Ի՞նչ է տեղի ունենում քաղաքի հետ, երբ ջուրն անհետանում է ոչ միայն նրա լանդշաֆտից, այլև հիշողությունից։
COP17-ի պաշտոնական ծրագրի շրջանակում CSN Lab-ի «Կապույտ Երևան» միջգիտակարգային հետազոտական նախագիծն այս հարցը բերում է կենսաբազմազանության շուրջ միջազգային խոսույթի դաշտ։ Տարիների հետազոտության արդյունքում ձևավորված նախագիծն ուսումնասիրում է Երևանի ջրային գոտիների և ենթակառուցվածքների փոխակերպումները՝ փակված գետերից մինչև անհետացած կամ վերափոխված արհեստական լճեր ու հանրային լողավազաններ, շատրվաններ, աղբյուրներ, ջրամբարներ և ջրային այլ ենթակառուցվածքներ, որոնք ձևավորում են ինչպես քաղաքի էկոլոգիան, այնպես էլ բնակիչների առօրյա կյանքը։

COP17-ի Կապույտ գոտում «Կապույտ Երևանն» առաջարկեց կենսաբազմազանության շուրջ խորհել միջավայրային մարդաբանության և մշակույթի միջոցով։ Այս դիտանկյունը հնարավորություն տվեց ջրի շուրջ խոսել ոչ միայն որպես բնական ռեսուրսի, այլև որպես գործորդի, որն ակտիվորեն ձևավորում է շրջակա միջավայրն ու համայնքային կյանքը, սոցիալական ու մշակութային հիշողությունը և հասնում ընդհուպ մինչև տարածաստեղծման քաղաքականություն։
«Կապույտ Երևանը», համադրելով միջավայրային հետազոտությունը, ճարտարապետական և ուրբանիստական ուսումնասիրությունները, մարդաբանությունը, հիշողության ուսումնասիրությունները և բանավոր պատմությունը, հնարավորություն և հայացք է տալիս տեսնելու Երևանի ջրային պատումների տարբեր շերտերը, ընթերցելու ջրի, քաղաքի ու դրա բնակիչների միջև ձևավորված հարաբերությունները։

Նախագծի ներկայացումը մեկ հարթակում միավորեց հեղինակներ Տիգրան Ամիրյանին (CSN Lab), Արսեն Աբրահամյանին (CSN Lab), Հուրիկ Ադդարեանին (OHM), մոդերատոր Սոնյա Շիֆերսին (Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակ) և միջազգային լսարանին՝ հնարավորություն ստեղծելով ներկայացնելու նախագծի տարբեր հետազոտական ուղղությունները և դրանք քննարկելու կենսաբազմազանության, քաղաքային միջավայրի և ջրի քաղաքականության ավելի լայն համատեքստում։
Տիգրան Ամիրյանը մեկնարկեց զրույցը՝ ներկայացնելով նախագծի մեթոդաբանական շրջանակը և ջրային տարածքներն ընթերցելու փոխկապակցված մոտեցումները. գետային ցանցերը՝ որպես հաղորդակցության հոսքեր, լճերն ու ջրամբարները՝ որպես համայնքաստեղծ ջրեր, շատրվաններն ու լողավազանները՝ որպես փոխանակման ընդհանուր ջրեր։ Ներկայացնելով նաև նախագծի անվանման խորհրդանշանակությունը՝ Տիգրան Ամիրյանն ընդգծեց «վարդագույն» կամ «քարե» Երևանն ապագաղութային դիտանկյունից վերընթերցելու անհրաժեշտությունը և այդպիսով քաղաքային տարածությունը, հավաքական պրակտիկաներն ու հիշողությունը վերաիմաստավորելու կարևորությունը։
Շարունակելով Երևանի այս այլընտրանքային և ապագաղութային ընթերցումը՝ Արսեն Աբրահամյանն անդրադարձավ քաղաքի գետային ցանցին, մասնավորապես՝ Հրազդան և Գետառ գետերին՝ հարցադրելով Երևանի՝ առաջին հայացքից ջրառատ քաղաքի պատկերը «վերահսկվող» և «կենդանի» ջրերի տարբերակման միջոցով։ Մինչ խողովակավորված, հունավորված և կարգավորվող ջրերը շարունակում են տեսանելի մնալ և ակտիվորեն ներգրավվում են քաղաքային տարածքի ձևավորման ու ներկայացման քաղաքականություններում, կենդանի գետային համակարգերն աստիճանաբար աղտոտվում և մարգինալացվում են։ Այս հակասությունն ընդգծելով՝ Արսեն Աբրահամյանը խոսեց չկառավարվող ջրերի հետ համակեցության կարևորության մասին, որն առանցքային է ոչ միայն քաղաքային միջավայրի, այլև ժողովրդավարության, ապակենտրոնացման և հորիզոնականության հիմնահարցերի համատեքստում։
Քննարկմանը բանավոր պատմության դիտանկյուն բերելով՝ Հուրիկ Ադդարեանը կենտրոնացավ ջրի շուրջ տարբեր փորձառությունների ու ձայների, համայնքային պրակտիկաների ու գիտելիքի վրա։ Հետազոտության շրջանակում Երևանի տարբեր համայնքների հետ իրականացված խորքային հարցազրույցների և հավաքված բանավոր պատմությունների միջոցով Հուրիկ Ադդարեանը վեր հանեց, թե որքան տարբեր են ջրային մարմինների շուրջ պաշտոնական պատումները և հանրային հիշողությունները, և որ բանավոր պատմությունը բացահայտում է այն շերտերը, որոնք հնարավոր չէ հասկանալ միայն քարտեզագրումների, քաղաքաշինական փաստաթղթերի կամ վիճակագրությունների միջոցով։
Բանախոսությունները բացեցին լայն քննարկման տարածք լսարանի հետ։ Նախագծի ներկայացումը դարձավ կենսաբազմազանության, քաղաքային պլանավորման, հիշողության և ջրի քաղաքականության շուրջ մտորելու տարածք՝ հարստացնելով CSN Lab-ի՝ միջավայրային և տարածական արդարության, ինչպես նաև բնության և ջրի իրավունքների շուրջ աշխատանքը։

Հետազոտական և մշակութային գործունեության միջոցով CSN Lab-ը նպատակ ունի այս հարցերը շարունակաբար առաջ բերել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մշակութային խոսույթներում, ակադեմիական քննարկումներում ու քաղաքական երկխոսության հարթակներում՝ նպաստելով բնության և, մասնավորապես, ջրային մարմինների իրավունքների ճանաչմանը, դրանց՝ որպես փոխկապակցված կենդանի էկոլոգիական համակարգերի ընկալմանը, որոնց ամբողջականությունն ու շարունակականությունը պաշտպանության կարիք ունեն։
«Կապույտ Երևան» նախագիծն իրականացվել է «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա» հասարակական կազմակերպության և Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի համագործակցությամբ։ Նախագծի բովանդակության համար պատասխանատու է «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա» հասարակական կազմակերպությունը, և այն որևէ կերպ չի կարող ընկալվել որպես Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետ։
լուսանկարները` Դանիիլ Պրիմակ