CSN Lab-ի հրատարակությունները հաճախ են հատում ակադեմիական և հետազոտական շրջանակների սահմանները՝ հայտնվելով և հասանելի դառնալով տեղական ու միջազգային մշակութային հարթակներում։ Մեկնարկելով նոր ակադեմիական տարին՝ լաբորատորիայի արխիվը գրադարակներից տեղափոխվեց քաղաքի կենտրոն՝ Երևանի գրքի միջազգային փառատոն, որտեղ մեկ տաղավարի շուրջ համախմբվեց տարիների հետազոտական աշխատանքը։
Փառատոնի ընթացքում CSN Lab-ը ներկայացրեց ավելի քան 20 երկլեզու և եռալեզու հրատարակություն՝ ընդգրկելով լաբորատորիայի հետազոտական աշխատանքի տարբեր ուղղությունները։ Ֆիրդուսն ու Բալաթը։ Գետառն ու Կեչուտը։ Մտաքարտեզներով վերակառուցված Շուշին։ Տեղահանված մշակույթներ ու ընդհատված աշխարհագրություններ։ Գրքեր, պաստառներ, բացիկներ։ Երեք օր շարունակ հարյուրավոր այցելուներ ծանոթացան մեր աշխատանքներին, թերթեցին հրատարակությունները և գտան իրենց հետաքրքրող գրքերը։

CSN Lab-ի տաղավարը դարձավ նաև յուրահատուկ երկխոսության տարածք հին և նոր ընթերցողների հետ։ Փառատոնի երեք օրերի ընթացքում լաբորատորիայի թիմն ու հետազոտողները ներկա էին տաղավարում՝ ներկայացնելով աշխատանքները և զրուցելով այցելուների հետ։ Այդ զրույցները հաճախ դուրս էին գալիս գրքերի սահմաններից։ Մի գրքից սկիզբ առած խոսակցությունը կարող էր բոլորովին այլ տեղ հասցնել՝ ճարտարապետությունից՝ տեղահանություն, բնապահպանությունից՝ հիշողություն, Ստամբուլի Բալաթից՝ Երևանի Ֆիրդուս, ընտանեկան պատմությունից՝ քաղաքի ներկա ու անցյալ։
Բացիկները հեռանում էին այցելուների հետ։ Պաստառները նոր պատեր էին գտնում։ Գրքերը՝ իրենց ընթերցողներին։ Հայաստանյան և տարածաշրջանային բարդ անցյալի ու զգայուն հարցերի շուրջ ստեղծված այս աշխատությունների հանրահռչակումն ու տարածումը, ինչպես նաև դրանց նկատմամբ հանրային հետաքրքրությունն ու ակտիվությունը կրկնակի նշանակալի են դարձնում նման հանդիպումները։
Երևանի գրքի փառատոնին մեր առաջին մասնակցությունը երկխոսության նոր տարածություն ստեղծեց նաև այլ հրատարակիչների, հետազոտողների և մշակութային նախաձեռնությունների հետ։ Ամփոփելով գրական այս կարևոր իրադարձությունը՝ CSN Lab-ը շարունակում է իր հետազոտական աշխատանքը՝ ստեղծելով նոր բովանդակություն և գիտելիք, որը կգտնի իր ընթերցողին փառատոններում, համաժողովներում և, իհարկե հանրային գրադարաններում։