Օրերս լույս տեսավ «ZINEադադար» նախագծի երրորդ՝ «Անհանգիստ ճամպրուկ» զին-գրքույկը, որն անդրադառնում է պատերազմների և զինված հակամարտությունների համատեքստում տեղահանությանը, տեղի հետ կապվածության և խարսխված հիշողության խզման անչափ նուրբ և զգայուն խնդրին։
«Անհանգիստ ճամպրուկ» զինը լույս է տեսնում շատ բարդ և դժվարին ժամանակահատվածում, երբ Արցախը/Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ է և առերեսվում է հումանիտար աղետի։ Գրեթե ամեն օր մենք տեսնում ենք, թե ինչպես են Լաչինի միջանցքով մարդիկ փորձում գալ Հայաստան՝ չիմանալով անգամ՝ կկարողանա՞ն ապահով հատել միջանցքը, կհասնեն տեղ, թե ոչ, կկարողանա՞ն երբևէ վերադառնալ իրենց տուն, կհարմարվե՞ն նոր իրականությանը, պետությունը հավուր պատշաճի կարձագանքի՞ իրենց կարիքներին և կտրամադրի՞ արդյոք համապատասխան աջակցությունը։ Հայաստանյան ծանր իրողություններին զուգընթաց՝ տարածաշրջանի տարբեր կետերում իրավիճակը նույնպես լարված է մնում․ ամեն օր պատերազմների, զինված հակամարտությունների և քաղաքական բռնաճնշումների պատճառով բազմաթիվ մարդիկ բախվում են տեղահանության տրավմատիկ փորձառությանը։
«ZINEադադար» շարքի երրորդ զինը լայն աշխարհագրությամբ ներկայացնում է տարածաշրջանի տարբեր լարված կետերում ապրող և տարաբնույթ հակամարտությունների պատճառով տեղահանված կանանց անչափ զգայուն և անձնական պատմությունները՝ ընգրկելով Հայաստանը, Արցախը, Ուկրաինան, Աբխազիան և Բելառուսը։ Զինի նպատակն է վեր հանել այն խնդիրներն ու մարտահրավերները որոնք ստիպած են հաղթահարել տեղահանված մարդիկ։ Խորքային հարցազրույցների հավաքագրման և փորձագիտական վերլուծության միջոցով «Անհանգիստ ճամպրուկ» զինը անդրադառնում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են՝ սոցիալական կյանքի փլուզումը, տեղի հետ կապվածության խզումը, տեղի հիշողության մոռացությունը, նոր միջավայրում ինտեգրման և նոր կյանքի հաստատման բարդությունները և այլն։
«Անհանգիստ ճամպրուկ» զինը պատմում է հինգ կանանց մասին, ովքեր, կիսելով իրենց զգայական պատումները, տագնապները և վախերը, արտացոլում են տեղահանության ծանր փորձառությունը։
Արևելագետ Շուշան Կյուրեղյանը, ով Ղարաբաղյան երկրորդ պատերազմի պատճառով տեղահանվել է Բերձոր/Լաչին քաղաքից, պատմում է պատերազմին հաջորդող անորոշության, սեփական կարգավիճակի, ինքնության և հիշողության ճգնաժամի մասին։ Շուշանն ընդգծում է, թե որքան խարսխված է իր ինքնությունն այն միջավայրին որտեղ մեծացել է, և որ տեղի հետ իր կապվածությունը չընդհատելու, հիշողությունը մոռացության չմատնելու համար ստիպված է վերակառուցել հիշողության տարածությունը լուսանկարների, տեսահոլովակների և իրերի միջոցով, որոնցում ամփոփված են իր մանկությունը, տունը ու քաղաքը։
Ուկրաինացի Կրիստինա Չերնենկոն կիսում է իր կրկնակի տեղահանման փորձառությունը. նախ 2014 թվականին Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման պատճառով տեղափոխությունը Լուգանսկից, իսկ արդեն2022 թվականին կրկին ռուսական ներխուժման պատճառով տեղահանությունը Կիևից, որտեղ դժվարությամբ կարողացել էր հաստատվել և կյանք կառուցել։ Կրիստինան ներկայացնում է ընթացող պատերազմին զուգահեռ ապրելու բարդությունները, կիսվում է կյանքի փխրուն կայունությունը կորցնելու վախերի և մտահոգությունների մասին։
Աբխազիայի Գալի քաղաքից Լելա Ջոբավան պատմում է Վրաստանի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով իր տան անհասանելիության, այն պատնեշների և փշալարերի մասին՝ որոնք ինքը ստիպված էր հաղթահարել Գալի հասնելու համար։ Լելան նաև ընդգծում է պատերազմին հաջորդող ժամանակաշրջանում հակավրացական խտրական վերաբերմունքը, ռազմականացման մթնոլորտը, Աբխազիայում ռուս խաղաղապահների ներկայությամբ պայմանավորված՝ անարդարությամբ լեցուն իրականությունը․ հանգամանքներ, որոնք ի վերջո Գալին լքելու պատճառ դարձան։
Ղարաբաղյան երկրորդ պատերազմի պատճառով Թաղավարդի իր տունը կորցրած արցախցի Սուսաննան խոսում է գյուղը լքելու, համայնքից կտրվելու, Երևան և հետագայում Ստեփանակերտ տեղահանվելու մասին, որտեղ, Ժենգյալով հաց թխելով, փորձում էր հաղթահարել պատերազմի տրավման և սոցիալական խնդիրները։ Սուսաննան անդրադառնում է նաև պետության կողմից տեղահանված անձանց տրամադրվող թերի աջակցության և իրավիճակին պատշաճ արձագանքելու անպատրաստության մասին։ Քաղաքական բռնաճնշումների ներքո Բելառուսը լքած և Կիևում հաստատված Նադզիան ներկայացնում է նախ քաղաքական հայացնքների պատճառով Բելառուսը լքելու և հետագայում ռուսական ագրեսիայի արդյունքում Կիևը ստիպված թողնելու իր դժվարին փորձառությունը։ «Անհանգիստ ճամպրուկ» զինում, հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում տների փոխանակման և բազմաքայլ միգրացիայի թեմային անդրադառնալով, տեղահանության խնդիրը վերլուծում է մշակութային մարդաբան էվիյա հովհաննիսյանը։ Էվիյան ներկայացնում է բազմաքայլ միգրացիայի գործընթացը և դրա արդյունքում տեղահանված անձանց և վերաբնակիչների բարդ ինքնության ձևավորման խնդիրը։
«ZINEադադար» զիների շարքի բոլոր հրատարակումները ուղեկցվում են թեմատիկ նկարազարդումներով և պաստառներով, և, իհարկե, բացառություն չէ «Անհանգիստ ճամպրուկ» զինը, որի պատկերազարդումները հեղինակել է արվեստագետ Աննա Հակոբյանը։ Ինքնատիպ վիզուալ լեզվի միջոցով, ասես հավաքելով հիշողության բեկորները, Աննան կերպավորել է զինում ընդգրկված պատումները և նրբորեն փոխանցել տեղահանված կանանց ապրումները և հույզերը։
«Անհանգիստ ճամպրուկ» զինը ամբողջացնում է տեղահանության բախված կանանց զգայական փորձառությունը։ Այս պատումները գալիս են աշխարհի տարբեր անկյուններից, բխում են տարբեր հակամարտություններից, սակայն ընդգծում են պատերազմների հետևանքների ընդհանրություները և պատերազմ աղետի համամարդկային բնույթը՝ միաժամանակ հաստատելով խաղաղաշինության և խաղաղության խոսույթի տարածման անհրաժեշտությունը։