ԿԱՊՈՒՅՏ ԱՐԽԻՎՆԵՐ

Ճարտարապետական և ուրբանիստական հետազոտությունների, լուսանկարչական արխիվների, բանավոր պատմությունների, քարտեզագրական նյութերի և ժամանակակից արվեստի գործերի միավորմամբ՝ CSN Lab-ը մեկնարկեց «Կապույտ արխիվներ» ցուցադրությունը։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի գլխավոր սրահում փետրվարի 12-ի բացման միջոցառմանը ներկա գտնվեցին հարյուրավոր հյուրեր, այդ թվում՝ CSN Lab-ի թիմի անդամները, Կանադայի փոխդեսպան Աարոն Կոնը և ԳԱԹ-ի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը։

«Կապույտ արխիվներ» նախագիծը նվիրված է Երևանի ջրային ժառանգությանը և վերջին տասնամյակներում անհետացած կամ մոռացության մատնված ջրային ճարտարապետությունների հիշողությանը։ Տաղավարի հեղինակները՝ Արսեն Աբրահամյանը և Տիգրան Ամիրյանը, արտ տնօրեն Հարություն Թումաղյանի աջակցությամբ, համադրել են տաղավար՝ բաղկացած վեց հետազոտական և արվեստային նախագծերից, որոնք արդյունքն են ջրի հիշողության և քաղաքային տարածությունում ջրային մարմինների փոխակերպումների շուրջ երկար տարիների աշխատանքի։ «Կապույտ արխիվները» Հայաստանում առաջին լայնածավալ միջդիսցիպլինար նախաձեռնությունն է, որը ջրային գոտիներն ու ջրային ժառանգությունը դիտարկում է թե՛ որպես քաղաքային միջավայրի և էկոլոգիայի, թե՛ քաղաքի մշակութային հիշողության կարևոր բաղադրիչ։

Նախագծի իրականացման գործընթացում CSN Lab-ի թիմին միացան երիտասարդ ճարտարապետներ Թամարա Խուրշուդյանը և Ինեսա Սահակյանը՝ Դավիթ Երեմյանի առաջնորդությամբ։ Արխիվային հետազոտությունները իրականացրել է Լաբորատորիայի հետազոտական թիմը, իսկ նախագծի գործընկերները՝ Oral History Matters (OHM) նախաձեռնությունը՝ Հուրիկ Ադարեանի ղեկավարությամբ, հավաքել և վերլուծել են քաղաքի ջրային տարածքների մասին տեղի համայնքների բանավոր պատմությունները։

Տաղավարը կառուցված է որպես կոնցեպտուալ գլուխների շարք․ ջուրը՝ որպես ընդհանուր մարմին, որը միավորում է տարածաշրջանի հանրույթներն ու երկրները, ջուրը՝ որպես հաղորդակցության հոսք, որը միավորում է տարբեր տարածքներն ու համայնքները, ջուրը՝ որպես կուտակման վայր, որը մեկտեղում է մեր միջավայրային փորձառությունն ու հիշողությունը, և ջուրը՝ որպես փոխանակման տարածություն, որը մասնակցում է անհատների ու համայնքների առօրեական կյանքին և պրակտիկաներին՝ սոցիալական փոխգործակցություն ապահովող փոքր ճարտարապետական ձևերի՝ շատրվանների, լողավազանների, բաղնիքների միջոցով։

«Կապույտ արխիվները» նաև միջավայրային հիմնահարցերի շուրջ խոսում է գրական գործերի և մշակութային հիշողության միջոցով։ Ցուցադրությունը ներառում է նաև գրական գործերի ինստալյացիա, որոնք արտացոլում են Երևանի քաղաքային լանդշաֆտի փոխակերպումները և դրանց շուրջ ձևավորված մշակութային հիշողությունը քաղաքի զարգացման տարբեր շրջափուլերում։ Ինստալյացիան հյուսված է Արամ Պաչյանի, Աղասի Այվազյանի, Աքսել Բակունցի և Մկրտիչ Արմենի արձակ ստեղծագործությունների շուրջ։

«Կապույտ արխիվներում» առանձին բաժին է կազմում «Իջիր ջրի հատակը» ցուցադրությունը՝ բաղկացած հինգ ժամանակակից հայ արվեստագետների աշխատանքներից՝ Արմինե Շահբազյանի, Աննա Հակոբյանի, Դավիթ Քոչունցի, լուսինե թալալյանի և Հար Թումի վիզուալ արվեստի գործերից։ Ցուցադրության գործերը այսօրվա դիտանկյունից վերլուծում են ջրային մարմինների վիզուալ արխիվները և անձնական հիշողությունների միջոցով մտորում միջավայրում և առօրյայում ջրի բազմակի դերերի մասին։ Ցուցադրությունը շեշտադրում է նաև ջրային տարածքներին առնչվող գենդերային հիմնահարցերն ու փիլիսոփայությունը, մասնավորապես՝ CSN Lab-ի հետազոտող Նանոր Հովհաննիսյանի հեղինակած Mamour նախագծի միջոցով, որը Հայաստանում առաջին հիդրոֆեմինիստական նախագիծն է։

Ցուցադրությունը եզրափակվում է «Ջրի իրավունքը» վիդեոինստալյացիայով, որը ջուրը դիտարկում է որպես էկոլոգիական միջավայրի, մշակութային ժառանգության և առօրյա կյանքի առանցքային տարր։ Միաժամանակ աշխատանքը առաջարկում է ջրին նայել ոչ միայն որպես ռեսուրսի կամ օբյեկտի, այլ նաև որպես սուբյեկտի՝ բնության իրավունքի և ժամանակակից էկոլոգիական քննարկումների համատեքստում։

Տաղավարը ներառում է մեծածավալ տեսողական նյութերի վերլուծություն՝ լուսանկարներ և փաստաթղթեր տարբեր արխիվներից, այդ թվում՝ Հայաստանի ազգային արխիվից և Երևանի պատմության թանգարանի արխիվից։ Բացի այդ, տաղավարում ներկայացված են Մարի Չաքերյանի, Տիգրան Ամիրյանի և Արսեն Աբրահամյանի վերլուծական տեսանյութերը, որոնք մշակվել են Բուն TV-ի հետ համագործակցությամբ։

Ցուցադրությունը CSN Lab-ի ավելի լայն հետազոտական և արվեստային նախագծի մաս է, որը մարտին կներկայացվի Գերմանիայում՝ Լայպցիգի գրքի փառատոնի շրջանակում։ 2026 թվականի վերջում նախատեսվում է նաև «Կապույտ Երևան» լայնածավալ հետազոտական աշխատության հրատարակությունը, իսկ նախագծի թիմը մտադիր է այն ներկայացնել միջազգային փառատոններում և բիենալեներում։

«Կապույտ արխիվները» CSN Lab-ի երկարամյա միջդիսցիպլինար աշխատանքի մաս են։ Ցուցադրությունն իրականացվել է Հայաստանում Կանադայի դեսպանության (CFLI ծրագիր), ինչպես նաև Հայնրիխ Բյոլ հիմնադրամի երևանյան գրասենյակի աջակցությամբ։ Տաղավարում ներկայացված են նաև բաղադրիչներ, որոնք ստեղծվել են Goethe-Institut-ի, Դանիական մշակույթի ինստիտուտի, Հայաստանի Կանանց հիմնադրամի և Բուն TV-ի աջակցությամբ։