանցքում էին մարդու և միջավայրի բարդ և բազմաշերտ փոխհարաբերությունն ու կապը։ «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ի «Գետառ. գետի հիշողությունը» և «Կեչուտ. հիշողություն ջրի հատակին» նախագծերի ներկայացումն, այս համատեքստում խիստ պատեհ էր։ Երկու ուսումնասիրությունների պարագայում էլ կիրառվել է միջգիտակարգային մեթոդաբանություն, որը թույլ է տվել վերլուծել ջրային ռեսուրսներին առնչվող հիմնախնդիրները՝ շրջակա միջավայրի, հիշողության և մշակութային ուսումնասիրությունների համադրման միջոցով։ Հատկանշական է, որ CSN Lab-ի հետազոտական թիմը առանձնակի ուշադրություն է դարձրել թե Գետառ գետի և վերջինիս մասնակի փակման, թե հին Կեչուտ գյուղի տեղում ջրամբարի կառուցման առնչությամբ բնակիչների հիշողությունների հավաքագրմանը՝ վերլուծելով, թե ինչպես են բնական և քաղաքային միջավայրերի կտրուկ շրջադարձերը փոխակերպում սոցիալական կառուցվածքները։
«Կեչուտ. հիշողություն ջրի հատակին» նախագծի համահեղինակ, «Գետառ. գետի հիշողությունը» ուսումնասիրության հետազոտական խմբի անդամ Արսեն Աբրահամյանի ելույթը վեր էր հանում (հետ)խորհրդային Հայաստանում քաղաքային և բնական միջավայրերի փոխակերպումները, դրանց մշակութային և սոցիալական ազդեցությունները ու հետևանքները։ Հիմնվելով CSN Lab-ի կողմից իրականացված նախագծերի օրինակների վրա, ճարտարապետն ընդգծեց հետազոտական ուսումնասիրություններում միջգիտակարգային մոտեցման կարևորությունը՝ առանձնակի ուշադրություն հրավիրելով էկոմիգրացիայի խնդրին, որը հաճախ դուրս է մնում տարաշրջանային հետազոտական աշխատություններից։
Ներկայացմանը հաջորդեց քննարկում։ Ներկաների հարցերը ևս մեկ անգամ փաստեցին, որ Հայաստանը և Վրաստանը կիսում են ոչ միայն բարդ և գաղութային անցյալը, այլև՝ քաղաքային և բնական միջավայրերին, ինչպես նաև՝ ճարտարապետական ժառանգության պահպանմանն առնչվող արդի խնդիրներն ու մարտահրավերը։
Թբիլիսիի ճարտարապետական բիենալեի շրջանակներում Հայաստանի և Վրաստանի միջև փորձի փոխանակումը մշակութային երկխոսության ևս մեկ օրինակ էր, ինչն առանցքային նշանակություն ունի CSN Lab- համար։