Անհագիստ շնչառությունների զուգահեռներ

Հոկտեմբերի 25-ին Ջոտտոյի թանգարանում տեղի ունեցավ «Շնչադարձեր» ցուցահանդեսի բացումը, որի գաղափարը ձևավորվել է CSN Lab-ի «Արվեստ հանուն տարածաշրջանային երկխոսության» նախագծի շրջանակներում։ Հայ-վրացական ժամանակակից արվեստի միջոցառումը միավորում էր ութ արվեստագետների՝ խորհելու տարածաշրջանի վերջին տարիների տագնապալի իրադարձությունների շուրջ։

Ցուցահանդեսի բացմանը հաջորդեց արվեստագետների և համադրողների մասնակցությամբ բաց քննարկում տարածաշրջանում մշակութային դաշտի մարտահրավերների և երկխոսական ծրագրերի զարգացման շուրջ։ 

Թանգարանի Դիանա Ուկլեբայի անվան սրահում, CSN Lab-ի կողմից  նախաձեռնված միջոցառումն առաջինը չէր, և, ինչպես նախորդները, ուներ առաքելություն ընդգծելու թանգարանի հիմնավոր դերը, որպես հայ-վրացական երկխոսության եզակի տարածք։ Ցուցահանդեսը ևս մեկ քայլով նպաստեց այս երկխոսության ամրապնդմանը՝ վերածելով Ջոտտոյի թանգարանը ավելի լայն տարածաշրջանային քննարկումների հարթակի:

Ցուցահանդեսի համադրողները՝ Լալի Պերտենավան և Տիգրան Ամիրյանը, իրենց բացման խոսքում անդրադարձան տարածաշրջանում ընթացող քաղաքական զարգացումների հետևանքով ձևավորված անհանգստություններին՝ ընդգծելով մշակութային երկխոսության շարունակականության կարիքն ու դրա կարևոր դերը։ 

Անհանգստության այս փոխաբերությունը հատկապես շեշտվում է նախագծի խորագրում, ինչի հիմքում Պաուլ Ցելանի «Շնչադարձեր» կամ «Atemwende» բանաստեղծական ժողովածուն է։ Այս հուզական վիճակը զուգահեռվում է տարածաշրջանային իրողություններին և մարտահրավերներին, որոնք արտահայտված են թե՛ համադրողական տեքստում, թե՛ արվեստագետների աշխատանքներում։ Արվեստի գործերը ներկայացնում են միգրացիայի և տեղահանության հետևանքները, սահմանների և մեկուսացման խնդիրները, հետտրավմատիկ հիշողությունները և ներկայիս աշխարհաքաղաքական լարվածությունը: 

Միջոցառման ընթացքում համադրողները անդրադարձան նաև Վրաստանում շարունակվող բռնաճնշումներին և բախումներին՝ մեջբերելով Պաուլ Ցելանի թարգմանիչ Զվիադ Ռատիանիին, ով վերջերս իր քաղաքական ակտիվիզմի պատճառով դատապարտվեց և կալանավորվեց 2 տարով։ CSN Lab-ի համար մշտապես առանցքային է արվեստի և իրավունքի խաչմերուկումը, և այս նախագիծը ևս դարձավ հարթակ՝ բարձրաձայնելու տարածաշրջանում մարդու իրավունքների խախտումներն ու սրվող վտանգները։

Ութ արվեստագետների՝ Դավիթ Գրիգորյանի, Հասմիկ Թանգյանի, լուսինե թալալյանի, Մարիամ Ակուբարդիայի, Նինո Զիրակաշվիլիի, Նարեկ Բարսեղյանի, Ռուբինա Մարկոսեանի և Միշիկո Սուլակաուրիի աշխատանքերը երկխոսում էին տարբեր ձևաչափերով՝ ինստալյացիայից մինչև գեղանկար, վիդիո և տեքստիլ արվեստից, մինչև լուսանկար և կոլաժ։
Շարունակելով միավորել արվեստագետներին և խթանելով կապը նույնիսկ մարտահրավերներով լի քաղաքական սահմանների և սահմանափակումների առկայությամբ՝ CSN Lab-ը  հավատարիմ է մնում այն սկզբունքին, որ մշակութային երկխոսությունը տարածաշրջանային զարգացման կարևոր ուղիներից է և շարունակում է իր գործունեությունը նվիրված այդ կենսական փոխհարաբերության ամրապնդմանը:

ՇՆՉԱԴԱՐՁԵՐ

հայ-վրացական խմբային ցուցահանդես