Ինչպե՞ս հյուսել տեղային պատումներ մոնումենտալ պատմությունից անդին։
Այս հիմնահարցի շուրջ ձևավորվեց CSN Lаb-ի նոր «Հասցէ․ որբախնամ մարմին Պալաթու» անգլերեն հրատարակության շնորհանդեսը և քննարկումը, որը տեղի ունեցավ մարտի 21-ին D21 Kunstraum Leipzig-ում՝ Լայպցիգի միջազգային գրքի փառատոնի և Երևան-Լայպցիգ մշակութային տարվա շրջանակում։
«Այս էսսեն գրվել է երեք քաղաքներում՝ Ստամբուլ, Երևան և Բեռլին».
գրքի առաջին իսկ նախադասությունն արտացոլում է նախագծի տրանսլոկալ և համագործակցային շրջանակը, որը միավորում է միջգիտակարգային հետազոտությունը, արխիվային ուսումնասիրությունները և երկխոսությունը՝ տարբեր աշխարհագրությունների, լեզուների և մշակույթների միջև։ Գրքի ներկայացումը ուղղորդվեց հեղինակների՝ Տիգրան Ամիրյանի և Արսեն Աբրահամյանի (CSN Lab), ինչպես նաև գրքի խմբագիր Բարբարա Բուշի (Բեռլինի Ազատ համալսարան / Freie Universität Berlin, «Temporal Communities» ծրագիր) հետ զրույցով։ Ներկայացնելով նախագծի ընթացքը՝ երկարաժամկետ հետազոտությունից և արխիվային աշխատանքներից մինչև աշխատության հրապարակում, բանախոսները վեր հանեցին հիշողության, միգրացիայի և տարածականության շուրջ մտորումների առավել լայն շրջանակ։ 
Հիմքում ունենալով CSN Lab-ի կողմից Ստամբուլի Բալաթ թաղամասի շուրջ տարիներ առաջ իրականացված «Բալաթ. ապրել միասին» միջգիտակարգային հետազոտական աշխատությունը՝ «Հասցե․ որբախնամ մարմին Պալաթու» գիրքը վեր է հանում Ստամբուլի հայկական դպրոցներից մեկի՝ Բալաթի Խորենյան վարժարանի ծավալուն արխիվը։ Հայոց ցեղասպանության արդյունքում հայկական համայնքի ճգնաժամային դրությանն ի արձագանք որբանոցի վերածված դպրոցի հազարավոր արխիվային փաստաթղթերի ընթերցմամբ հեղինակները վեր են հանում Խորենյանի ավելի քան երկդարյա փոխակերպումները՝ բացահայտելով Օսմանյան կայսրության ուշ շրջանում և Թուրքիայի Հանրապետության վաղ շրջանում հայկական համայնքի և այլ փոքրամասնությունների բազմաշերտ պատումները։
Միջոցառման շրջանակներում հեղինակներն անդրադարձան Բալաթում իրականացված դաշտային աշխատանքներին և մասնավորապես Բալաթ հիմնադրամի և Հրանտ Դինք հիմնադրամի հետ համագործակցությանը, որի արդյունքում վարժարանի թվայնացված և դասակարգված արխիվը հասանելի է դարձել հետազոտության համար։ Պատմելով Խորենյան վարժարանի անցյալի հետ մանրամասն աշխատանքի մասին՝ հեղինակները կիսվեցին բազմալեզու և մասնատված աղբյուրների հետ աշխատելու մարտահրավերների, ինչպես նաև շարունակական քաղաքական լարվածության պայմաններում հետտրավմատիկ պատումներին անդրադառնալու բարդությունների մասին։ «Հասցէ․ որբախնամ մարմին Պալաթու» նախագիծը միտված է ապակենտրոնացնել Հայոց ցեղասպանության շուրջ գերիշխող մոնումենտալ պատմությունը և ստեղծել տարածք բազմաթիվ տեսանկյունների համար՝ երևան բելերով հայկական համայնքների բազմազան փորձառությունները ինչպես Թուրքիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, միաժամանակ կապելով այս մտորումները խաղաղության և երկխոսության վերաբերյալ արդի խոսույթին։
Գրքի խմբագիր Բարբարա Բուշն իր խոսքում անդրադառնալով խմբագրական գործընթացին, ընդգծեց նմանօրինակ նախագծերի համատեքստում զգայուն պատմական նյութերի հետ աշխատելիս հետազոտական մեթոդաբանության և լեզվի հիմնահարցերին։ Նա մասնավորապես շեշտադրեց արխիվային նյութերի և փաստագրական տվյալների ներկայացմանը զուգընթաց ընթերցողի համար մեկնաբանության և իմաստավորման տարածություն ստեղծելու կարևորությունը։ Գրքի շնորհանդեսին հաջորդեց քննարկում լսարանի հետ, որը ծավալվում էր բարդ անցյալի տրավմատիկ դրվագների հետ աշխատանքի և անհայտ պատումները վեր հանելու էթիկական և քաղաքական բարդությունների շուրջ։
«Հասցէ․ որբախնամ մարմին Պալաթու» գիրքը հասանելի է ինչպես առցանց, այնպես էլ տպագիր տարբերակով։ Գիրքը մաս է կազմում con·stel·la·tions հրատարակությունների շարքի, որը ձևավորվել է նույնանուն հաբի շրջանակում՝ որպես ցանցային և միջդիսցիպլինար նախաձեռնությունների հարթակ։ Նախագիծը իրականացվել է Բեռլինի Ազատ համալսարանի «Temporal Communities: Doing Literature in a Global Perspective» գերազանցության կլաստերի շրջանակում։