«Կանաչ Հայաստանը»՝ COP17-ի Կանաչ գոտում

Ամփոփելով իր մասնակցությունը COP17-ին՝ CSN Lab-ը, EUNIC Հայաստանի և Հայաստանում Եվրոպական միության հետ համատեղ, ներկայացրեց «Կանաչ Հայաստան․ դեպի մշակութային կայունություն» հետազոտությունը, որն ուսումնասիրում է Հայաստանում մշակույթի և միջավայրային կայունության փոխհարաբերությունները։

Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիայի (CSN Lab) իրականացրած հետազոտությունն ուսումնասիրում է, թե Հայաստանի մշակութային և ստեղծագործական ոլորտներն ինչպես են անդրադառնում բնապահպանական հարցերին և ինչպես կարող են նպաստել ավելի լայն էկոլոգիական փոփոխությունների։ Այն ելնում է մի պարզ դրույթից․ Հայաստանի կանաչ անցումն անքակտելիորեն կապված է հասարակության ընկալումների, վարքային փոփոխությունների, անցյալն ընթերցելու և ապագան պատկերացնելու եղանակների հետ։

Հետազոտությունն ընդգրկում է անկախ արվեստագետների, մշակութային գործիչների, պետական և ոչ պետական կազմակերպությունների փորձառությունն ու կայունությանն ուղղված պրակտիկաները։ Այն քարտեզագրում է առկա քայլերը, բացահայտում ձևավորվող մոտեցումները և ուսումնասիրում կառուցվածքային այն խնդիրները, որոնք խոչընդոտում են ոլորտի կայուն զարգացմանը։ «Կանաչ Հայաստանը» նաև առաջարկում է առկա իրավիճակը բարելավելու և ձևավորվող մոտեցումներն ամրապնդելու ուղիներ, որպեսզի այս փորձառությունները դառնան ավելի կայուն մշակութային էկոհամակարգի մաս։

Հետազոտական գրքի շնորհանդեսը ներառում էր ներկայացում և պանելային քննարկում՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Վացլավ Շտերբայի, EUNIC Հայաստանի ներկայացուցիչ Յան-Թագե Քյուլինգի և հրապարակման համահեղինակներ՝ CSN Lab-ից Տիգրան Ամիրյանի ու Արսեն Աբրահամյանի մասնակցությամբ։ Վացլավ Շտերբան բացեց միջոցառումը՝ ընդգծելով բնապահպանական գործողությունների և Հայաստանի կանաչ անցմանն աջակցելու կարևորությունը, իսկ Յան-Թագե Քյուլինգն անդրադարձավ EUNIC Հայաստանի կողմից իրականացվող «Կանաչ Հայաստան» ավելի լայն ծրագրին և ներկայացրեց դրա հիմնական նպատակներն ու առաքելությունը։

Բուն հետազոտական աշխատությունը ներկայացրին համահեղինակներ Արսեն Աբրահամյանը և Տիգրան Ամիրյանը։ Անդրադառնալով հետազոտության մեթոդաբանությանը, ներգրավված թիրախային խմբերին և հիմնական արդյունքներին՝ Արսեն Աբրահամյանը ներկայացրեց Հայաստանի մշակութային և ստեղծագործական ոլորտներում կայունությանն ուղղված առկա մոտեցումները՝ դիտարկելով թե՛ ձևավորվող փորձառությունները, թե՛ դրանց զարգացումը սահմանափակող խնդիրները։ Նա անդրադարձավ նրան, թե մշակութային դաշտի դերակատարներն ինչպես են իրենց աշխատանքում արձագանքում բնապահպանական հարցերին՝ հատկապես ընդգծելով, թե ինչ աջակցություն է անհրաժեշտ այդ ներգրավվածությունն ամրապնդելու համար։

Տիգրան Ամիրյանն անդրադարձավ մշակութային և բնապահպանական ոլորտների համագործակցության հրատապ անհրաժեշտությանը։ Նա ընդգծեց մշակույթի առանցքային դերը Հայաստանի կանաչ անցման գործում՝ ներառյալ հանրային ընկալումներ ձևավորելու, երկխոսություն խթանելու և բնապահպանական մտահոգություններն առօրյա փորձառությունների հետ կապելու ներուժը։ Հիմնվելով հետազոտության արդյունքների վրա՝ նա ներկայացրեց միջոլորտային գործընկերությունների ամրապնդման, կարողությունների զարգացման և մշակութային գործունեության ու քաղաքականության մեջ կայունության սկզբունքների ներառմանն ուղղված առաջարկություններ։ Նա ընդգծեց նախնական հետազոտության դերը՝ որպես Հայաստանում հետագա ուսումնասիրությունների, երկխոսության և համակարգված գործողությունների հիմք։

Որպես Հայաստանում մշակույթի և կայունության վերաբերյալ առաջին հետազոտություն՝ «Կանաչ Հայաստանն» ուրվագծում է անհրաժեշտ փոփոխությունների հիմնական ուղղությունները՝ միաժամանակ ընդգծելով այդ ուղղություններով շարունակական աշխատանքի անհրաժեշտությունը։ Հետազոտության արդյունքներն ու առաջարկությունները մեկնակետ են հետագա ուսումնասիրությունների, համագործակցության և ջատագովության համար։

Այս աշխատանքը մշակութային գործունեությունն ու բնապահպանական պատասխանատվությունը կապելու՝ CSN Lab-ի հանձնառության մի մասն է։ Շնորհանդեսից հետո CSN Lab-ը կշարունակի ներկայացնել հետազոտությունը և ջատագովել դրա առաջարկությունները մշակութային դաշտի դերակատարների, բնապահպանական կազմակերպությունների և քաղաքականություն մշակողների շրջանում՝ ձգտելով այս արդյունքները վերածել տևական գործընկերությունների և գործնական փոփոխությունների։

Այս հրապարակումը համաֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից։ Դրա բովանդակության համար բացառապես պատասխանատու է Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիան (CSN Lab), և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները։