Oրեր առաջ տեղի ունեցավ «Գետառ․ գետի հիշողությունը» գրքի շնորհանդեսը։ Միջոցառումը հնարավորություն էր` ներկայացնելու մեր միջգիտակարգային և ընդգրկուն հետազոտական աշխատանքի արդյունքը և Գետառի ու գետի հիշողության շուրջ ևս մեկ անգամ քննարկում ծավալելու։
Միջոցառումը սկսվեց գրքի գլխավոր խմբագիր Տիգրան Ամիրյանի խոսքով, ով պատմեց նախագծի գաղափարի ծագման, թեմայի արդիականության, գրքի միջդիսցիպլինար և ընդգրկուն բնույթի մասին։ Բացման խոսքին հաջորդեց պանելային քննարկումը, որին մասնակցում էին գրքի մյուս հեղինակները։ Ճարտարապետ Հարություն Թումաղյանը խոսեց Երևանի քաղաքային լանդշաֆտում Գետառի ուրբանիստական առանձնահատկությունների, ինչպես նաև նախագծի ընթացքում գետի քարտեզագրման և պատկերավորման շուրջ։ Էկոլրագրող Մարի Չաքրյանը ներկայացրեց Գետառի էկոլոգիական նշանակությունը, գետի ախտոտվածության և անտեսման խնդիրները, ինչպես նաև ընդգծեց գետի ներուժը քաղաքային միջավայրում ռեկրեացիոն գոտի և հանրային տարածք լինելու տեսանկյունից։ Գրող Արամ Պաչյանն անդրադարձավ Գետառի մշակութային դերին և ընթերցեց գրքում ներառված իր «Գետառնոցի» էքսպերիմենտալ տեքստը։ Գրքի թարգմանիչ և գրական խմբագիր Հովհաննես Գալստյանն անդրադարձավ գրքի ստեղծման աշխատանքներին, ինչպես նաև խոսեց գետառի և առհասարակ գետերի հիդրոպոետիկայի մասին։
Պանելային քննարկմանը հաջորդեց հարցուպատասխան, որի շրջանակներում միջոցառման հյուրերը հնարավորություն ունեցան տալ իրենց հուզող հարցերը, ինչպես նաև կիսվեցին Գետառի հետ կապված իրենց հիշողություններով և զգայական փորձառությամբ։ Հեղինակներին տրված հետաքրքրական հարցերը հանդիպումը դարձրին առիթ մեր քաղաքի և ինքնության հարցերի շուրջ խորհելու։
Շնորհակալ ենք միջոցառման բոլոր ներկաներին, ինչպես նաև ՀԲԸՄ-ի մեր գործընկերների՝ մեր միջոցառումը հյուրընկալելու համար։
«Գետառ. գետի հիշողությունը» ծրագիրն իրականացվել է «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա» հասարակական կազմակերպության կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։