CSN Lab-ի ամենամյա այլընտրանքային «Բարդ անցյալի դպրոցի», 2023 թվականի ծրագրի առանցքում գաղութատիրության և նեո-գաղութատիրության շարունակական ազդեցություններն են մշակութային, սոցիալական կյանքի վրա։ ԲԱԴ 2023-ը ներառել է մի շարք նախաձեռնություններ, այդ թվում՝ ինտենսիվ երկխոսության ծրագիրը, ձմեռային դպրոցը, «Բացիկներ բարդ անցյալից» ցուցահանդեսը և «Ապագաղութացման բառարան» արշավը։ Այս ներառական բաղադրիչներիմիջոցով նախագիծը խթանել է խորքային քննարկումներ և նպաստել Հայաստանյան հասարակությունում գաղութային անցյալի ազդեցությունների և հետևանքների վերաբերյալ խոսույթի զարգացմանը։
Գաղութացված անցյալը մինչ օրս շարունակում է անհայտ ու չքննարկված լինել հանրության լայն շրջանակներում։ Բարդ անցյալի ազդեցությանն առնչվող հարցերի շուրջ լռությունը մի կողմից խոչընդոտում է տեսնել արդի իրողություններից շատերի պատճառահետևանքային կապերը և ամբողջական պատկերը, մյուս կողմից՝ հարուցում նորանոր մտահոգություններ և խնդիրներ։ Հաճախ թվում է, թե գաղութատիրությունը և/կամ նեոգաղութատիրությունը բացառապես քաղաքական և տնտեսական երևույթներ են, ռեսուրսների յուրացմանը, ենթարկմանն ու շահագործմանը վերաբերող դիսկուրսներ։ Այդուհանդերձ, գաղութային անցյալը խորապես դրոշմված է հասարակության մշակութային և սոցիալական հիշողության մեջ։ Գաղութացված անցյալի լեզուն հաճախ տասնամյակներ շարունակ չի դառնում մտորումների և ռեֆլեքսիայի առարկա՝ այդպիսով դաջվելով և դառնալով ներքին գաղութացման և/կամ ինքնագաղութացման հիմք։ Մեր անցյալը մեզ երևակվում է ուրիշի ոսպնյակի և պրզիմայի միջով։ Սեփական անցյալի ընկալումը մեզ տրվում է այնպիսի գիտելիքի, արխիվների և պատկերների միջոցով, որոնք ձևավորվել են մեզ դիտարկելու իբրև օբյեկտի, այլ ոչ գործող սուբյեկտի։ Ցավոք ստիպված ենք փաստել, որ մեր մշակույթի նման էկզոտիզացումը և յուրացումը բնորոշ է ոչ միայն պատմական անցյալին, այլև՝ մեր ներկայիս առօրեական և մշակութային կյանքին։
Նմանօրինակ հարցերը հիմնականում դուրս են արվեստագետների, մշակութային գործիչների, ինչպես նաև կրթական և հասարակական այլ հաստատությունների հետազոտական հետաքրքրությունների շրջանակից։ Արդյունքում չեն տրվում սահմանումներ, գնահատականներ և որակումներ, ինչը գրեթե անհնար է դարձնում անցյալը, ներկան և ապագայի հնարավոր նարատիվները հասկանալու փորձերը։ Գաղութային անցյալի շուրջ դիսկուրսի ձևավորման անհրաժեշտությունն էլ ավելի է խստացել վերջին տարիներին տարածաշրջանում սրված պատերազմական գործողությունների և ակտիվ միգրացիոն հոսքերի համատեքստում։
Որպես այլընտրանքային կրթական նախաձեռություն՝ 2023 թվականի «Բարդ Անցյալի Դպրոց»-ի նպատակն էր վեր հանել և հանրային խոսույթ բերել գաղութացման հիմնահարցերը՝ բարդ անցյալն առավել թափանցիկ դարձնելով իրազեկել նեոգաղութացման մարտահրավերների մասին՝ չորս այլընտրանքային կրթության ձևաչափերի միջոցով։
Երկխոսելով նեոգաղութացման շուրջ (քննարկումներ)
ԲԱԴ-ի ինտենսիվ երկխոսական ծրագրի երեք օրերը լի էին հետաքրքիր դասախոսություններով, հարցերով և քննարկումներով։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու այնպիսի թեմաների, ինչպիսիք են գաղութատիրությունը և մշակութային դիմադրությունը, գաղութացված ճարտարապետությունը և քաղաքային տարածությունը, ֆեմինիստական արվեստի միջոցով գաղութատիրության դեմ պայքարը, ներքին գաղութատիրությունը և այլն։ Ներկայացված հիմնահարցերի և գիտելիքի հենքով մասնակիցները երկխոսեցին հակամարտողների դիրքերից՝ իբրև գաղութացնողներ և գաղութացվողներ՝ անդրադառնալով անցյալի խնդիրներին և բարձրաձայնելով ներկայի մարտահրավերները։
Բացահայտելով գաղութային անցյալը (ձմեռային դպրոց)
ԲԱԴ 2023-ի երկշաբաթյա ձմեռային դպրոցը հնարավորություն էր առավել խորքային անդրադարձ կատարելու բարդ անցյալին և գաղութացմանը։ Հրավիրված բանախոսները տարաբնույթ տեսանկյուններից անդրադարձան կոլոնիալիզմին առնչվող թեմաներին՝ բացահայտելով գաղութացման ազդեցությունը մշակույթի, ճարտարապետության, քաղաքային միջավայրի, լեզվի, գրականության, գիտության և կրթության կազմակերպման վրա։ Ծրագրի մասնակիցները նաև հարթակ ունեցան հրավիրված դասախոսների հետ առավել խորքային քննարկումներ ունենալու, ինչի շնորհիվ ձևավորեցին գաղութացման և նեոգաղութացման մասին առավել ընդգրկուն և համապարփակ ընկալում։
Պատկերելով բարդ անցյալը (ցուցահանդես)
«Բացիկներ Բարդ Անցյալից» ցուցադրությունը ժամանակակից հայ արվետագետների համար ստեղծված հարթակ էր, որտեղ նրանք փոստային բացիկների ձևաչափում անդրադաձան բարդ անցյալին և փոխանցեցին գաղութացման զգայական ընկալումը։
Փոստային բացիկները գաղութային պատկեր և ընկալում ստեղծելու ամենատարածված միջոցներից են, որոնք տարածությունը, ժամանակը, մարմինները և առօրյա պրակտիկաները ենթարկում են իրականության գաղութային կարծրատիպացման և տարածում դրանք՝ կնրկնօրինակելով և ամրապնդելով գաղութային խոսույթները։ Սա է պատճառը, որ ներթափանցելով բացիկներ ժանրային տարածություն ժամանակակից հայ արվեստագետները բարձրացրին գաղութային անցյալին ու դրա արդի մարտահրավերներին առչվող հիմնահարցեր։ Նրանք վերաիմաստավորեցին բարդ անցյալը ֆեմինիստական ուղերձի, ճարտարապետական ու քաղաքային տարածություններիի քննադատության, մեդիա դիսկուրսի քննադատության և այլ տեսանկյուններից։
Ապագաղութացնելով հանրային տարածքները (տեղեկատվական արշավ)
«Ապագաղութացման բառարան» տեղեկատվական արշավը ԲԱԴ-ծրագրի վերջին, եզրափակիչ փուլն էր, որի շրջանակներում մեդիա հրապարակումների և քաղաքային տարածությունում միջամտությունների ճանապարհովանդրադարձ կատարվեց (նեո)գաղութատիրության խորքային և ոչ ակնհայտ ազդեցություններին ու հետևանքներին՝ մատուցելով դրանք հանրության լայն շրջանակների համար առավել հասանելի և ընկալելի ձևաչափով։ Հայերեն ու անգլերեն հրապարակումներից և պաստառներից յուրաքանչյուրը «ապագաղութացրու քեզ» կարգախոսի ներքո ներկայացնում է գաղութացման ազդեցությանը մարմնի, լեզվի, քաղաքի, հիշողության և բնության վրա։
«Բարդ անցյալի դպրոց 2023»-ը իրականացրել է Պրահայի Քաղացիական Հասարակության Կենտրոնի աջակցությամբ