COP17-ի Կապույտ գոտու ծրագրին զուգընթաց՝ CSN Lab-ը Կանաչ գոտում միջազգային և միջսերնդային լսարանին ներկայացրեց «Կապույտ Երևան» արտ-դոկ ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի ջրային ժառանգությանը։ Արխիվային լուսանկարներից ու քարտեզներից մինչև բանավոր պատմություններ, գեղարվեստական միջամտություններ և անհետացող ջրային ենթակառուցվածքների ուսումնասիրություն՝ տաղավարն այցելուներին հրավիրում էր ոչ միայն հայացք նետելու քաղաքի անցյալին, այլև քայլելու նրա ջրային հիշողության տարբեր շերտերով։
Երևանում՝ Գրականության և արվեստի թանգարանում առաջին անգամ ներկայացվելուց, ապա Լայպցիգում ցուցադրվելուց հետո «Կապույտ Երևանը» նորովի է ներկայանում COP17-ի Կանաչ գոտում։ Յուրաքանչյուր նոր միջավայրում «Կապույտ Երևանը» հանդիպում է տարբեր համայնքների՝ նոր հնարավորություններ բացելով քաղաքի ջրային հիշողության շուրջ երկխոսության համար։ COP17-ում նախագիծը տեղափոխվում է առանձնահատուկ համատեքստ, որտեղ երկխոսում է աշխարհի տարբեր անկյուններից ժամանած այցելուների, նրանց հիշողությունների ու փորձառությունների հետ։

Կանաչ գոտու տեսողական բազմազանության մեջ տաղավարն իր ուրույն տարածքն է ձևավորում կապույտի, սպիտակի և սևի զուսպ համադրությամբ։ Այցելուները կանգ են առնում արխիվային պատկերների առաջ, ճանաչում ծանոթ վայրերը, հարցնում այլևս չերևացող գետերի ու լճերի մասին, կիսվում սեփական հիշողության պատառիկներով և զրույցի բռնվում CSN Lab-ի թիմի հետ։ Այսպիսով, ցուցահանդեսը դառնում է ավելին, քան հետազոտության ներկայացում․ այն վերածվում է տարածքի, որտեղ հիշողությունը հավաքականորեն է հետագծվում։
Այս հանդիպումներն առանձնակի նշանակություն ունեն նախագծի համար, որի ուշադրության կենտրոնում հենց մեր աչքի առաջ շարունակաբար փոփոխվող լանդշաֆտներն են։ «Կապույտ Երևանն» անդրադառնում է գետերին, լճերին ու ջրամբարներին, շատրվաններին, լողավազաններին և ջրային ենթակառուցվածքներին, որոնց վերափոխումը, քայքայումն ու անհետացումը աստիճանաբար փոխել են ինչպես Երևանի էկոլոգիական միջավայրը, այնպես էլ քաղաքի առօրյա սոցիալական լանդշաֆտը։ Այս իմաստով՝ արխիվը միայն դեպի անցյալ չի նայում։ Այն արձանագրում է դեռևս անավարտ մի փոխակերպում և հայացք է տալիս տեսնելու այն, ինչն աննկատ կերպով շարունակում է անհետանալ մեր միջավայրից։

Հենց այստեղ է, թերևս, որ միջազգային և միջսերնդային համատեքստում ներկայացվող ցուցահանդեսը մեկ այլ արդիականություն է ձեռք բերում։ COP17-ում «Կապույտ Երևանը» տարածք է բացում մի ընդհանուր հարցի համար․ ի՞նչ է մնում քաղաքի և ջրի հարաբերությունից, երբ նրա կապույտ տարածքները սկսում են անհետանալ առօրյա կյանքից։ Սոցիալական և մշակութային հիշողության միջոցով այն հնարավորություն է բացում քաղաքն այլ կերպ պատկերացնելու։ Հետագծել այն, ինչ կորցրել է Երևանը, նշանակում է նաև հարցադրել․ ի՞նչ է դեռ հնարավոր պահպանել, վերականգնել կամ վերապատկերացնել։ Այս երկխոսության միջոցով ուրվագծվող քաղաքը, հետևաբար, ո՛չ միայն անցյալի քաղաքն է, ո՛չ էլ միայն ներկայինը։ Այն քաղաք է, որի ջրային հիշողությունը դեռ կարող է դառնալ ապագայի մի մասը։
«Կապույտ Երևան» ցուցահանդեսն իրականացվել է CSN Lab-ի կողմից՝ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի, Դանիական մշակույթի ինստիտուտի և Գյոթե ինստիտուտ Հայաստանի աջակցությամբ։ Այն ներառում է հետազոտական և արխիվային նյութեր՝ մշակված Կանանց հիմնադրամ Հայաստանի, «Բուն TV»-ի, Երևանի պատմության թանգարանի, Հայաստանի ազգային արխիվի և «Հին Երևան» թվային արխիվի հետ համագործակցությամբ։