Կոնդն այն վայրն է, որտեղ փոխհատվում են CSN Lab-ի հետազոտական մի շարք ուղղություններ ու մեթոդներ․ աշխատանք համայնքների հետ, ժառանգության ժողովրդավարացում, ճարտարապետական և ուրբանիստական վերլուծություն, սոցիալական և մշակութային հիշողություն։ Այստեղ մեր մոտեցումները չեն մնում որպես միմյանցից առանձին մեթոդաբանություններ, այլ խաչմերուկվում են միևնույն քաղաքային միջավայրում։ «Կոնդ․ քաղաքային ուտոպիաներ, ապագայի շնչով» ծրագիրը ծնվում է հենց այս փոխհատման կետում։
Ամռան վերջին Կոնդը դարձավ այս հետազոտության և՛ վայրը, և՛ մեթոդը։ Գյոթե ինստիտուտի նախաձեռնությամբ, CSN Lab-ի, Թեք Տեղ-ի և արվեստագետ Գոհար Սարգսյանի համագործակցությամբ մշակված «Կոնդ․ քաղաքային ուտոպիաներ, ապագայի շնչով» ծրագիրը միավորեց տասնյակ մարդկանց՝ դիտելու, լսելու ու կարդալու Կոնդի ցանցային ճարտարապետությունը։ Ծրագիրը միավորեց հետազոտական և գեղարվեստական պրակտիկաները՝ ուղղորդելով այցելուներին ճարտարապետական ձևի և հավաքական հիշողության միջով, ծավալելով զրույցներ ժառանգվածի, ապրածի և դեռևս հնարավորի միջև։ Կոնդն այստեղ ընթերցվում է ոչ որպես Երևանի անցյալի անշարժ բեկոր, այլ որպես տարածական ու կենդանի սոցիալական ցանց, որտեղ պատմությունները, միջավայրերն ու հնարավոր ապագաները շարունակում են մնալ միահյուսված։
Կոնդի հիշողության շրջայցը, որով մեկնարկեց միջոցառումը և որը ծնվել է CSN Lab-ի ու ճարտարապետ, ուրբանիստ Էլեն Մարգարյանի հետազոտական աշխատանքի և համագործակցության արդյունքում, դարձավ թաղամասն ընթերցելու առաջնաքայլը։ Այս միջոցառման համատեքստում CSN Lab-ը մեկնարկ տվեց նաև թվային քարտեզ-ուղեցույցի ստեղծմանը, որն ամփոփում է երկար տարիների ընթացքում մշակված շրջայցը։ Երթուղին մասնակիցներին հնարավորություն տվեց Կոնդը կարդալ ճարտարապետության ու բնական լանդշաֆտի, տների ու բակերի, ոլորապտույտ ուղիների և այգիների միջով՝ հետևելով կառուցապատված միջավայրի և տեղանքի փոխհարաբերությանը։ Քայլելը դառնում է տարածական հետազոտության մեթոդ՝ հնարավորություն տալով հետագծել քաղաքային մի կառուցվածք, որը ձևավորվել է մտերմության և ամենօրյա կյանքի միջոցով, ոչ թե պարտադրված քաղաքային ցանցի տրամաբանությամբ։

Հիշողության շրջայցը նաև խախտում է Կոնդին նայելու վաղուց արմատացած եղանակները։ Նրա ոլորապտույտ փողոցները, խիտ կառուցապատումն ու քաղաքային կանոնավոր ցանցին չենթարկվելը երկար ժամանակ թարգմանվել են թերության բառապաշարով՝ «չպլանավորված», «անավարտ», «թերի»՝ կարծես ինչ-որ շտկման սպասող։ CSN Lab-ի շարունակական «Կոնդ․ Ցանցային ճարտարապետության բնական պատմությունը» հետազոտական նախագիծն առաջարկում է սկսել մեկ այլ կետից՝ հարցադրելով, թե ի՞նչ է տեսանելի դառնում, երբ անկանոնությունը կարդում ենք ոչ որպես ձախողում, այլ որպես գիտելիք։ Տները բանակցում են բլրի հետ, արահետները հետևում են տեղանքին, այգիները միաժամանակ ընդհատում և կապում են կառուցապատված միջավայրը, իսկ ճարտարապետությունը ձևավորվում է մերձության, անհրաժեշտության ու ամենօրյա կյանքի միջոցով։ Այն, ինչ վերևից կարող է քաոսային թվալ, ներսից սկսում է բացահայտել իր սեփական տրամաբանությունը՝ հարմարվելու և փոխկապակցման միջոցով ձևավորված մի ցանց։
Եթե քայլելը հնարավորություն է տալիս ընթերցել թաղամասը, ստեղծելը հնարավորություն է տալիս շոշափել այն։ Թաղամասի տներից մեկում, արվեստագետ Գոհար Սարգսյանի և տեղի բնակիչների համագործակցությամբ, ծրագրի շրջանակում ստեղծված «Հավաքական տեքստիլ ինստալյացիան» կարի, ասեղնագործության, գույների ու փորձարարական տեքստիլ պրակտիկաների միջոցով դառնում էր հիշողության հետ աշխատանքի տարածություն։ Այստեղ թաղամասը վերածվում է տեքստիլ օբյեկտի և անցնում ձեռքերի, նյութերի ու շարժումների միջով։ Հիշողությունը ձեռք է բերում հյուսվածք, հավաքական փորձառությունը՝ նյութական ձև։ Ժառանգությունը դառնում է մի բան, որը կարելի է նաև միասին ստեղծել։

Թաղամասի հյուսվածքն ընթերցելու մեկ այլ հնարավորություն դարձավ շրջայցին հաջորդող հանրային զրույցը, որը տեղի ունեցավ Հյուսյանների տուն-թանգարանում՝ այն դարձնելով քննարկման միջավայրն ու մասնակիցը։ Այստեղ «Կոնդ․ Ցանցային ճարտարապետության բնական պատմությունը» բանախոսությամբ Տիգրան Ամիրյանը և Արսեն Աբրահամյանը ներկայացրին երկար տարիների հետազոտական աշխատանքի արդյունքները։ Ընթերցելով թաղամասը ոչ միայն պատմականության կամ ժառանգության դիտանկյունից՝ բանախոսներն ընդգծում էին Կոնդի յուրահատուկ բնական ու քաղաքային էկոլոգիան, այլ կերպ ասած՝ բնական և մարդածին միջավայրերի երկխոսությունը թաղամասում։
Կոնդը պարզապես չի զբաղեցնում բլուրը։ Այն բանակցում է բլրի հետ։ Արահետները ռելիեֆի հետ թեքվում են՝ այն հատելու փոխարեն, տները հարմարվում են լանջին, իսկ այգիներն ու կանաչ տարածքները դառնում են հանդիպման կետեր, որոնց շուրջ ձևավորվում են փոքր սոցիալական աշխարհներ։ Այս ցանցերը գոյություն ունեն այլ ցանցերի ներսում՝ կապելով ընտանիքները, հարևաններին, արահետներն ու ընդհանուր տարածքները։ Այսպես ընթերցելիս Կոնդը միաժամանակ ճարտարապետական, էկոլոգիական և սոցիալական կառուցվածք է։ Նրա տարածական ձևն իր մեջ պահում է ոչ միայն կառուցելու, այլև լանդշաֆտին հարմարվելու, կիսվելու և դրա ներսում համայնք ստեղծելու պատմությունը։

Եվ, այնուամենայնիվ, Կոնդին հազվադեպ է տրվել սեփական պայմաններով ընթերցվելու հնարավորությունը։ Նրա բարդությունը շարունակ էկզոտիկացվել, ռոմանտիզացվել կամ թարգմանվել է թերության մասին պատումների։ Քաղաքային փոխակերպման տարբեր պատկերացումներ այն դիտարկել են որպես տարածք, որը սպասում է շտկման, վերակազմակերպման կամ փոխարինման։ Ներսից հայացքը մեկ այլ հարց է առաջադրում․ իսկ եթե այն, ինչ դրսից թերի է թվում, իր մեջ պարունակում է տարածական գիտելիքի ձևեր, որոնք ընթեռնելի են դառնում միայն այնտեղ ապրելու միջոցով։ Սերունդներով փոխանցվող հիշողությունները, հարևանների, տների ու այգիների միջև հարաբերությունները քաղաքի մասին սեփական գիտելիքն են ստեղծում, նույնիսկ երբ քաղաքաշինության ընդունված լեզուները չեն կարողանում ճանաչել այն։
Գրականությունը, սակայն, հուշում է այն, ինչ մոռանում է քաղաքային պլանավորումը։ Անդրադառնալով Էդուարդ Ավագյանի՝ 1960-ականներին գրված և իր մանկության թաղամասի հետ խորապես կապված «Մենք ապրում ենք Կոնդում» ստեղծագործությանը՝ Տիգրան Ամիրյանը ներկայացրեց Կոնդի ներքին պատկերը՝ կազմված բակերից ու հարևաններից, փողոցներից ու այգիներից, հանդիպումներից և առօրյա համակեցության փոքր ծեսերից։ Սրանք քաղաքային կյանքի այն տարրերն են, որոնք հազվադեպ են պահպանվում քաղաքի պաշտոնական պատմություններում։ Տասնամյակներ անց և հենց թաղամասի ներսից ընթերցվելով՝ գրական տեքստը դառնում է յուրօրինակ արխիվ․ այն պահպանում է ոչ միայն այն, թե ինչպիսին էր Կոնդը, այլև՝ ինչ էր նշանակում այնտեղ ապրելը։

Բանախոսությունը ներառում էր նաև որոշ հատվածներ Հարություն Խաչատրյանի «Կոնդ» (1987) վավերագրական ֆիլմից, որը խտացնում է թաղամասի առօրյա ռիթմերը, շարժումներն ու տարածքները մեկ այլ ժամանակային շրջանակում։ Տասնամյակներ անց կրկին Կոնդում հանդիպելով այս պատկերներին՝ մենք այլևս չենք տեսնում պարզապես եղածի փաստագրումը։ Դրանք խախտում են արխիվի և ներկայի սահմանը։ Փողոցը պահպանվել է, բայց փոխվել, շարժումը հանկարծ ծանոթ է թվում, տարածքում ապրելու մի ձև անհետանում է, մինչ մյուսը շարունակում է գոյություն ունենալ։ Շարժվող պատկերը ժամանակը տեսանելի է դարձնում թաղամասի ներսում և առաջադրում մի հարց, որին միայն ճարտարապետական փաստագրումը երբեք ամբողջությամբ չի կարող պատասխանել․ ինչպե՞ս է ապրում տեղը։
Կոնդը տարբեր կերպ ընթերցելու այս հնարավորություններն ակներև են դարձնում, որ նրա ապագան այլևս հնարավոր չէ սահմանափակել պահպանման և վերակառուցման ծանոթ հակադրությամբ։ Կոնդն այլ բառապաշար է պահանջում։ Ի՞նչ կարող է նրա ճարտարապետությունը սովորեցնել տեղանքին հարմարվելու մասին։ Ի՞նչ են նրա այգիները պատմում բնության և սոցիալական կապերի մասին։ Ի՞նչ գիտելիք են պարունակում ներքին ցանցերը։
Եվ ոչ բոլոր գիտելիքներն են ծնվում հետազոտությունից, գրքերից կամ հանրային զրույցից։ Երբեմն գիտելիքը ծնվում է սեղանի շուրջ, խաղի, երաժշտության կամ միասին դիտված ֆիլմի մեջ։ Հյուսյանների տան բակում Թեք Տեղ-ը ծրագրին հաղորդեց մեկ այլ ռիթմ՝ ներկաներին միավորելով բակային խաղերի, համերգի, կինոդիտման և միասին լինելու փորձառության շուրջ։ Խորովածի սեղանի շուրջ հավաքվելը դառնում է այս համակեցության մի մասը, իսկ բակն աստիճանաբար վերածվում է բացօթյա կինոթատրոնի, որտեղ Դմիտրի Կեսայանցի «Ավդոյի ավտոմեքենան» (1966) ֆիլմը հին Երևանը վերադարձնում է էկրան՝ քաղաքի հնագույն թաղամասերից մեկի ներսից։ Փոփոխությունների հետ բանակցող քաղաքի մասին ֆիլմը հանդիպում է մի բակի, որն ինքն է ապրել իր փոխակերպումների միջով։
Հենց այսպես են խտանում և ամփոփվում «Կոնդ․ քաղաքային ուտոպիաներ, ապագայի շնչով» ծրագրի տարբեր շերտերը։ Հետազոտությունից ծնված հիշողության շրջայց, մզկիթի մնացորդներ, տեղանքի միջով ընթերցվող ճարտարապետություն, տեքստիլի մեջ կարված հիշողություն, քաղաքային արխիվ դարձող վեպ, երբեմնի փաստագրած վայր վերադարձող վավերագրական պատկերներ, սեղանի շուրջ կիսվող ուտելիք, տան բակում ցուցադրվող կինո։
Կոնդը ներկայանում է ոչ որպես «հին Երևանի» պահպանված բեկոր, այլ որպես թաղամաս, որտեղ ճարտարապետությունը, լանդշաֆտը, հիշողությունը, բնությունն ու միասին ապրելու ձևերը շարունակում են փոխստեղծել միմյանց և ի ցույց դնել համայնք ձևավորելու այն կարողությունը, որը կորսված է քաղաքի խորհրդային և հետխորհրդային հյուսվածքներում։
«Կոնդ․ Ցանցային ճարտարապետության բնական պատմությունը» նախագիծը մշակվել է Գյոթե ինստիտուտի և ARCH+-ի «Ecological Futures» ծրագրի շրջանակում։
Լուսանկարները՝ Էդ Թադևոսյանի