«Կեչուտ. Հիշողություն ջրի հատակին» նախագիծը նվիրված է Կեչուտի ջրամբարի կառուցման գործընթացում ջրասույզ արված հին Կեչուտ/Ղուշչի գյուղին և կեչուտցիներին, որոնք ստիպված են եղել թողնել իրենց տները և ենթարկվել տեղահանության տրավմատիկ փորձառությանը։ Ինքնության, հիշողության, մշակութային ժառանգության պահպանության և շրջակա միջավայրի փոխակերպումների հիմնահարցերը մեկտեղող այս միջգիտակարգային նախագիծը հետազոտում և խնդրականացնում է միջավայրի շուրջ Խորհրդային միության ենթարկեցնող խոսույթը՝ մասնավորապես անդրադառնալով և վեր հանելով ջրամբարաշինության գործընթացներում հնագիտական շերտերի, ճարտարապետական ժառանգության և ուրբանիստական միջավայրերի ոչնչացմանը, համայնքների և խնդրահարույց վերաբնակեցմանը։
Խորհդրային միության գաղափարախոսությունը՝ հիմքում ունենալով անցյալն ապակառուցելու և նոր իրականության կերտման նարատիվը հաճախ հիմնովին փոխակերպում և այդպիսով վտանգում էր սովետական միության ժողովուրդների նախախորհրդային ինքնությունը, մշակույթը, բնական և ուրբանիստական լանդշաֆտը։ Միջավայրի նկատմամբ նմանօրինակ մոտեցման վառ արտահայտումները տեսանելի են տարբեր մակարդակներում՝ հուշարձաններից, ճարտարապետական առանձին կառույցներից, քաղաքային տարածություններից մինչև բնական լանդշաֆտի և էկոհամակարգերի մասշտաբային փոխակերպումներ։ Այս բոլոր հիմնահարցերը լավագույնս մեկտեղվում են Սովետական միությունում ջրամբարաշինության գործընթացներում, որոնց հետևանքով ջրասույզ են արվել հարյուրավոր քաղաքային և գյուղական բնակավայրեր և ոչնչացվել են ուրբանիստական, ճարտարապետական և հնագիտական ժառանգության բազմաթիվ շերտեր։ Այս ամենի արդյունքում հարյուր հազարավոր մարդիկ, զրկված լինելով իշխանական որոշումները քննարկելու և որևէ տեսակետ հայտնելու հնարավորությունից, ընդվզելու և մերժելու ազատությունից, ենթարկվել են բռնի տեղահանության և ստիպված են եղել լքել իրենց միջավայրը և վտանգել սեփական հիշողություններն ու ինքնությունը։
Ջրային ռեսուրսների կառավարման և բաշխման նպատակով Խորհդրային Հայաստանում կառուցվել է շուրջ 80 ջրամբար, որոնց շինարարության ընթացքը ևս զերծ չի եղել բնակավայրերի խորտակումից և համայնքների տեղահանումից։ Նման ծանր ճակատագրի արժանացած բնակավայրերից մեկն էլ հին Կեչուտ գյուղն է, որը Սևանա լճի մակարդակի պահպանման և լճի փրկության նպատակով Արփա-Սևան նախագծի իրագործման արդյունքում ջրասույզ է արվել։ Կեչուտի բնակիչները հարկադրաբար տեղահանվել են, ստիպված են եղել քանդել սեփական տները, տեսնել իրենց գյուղի ու հիշողությունների խորտակումը։
Շրջակա միջավայրի և մշակութային լանդշաֆտի փոխհարաբերման հիմնահարցերը վեր հանելու, բնության գաղութացման և շահագործման խոսույթը վերաիմաստավորելու, ինչպես նաև Խորհրդային Հայաստանում բնակավայրերի ջրասուզումը և համայքների տեղահանությունը հանրահռչակելու նպատակով CSN Lab-ը իրականացրել է «Կեչուտ. Հիշողություն ջրի հատակին» հետազոտությունը։ Միջգիտակարգային այս նախագիծը մեկտեղել է հետազոտողների և արվեստագետների բազմազան ոլորտներից. ճարտարապետություն, ուրբանիզմ, մշակութաբանություն, նշանագիտություն, վիզուալ ու ձայնային արվեստներ։ Համադրելով տարատեսակ հետազոտական մեթոդներ և պրակտիկաներ CSN Lab-ի թիմը կատարել է համապարփակ հետազոտություն՝ իրականացնելով խորքային հարցազրույցների միջոցով բանավոր պատումների հավաքագրում, ընտանեկան և պետական արխիվների ուսումնասիրություն, դաշտային աշխատանքներ և քարտեզագրումներ։ Նախագծի կայացման գործում անչափ կարևոր ներդրում ունեն կեչուտցիները, որոնք պատրաստակամ եղան կիսվել իրենց հիշողություններով և վստահեցին մեզ իրենց տրավմատիկ փորձառության անձնական և զգայական պատումները։
«Կեչուտ. Հիշողություն ջրի հատակին» հետազոտությունը անդրադառնում է մի շարք թեմաների և հիմնախնդիրների՝
-
Բնական միջավայրի և մշակութային լանդշաֆտի շուրջ Խորհրդային միության խոսույթը և դրա վերաիմաստավորման հիմնահարցերը հետխորհրդային երկրներում։
-
Խորհրդային միությունում ջրամբարաշինության գործընթացներում բնակավայրերի, ճարտարապետական, ուրբանիստական և հնագիտական շերտերի ջրասուզման խնդիրները։
-
Ջրամբարաշինության գործընթացներում համայնքների բռնի տեղահանության խնդիրները։
-
Հայաստանյան ջրամբարների կառուցման գործընթացներում ջրասույզ արված բնակավայրերը և պատմամշակութային ժառանգությունը։
-
Կեչուտի ջրամբարի կառուցման խնդրահարույց գործընթացը և համայնքի տեղահանման տրավմատիկ փորձառությունը։
-
Ջրի հատակին մնացած հին Կեչուտի ուրբանիստական միջավայրը, պատմամշակութային ժառանգությունը և հնագիտական շերտերը։
-
Կեչուտի բնակիչների վերաբնակեցման խնդիրները և նոր միջավայրում կյանքը կառուցելու բարդությունները։
-
Հին գյուղին, դրա ցավալի կորստին խարսխված և ջրամբարի հատակին մնացած սոցիալական հիշողությունը։
Հետազոտական նախագծի արդյունքները կայուն և լայն հանրությանը առավել հասանելի դարձնելու նպատակով համադրվել և ներկայացվել են վեբ կայքի տեսքով։ Կեչուտի հիշողությունը թվայնացվել և ամփոփվել է վեց թեմատիկ գլուխներում, որոնք ուղեկցվում են ձայնային պատկերումներով, նկարազարդումներով, լուսանկարներով և արխիվային վիզուալ նյութերով։
«Կեչուտ. Հիշողություն ջրի հատակին» ծրագիրը Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիայի հիշողության հետազոտություններից է, որտեղ յուրահատուկ կերպով փոխհատվում են բնական միջավայրը, ուրբանիզմը, ճարտարապետությունը, մարդաբանությունը, հիշողությունը և բարդ անցյալը։ Միջավայրի կոպիտ փոխակերպումների և էկոմիգրացիայի հիմահարցերը վեր հանելով մենք նպատակ ունենք ծավալել առավել լայն քննարկում, խթանել բնության ապագաղութացման շուրջ խոսույթը և վերաիմաստավորել միջավայրի ընկալման և դրա հետ փոխհարաբերման գաղութային գաղափարախոսությունը։
Հեղինակ - Տիգրան Ամիրյան
Համադրող - Արսեն Աբրահամյան
Պատկերազարդող - Հարություն Թումաղյան
Դիզայներ - Կլիմ Գրեչկա
Խմբագիր - Մարիամ Եղիազարյան
Աուդիո խմբագիր - Սոնա Ներսեսյան
Նախագիծը իրականացվել է Դանիական մշակութային ինստիտուտի (DCI) աջակցությամբ՝ «Նոր ժողովրդավարության հիմնադրամ» (NDF) նախագծի շրջանակներում։