«Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիան», «Իջեւան ԻնֆոՏուն» հասարակական կազմակերպության հետ համագործակցության արդյունքում իրականություն է դարձրել «Քանդակների այգի» հիշողության նախագիծը։
«Քանդակների այգի» նախագիծն ուղված է Իջեւան քաղաքի մշակութային ինքնության, քաղաքային եւ բնական միջավայրերի, հանրային տարածքների եւ հիշողության տարածությունների պահպանմանն ու զարգացմանը: Տավուշի մարզում մեր գործընկերների հետ այս ծրագրի իրականացումը սկիզբ դարձավ առավել ծավալուն եւ բազմաքայլ նախագծի` «Հիշողության պարտեզ. Հիշողության միջազգային փառատոնի»:
Իջեւանի Քանդակների այգին նորանկախ Հայաստանի պատմության եւ Իջեւանի քաղաքային միջավայրի ձեւավորման նոր փուլի յուրօրինակ հուշարձան է։ Այն 1985 թվականին իրականացված քանդակների Իջեւանյան միջազգային սիմպոզիումի արդյունքն է, որի շրջանակներում աշխարհի տարբեր անկյուններից(Վրաստան, Ադրբեջան, Լատվիա, Լիտվա, Ռուսաստան, Իսրայել, ԱՄՆ եւ այլն) ժամանած արվեստագետները ամիսներ շարունակ ստեղծագործում էին Իջեւան քաղաքում, մասնավորապես՝ Աղստեւ գետի շուրջ ձեւավորված այգում։ Սիմպոզիումը մինչեւ 1991 թվականը կրում էր ամենամյա բնույթ, սակայն Խորհրդային Միության փլուզմանը, ղարաբաղյան շարժմանը, երկրաշարժին եւ պատերազմին հաջորդած ճգնաժամի պատճառով սիմպոզիումն ընդհատվեց։
Քանդակների սիմպոզիումը, չնայած վրա հասած ճգնաժամային տարիներին, իր հետքը թողեց Իջեւանում՝ դարձավ քաղաքի հիշողության ամենավառ ու կարեւոր իրադարձություններից մեկը, իսկ Քանդակների այգին՝ անկախ աճող ջենտրիֆիկացիայի եւ ապօրինի կառուցապատման, Աղստեւ գետի աղտոտման եւ շարունակ ծառահատումների չի դադարում լինել Իջեւանի քաղաքային հյուսվածքի առանցքը։ Թեեւ նախորդ տասնամյակների ընթացքում, էթնիկ կոնֆլիկտների եւ պատերազմական նարատիվների ազդեցությամբ այգում վնասվել եւ անգամ ավերվել են քանդակներ, այնուամենայնիվ այգին մինչ օրս շարունակում է լինել մարդկանց համախմբան մշակութային տոնի հիշողությունը։
«Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիան» շաբաթներ շարունակ, Իջեւան քաղաքում, տեղական գործընկերներին եւ համայնքը ներգրավելով, իրականացրել է քաղաքային հիշողությանը նվիրված ծրագիր։ Միջավայրի հիշողությունն ու ինքնությունն ուսումնասիրող այս նախագիծը բաղկացած է միմյանց փոխլրացնող մի քանի կոմպոնենտներից։
Ծրագրի առաջին փուլում իրականացվել է քաղաքային միջավայրի հիշողությանը նվիրված հետազոտական աշխատարան, որի նպատակն էր տեղի երիտասարդների համար ստեղծել ալտերնատիվ կրթական միջավայր, ընդգծել տեղի հիշողության եւ ինքնության հիմնահարցերը, տալ սեփական միջավայրը տարբեր ոսպնյակներից ընթերցելու նոր դիտանկյուններ։ Աշխատարանի շրջանակներում CSN Lab-ի փորձագետները կիսվել են տարիների հետազոտական փորձառությամբ, հիշողության նախագծերի իրականացման մեթոդաբանությամբ, գործիքներով եւ հմտություններով։ Իջեւանի ուրբանսիտական միջավայրի հիշողությունը բացահայտելու նպատակով, աշխատարանի մասնակիցները օրեր շարունակ իրականացրել են խորքային հարցազրույցներ եւ բանավոր պատումների հավաքագրում, ընտանեկան եւ պետական արխիվների ուսումնասիրություն, քաղաքային միջավայրի քարտեզագրում եւ վիզուալիզացիա։
Ծրագրի երկրորդ փուլում, Իջեւանի Քանդակների այգին վերաիմաստավորելու, քաղաքային միջավայրում այգու դերը, որպես մշակութային եւ հանրային տարածք շեշտելու, այգու ջենտրիֆիկացիայի եւ գետի աղտոտման խնդիրները բարձրաձայնելու, ինչպես նաեւ քանդակների պաշտպանության մարտահրավերներն առաջ բերելու նպատակով՝ աշխատարանի արդյունքում վեր հանված սոցիալական հիշողությունն ու ուրբան պատումներն ամփոփել են «Քանդակների այգի» վեբ նախագծում, որը ներկայացվել է ինչպես տեղի համայնքին, այնպես էլ տարածվել է լայն հանրային շրջանակներում։ «Քանդակների այգի» վեբ նախագիծը վեր է հանում այգու ճարտարապետական եւ ուրբանիստական նշանակությունը, դրա դերը քաղաքային հյուսվածքում եւ իջեւանցիների առօրյա պրակտիկաներում, այգուն փոխկապակցված սոցիալական հիշողությունը եւ դրա շուրջ ձեւավորված տարածական ինքնությունը։
Իջեւան քաղաքում իրականացված աշխատարանները եւ «Քանդակների այգի» վեբ նախագիծը առավել ծավալուն ծրագրի մեկնարկային փուլն են միայն։ CSN Lab-ը նպատակ ունի նախագիծը դարձնել շարունակական եւ ունի տեսլական Իջեւանի քանդակների այգում հիշողության միջազգային փառատոն կազմակերպելու, որը հնարավորություն կտա միավորել գիտնականների, հետազոտողների, ակտիվիստների, մշակույթի ու արվեստի գործիչների Վրաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Բալթյան եւ այլ երկրներից, կստեղծի հարթակ արդի մշակութային խնդիրները եւ մարտահրավերները քննարկելու, եւ դրանց լուծման ճանապարհները բացահայտելու։ Փառատոնը կվերածի Իջեւան քաղաքը տարածաշրջանային մասշտաբի մշակութային իրադարձության կենտրոնի, կդառնա տեղական հանրության համար մշակութային կյանքին ակտիվորեն ներգրավվելու հնարավորություն, կստեղծի երիտասարդների եւ ուսանողների համար ալտերնատիվ կրթական հարթակ, ինչպես նաեւ կդառնա միջոց բարձրաձայնելու քանդակների այգու ջենտրիֆիկացիայի, ապօրինի կառուցապատման, Աղստեւ գետի աղտոտման եւ այգու պահպանության մարտահրավերները։
Իջեւան քաղաքում փառատոն նախաձեռնելու հիմնային պատճառներից է ոչ միայն մշակույթի եւ մշակութային նախաձեռնությունների ապակենտրոնացման եւ տարածման կարեւորությունը, այլ նաեւ Իջեւան քաղաքի նշանակությունը, որպես Հայաստանի եւ Վրաստանի մայրաքաղաքների միջեւ կապող հավասարահեռ օղակ։ Իջեւան քաղաքով է նաեւ հոսում մեր տարածաշրջանի երկրները՝ մասնավորապես Հայաստանը եւ Ադրբեջանը միավորող Աղստեւ գետը, որի շուրջ ձեւավորված «Քանդակների այգում» էլ իրականացվելու Է հիշողության փառատոնը:
Միջազգային փառատոնը ձեւավորվելու է Հիշողության ուսւոմնասիրությունների եւ հիշողության ակտիվիզմի թեմայի շուրջ, այսպիսով դառնալով հնարավորություն ստեղծելու ընդգրկուն եւ բաց հարթակ, որտեղ հնարավոր կլինի վեր հանել եւ քննարկել տարածաշրջանի եւ Հայաստանի բարդ անցյալի հիշողությունը, միաժամանակ ընդգծելով Իջեւան քաղաքի եւ Քանդակների այգու դերը, որպես մշակութային համախմբան մարմնավորում։
«Հիշողության պարտեզ. Հիշողության միջազգային փառատոն» ծրագիրը մշակութային կյանքի ապակենտրոնացման եւ մարզերում մշակութային կյանքի ակտիվացման միջոցով, նախեւառաջ նպատակ ունի խթանել նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության շուրջ խոսույթը։ Այն ստեղծում է բեղուն միջավայր տարածաշրջանի գիտնականների, հետազոտողների, մշակույթի եւ արվեստի գործիչների համար մշակույթի պահպանության հիմնահարցերը քննարկելու եւ հաջող փորձառությունը կիսելու։ Միջոցառումը նաեւ հնարավորություն է վերաիմաստավորելու խորհրդային ժառանգությունը, որը տարածաշրջանի երկրների մշակութային իրողությունների անբաժանելի մասն է, եւ կարող է դառնալ հենք տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում տարբեր համայքնների միջեւ մշակութային երկխոսության հաստատման համար։ «Հիշողության պարտեզ. Հիշողության միջազգային փառատոնը» հավակնում է դառնալ բաց եւ հասանելի միջավայր արդի մշակութային հիմնահարցերը քննարկելու եւ ժողովրդավար հիշողությունը հանրահռչակելու։