Տղամարդ

«Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ում օրեր առաջ տեղի ունեցավ «տղամարդ» ֆոտոշարքի եւ թեմատիկ կայքի շնորհանդեսը, որը հարցադրում է հայաստանյան համատեքստում տղամարդու գենդերային ինքնությունը։

Բարդ անցյալին եւ խորհրդային ժառանգության ապակենտրոն ուսումնասիրությանը նվիրված «տեղ-տեղ» շարժունակության նախագծի շրջանակներում համադրող Դիանա Սարդարյանը եւ արվեստագետ Ռուսլան Նասիրը շոշափել են գենդերի եւ գաղութատիրության փոխազդեցության թեման՝ խնդրականացնելով հայաստանյան իրականությունում տղամարդուն պարտադրվող դերերը, տնտեսական կյանքի վերարտադրման պարտադրանքը, ինչպես նաեւ հետպատերազմական համատեքստում միլիտարիզացիայի ճնշումը։ «Տղամարդ» նախագիծը հարցադրում է տղամարդուն, փորձում հասկանալ նրա գենդերային դերի բազմաշերտությունը  եւ այդ շերտերի տակ լռեցված բնությունը։ Արվեստագետները փորձում են բացահայտել «տան հենասյունը», «տան գլուխը», «տան պաշտպանը», «առաջնորդը», «հայրենիքի զինվորը» եւ «հերոսը» կաղապարների ստվերում մնացած տղամարդու մտքերը, հույզերը եւ տագնապները։ Զանգվածային մշակույթում չներկայացված, գովազդային պաստառներին երբեւիցէ չհայտնվող, ներսի ու դրսի կաղապարված ու գաղութային հայացքներին ու ընկալմանը խորթ տղամարդու պատկերումը, արվեստի միջոցով տղամարդուն վերագրվող դերերը ապակառուցելու փորձ է։ Լուսանկարներում պատկերված տղամարդը ոչ հերոս է, ոչ զինվոր, ոչ հայրիշխանության ու առնականության տիպար, այլ պարզապես ծանոթ, հարազատ ու ճանաչելի մեկը։ Տղամարդն արտագնա աշխատանքի մեկնողն է, սոցիալական խնդիրների ծանր բեռը կրողը, իրեն վերագրված դերերին չհամաձայնողը, բայց համապատասխանել փորձողը, շարքային զինվորականը, պատերազմից վերադարձածն ու անճանաչելիորեն փոխվածը, սովորական մեկն, ով ամեն քայլափոխի է, ու միեւնույն ժամանակ անտեսանելի։ Նախագծի թեմատիկ ուղղվածությունը խնդրականացնում է նաեւ գենդերային դերերի մասնակի վերաիմաստավորման արդի միտումները՝ ընդգծելով այդ դերերի շաղկապվածությունն ու փոխազդեցությունը։

«Տղամարդ» նախագծի իրականացման համար ընտրվել է հետպատերազմյան ճգնաժամից եւ 2022 թվականին ադրբեջանական ուժերի հարձակումից զգալիորեն տուժած Վայոց ձորի մարզը։ Ֆոտոշարքը լուսապատկերի միջոցով զուգահեռում է լանդշաֆտը եւ տղամարդուն, ցույց տալիս դրանց ակնհայտ ու աննշմար գույները, ծալքերն ու խորքերը, ուժն ու խոցելիությունը, անցյալի հետքերն ու անորոշ ներկան։

Համադրող Դիանա Սարդարյանը եւ արվեստագետ Ռուսլան Նասիրը շնորհանդեսի շրջանակներում ներկայացրին «տղամարդ» նախագծի ստեղծման գաղափարը, կիսվեցին իրենց համագործակցության փորձառությամբ։ Թեմատիկ վեբկայքի եւ ֆոտոշարքի ներկայացմանը, հաջորդեց հարցուպատասխան եւ քննարկում, որն անդրադառնում էր ինչպես նախածի շրջանակներում առաջ բերված հարցադրումներին եւ խնդիրներին, այնպես էլ ֆոտոշարքի իրականացման, Վայոց Ձորի մարզում իրականացված դաշտային աշխատանքների եւ ինստալիացիաների տեղադրման գործընթացներին։ 

Քննարկմանը հաջորդեց Հարութ Շատյանի «Բեռնելով կյանքս» (2011) ֆիլմի ցուցադրությունը, որն անդրադառնում է տղամարդու գենդերային դերերին, հանրության կողմից պարտադրվող կաղապարներին եւ սահմանափակումներին։

«տեղ-տեղ» շարժունակության նախագիծն իրականացվում է Դանիական մշակութային ինստիտուտի (DCI) աջակցությամբ՝ «Նոր ժողովրդավարության հիմնադրամ» (NDF) նախագծի շրջանակներում։

լուսանկարները` Նարէկ Դալլաքյան