CSN Lab-ի տարածաշրջանային և միջտարածաշրջանային երկխոսական ծրագրերը, դրանց ընթացքն ու արդյունքները Unlock 2025-ի մասը դարձան։ Պրահայում տեղի ունեցող ամենամյա քաղաքացիական հասարակության Unlock ֆորումն առանցքային հարթակ է Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ակտիվիստների, հետազոտողների, լրագրողների, արվեստի և մշակույթի գործիչների համար՝ միավորելու տարածաշրջանային երկխոսության, համերաշխության և համագործակցության շուրջ։
Ժողովրդավարության դեմ ելնող մարտահրավերներն ու ճնշումները հաշվի առնելով՝ Unlock 2025-ը միավորել էր բազմաթիվ երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ խորհելու փոփոխվող իրականության, հակամարտությունների և պատերազմների համատեքստում երկխոսություն կառուցելու և հանգուցալուծումներ գտնելու գործում քաղաքացիական հասարակության դերի շուրջ։
Ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեցան կիսվել իրենց փորձառությամբ, ինչպես նաև վերաիմաստավորել և վերահաստատել իրենց դերը՝ ծանր քաղաքական պայմաններում մշակութային և քաղաքացիական փոփոխություններ բերելու գործում։ Անկախ յուրաքանչյուր երկրի և տարածաշրջանի տարբեր իրադրություններից, միջոցառումը միանշանակ ընդգծում էր ժողովրդավար ապագայի պայքարում ստեղծարարության և ճկունության նկատմամբ ընդհանուր հանձնառությունը։
Unlock 2025-ի պանելային քննարկումների շրջանակում CSN Lab-ի հիմնադիր Տիգրան Ամիրյանը գործընկերների հետ ընդգծեց միջտարածաշրջանային համագործակցության կարևորությունը և մասնավորապես մշակութային համագործակցության լայն հնարավորություններն ու դժվարությունները՝ կարևորելով մի կողմից հարուստ փորձառությունների փոխընկալումը, մյուս կողմից՝ քաղաքական անկայուն միջավայրում համագործակցության բարդությունները։
Տիգրան Ամիրյանը ներկայացրեց նաև CSN Lab-ի տարածաշրջանային և միջտարածաշրջանային մշակութային նախաձեռնությունների լայն քարտեզը։ Նա մասնավորապես անդրադարձավ հայ-վրացական համագործակցային նախագծերին, որոնց առանցքում մշակութային երկխոսությունն ու գենդերային հիմնահարցերն են։ Հաշվի առնելով երկու երկրների համատեղ անցյալը, հետգաղութային փորձառությունն ու ներկայի մարտահրավերները, ինչպես նաև Վրաստանում քաղաքական լարվածությունները՝ CSN Lab-ի երկխոսական ծրագրերն ավելի ու ավելի հատկանշական են դառնում՝ որպես մշակույթի միջոցով փոխաջակցման գործնական ապացույց։ Վրաստանում քաղաքական իրավիճակի լարումները բերեցին նոր անհրաժեշտություն երկու երկրների մշակութային գործիչների և արվեստագետների երկխոսության։ Բացի այդ, ժողովրդավարության, մարդու իրավունքների և խոսքի ազատության ճգնաժամը ստիպեց վերանայել նաև հայ-ադրբեջանական երկխոսության հնարավորությունը, քանզի Վրաստանը երկար տարիներ երկու կողմերի համար եղել է անչափ կարևոր, չեզոք և ապահով տարածք։
Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացներն ու զարգացող հանրային խոսույթները հաշվի առնելով՝ Տիգրան Ամիրյանն անդրադարձավ նաև Հայաստան-Թուրքիա երկխոսության ուղղությամբ արված մշակութային նախաձեռնություններին։ Չնայած բարդություններին, ինչպիսիք են պատերազմը Ուկրաինայում, քաղաքական ճնշումները Բելառուսում և այլն, CSN Lab-ը ջանք չի խնայում իրականացնել երկխոսական ծրագրեր ուկրաինական, բելառուսական, մոլդովական և այլ երկրների քաղաքացիական հասարակությունների հետ, ինչպես նաև շարունակում է խթանել Հայաստան-ԵՄ մշակութային երկխոսությունը՝ ընդգծելով ազգային նարատիվների վերանայման անհրաժեշտությունը և այլընտրանքային ու առավել ներառական միջավայր ստեղծելու կարևորությունը։
Պանելային քննարկմանը մասնակցեցին նաև փորձագետներ Հայաստանից՝ Քրիստինա Սոլոյան, Ուկրաինայից՝ Իրինա Դոմնենկոն, և Լեհաստանից՝ Ջոաննա Մոսեյ-Սիտեկոն։ Պատերազմների, բռնաճնշումների, տեղահանումների և ֆինանսական ճգնաժամերի պայմաններում նման հանդիպման կայացումը ինքնին քաղաքացիական հասարակությունների կենսունակության և տոկունության վկայությունն է։ CSN Lab-ը, արձագանքելով տարածաշրջանային լարվածություններին, շարունակում է իր աշխատանքը՝ ձգտելով ամրապնդել համերաշխության և փոխաջակցության կապերը և լինել նրանց կողքին, ովքեր ձգտում են երկխոսության, պատասխանատվության և ժողովրդավարության հիմքով կառուցված ապագայի։