Վիգեն Գալստյան - «տեղ-տեղ» փոդքասթ

CSN Lab-ի կողմից իրականացվող «տեղ-տեղ» նախագծի շրջանակներում արվեստագետ, համադրող եւ հետազոտող  Վիգեն Գալստյանն ուսումնասիրել է Շիրակի եւ Տավուշի ներսույթները։ Վիգենը 2018 թվականից ի վեր ձեռնամուխ է եղել Հայաստանի տարբեր շրջանների ներսույթներում, առօրեկան պրակտիկաներում եւ կենցաղային իրերում 20-րդ դարի սոցիալական, քաղաքական եւ մշակութային գործընթացների հետքերը փնտրելու, գտնելու եւ ուսումնասիրելու գործին։ Պատկերների ու բանավոր պատումների միջոցով արվեստագետը վավերագրել է  մի կողմից անհետացող, մյուս կողմից՝ ժամանակի  մեջ փոփոխվող, նորանոր շերտեր ու իմաստներ ձեռք բերող բարդ անցյալին առնչվող հարցերը։ Վիգենն արդեն տարիներ շարունակ փորձում է վտանգված նյութական ժառանգության շուրջ աշխատությունների միջոցով հասկանալ նախորդ դարի հայկական մշակութային ինքնությունը, դրա կայացման գործընթացները, կայսերական եւ գաղութատիրական համակարգերի ազդեցություններն ու մեր օրերում դրանց խորը հետքերը։

«Տեղ-տեղ» շարժունակության նախագծի շրջանակներում Վիգեն Գալստյանն ուսումնասիրել եւ վավերագրել է Տավուշում եւ Շիրակում նախորդ դարի սկզբից պահպանված ներսույթները։ Դիլիջանում հետազոտողը գտել եւ վավերագրել է 1950-ականներից, 60-ականներից, 70-ականներից եւ 80-ականներից պահպանված ճարտարապետական կոթողների եւ այդ շրջանների համար տիպական ինտերիերի եզակի նմուշներ։ Արվեստագետի հավաստմամբ առանձնապես նշանակալի էր Արծվաբերդի մշակութի տան բացահայտումը, որը կառուցվել է 60-ական թվականների սկզբին եւ զարդարված է ժամանակին հատուկ մի կողմից նոր ազգային, մյուս կողմից՝ կոլոնիալ ոճով։ Այս կառույցը կոմունիստական բռնի ռեժիմի ներքո տեղի համայնքի ինքնաարտահայտման եւ ընդվզման վառ օրինակ է։ 

Արծվաբերդ գյուղի մշակույթի տունը, վաղ 1960-ականներ - © Վիգեն Գալստյան

 

Շիրակի մարզում արված ուսումնասիրություններից Վիգենն առանձնացնում է 19-րդ դարում քաղաքի պատմական «Սլաբոտկա» թաղամասում կառուցված, ուշ կայսերական շրջանի բազմամշակույթ քաղաքին բնորոշ առանձնատունը, քաղաքային կյանքն ամփոփող «Ձիթողյանց» թանգարանը, Գյումրի քաղաքի «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանը, կենտրոնական երկաթուղային կայարանը եւ երկաթուղայինների ակումբը։

Վիգեն Գալստյանի հավաստմամբ, «տեղ-տեղ» նախագիծն իր աշխատության համար մի շարք նշանակալի բացահայտումների հիմք եւ/կամ խթան է հանդիսացել։ «Այս նախագիծն ինձ համար կարեւոր քաջալերում էր, որովհետեւ շատ հաճախ ինքդ նախաձեռնում, սկսում ու անում ես, ու չկա այն աջակցությունը, որը, կարծում եմ, պետք է լինի։ Նման նախագծերը շատ կարեւոր են, որպեսզի մենք շարունակենք մեր աշխատանքը։ Շատ հաճախ աշխատում ես մի տիրույթում, որտեղ տեսնում ես, որ գրեթե մենակ ես»,- նշել է արվեստագետը։ 

«տեղ-տեղ» նախագծի շրջանակներում հավաքագրված պատմություններն ու վավերագրությունները տեղ կգտնեն 2024 թվականին «ՄանԲան» հրատարակչության կողմից հրատարակվող գրքում, որտեղ կհամադրվեն 20-րդ դարի հայկական ներսույթների սոցիալ-քաղաքական ասպեկտները վերլուծող գիտահանրամատչելի էսսեն եւ վիզուալ պատկերները։

Վիգեն Գալստյանի նախագծի մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաեւ նյութեղեն առարկաների ու ներսույթների միջոցով տեղայնացվող գաղութային համակարգերի, դրանց դեմ դիմադրության նրբությունների մասին ավելին իմանալու համար լսեք արվեստագտի հետ զրույցի արդյունքում պատրաստված փոդքասթը, որը ներկայացնում ենք ստորեւ։

«տեղ-տեղ»-ն իրականացվում է Դանիական մշակութային ինստիտուտի (DCI) աջակցությամբ՝ «Նոր ժողովրդավարության հիմնադրամ» (NDF) նախագծի շրջանակներում։