տեղ-տեղ

«Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ն մեկնարկում է «տեղ-տեղ» շարժունակության նախագիծը։ 

Ծրագիրը նախատեսված է արվեստագետների, մշակութային գործիչների ու հետազոտողների համար եւ նպատակ ունի խթանել նրանց շարժունակությունն ու Հայաստանի մարզերում մշակութային նախագծերի իրականացումը։


Նախագծի մանրամասները

«տեղ-տեղ»-ը յուրօրինակ նախագիծ է, որը միտված է արվեստի, մշակույթի եւ հետազոտության ապակենտրոնացմանը՝ ՀՀ մարզերում իրականցվելիք նախագծերն աջակցելու ճանապարհով։ Հայաստանի հանրապետության քաղաքացիություն ունեցող բոլոր արվեստագետները, մշակութային գործիչներն ու հետազոտողները կարող են դիմել «տեղ-տեղ»-ին եւ ստանալ աջակցություն իրենց արդեն իսկ մեկնարկված կամ դեռեւս գաղափարային փուլում գտնվող նախագծերն իրականացնելու համար։ 

Աշխատությունները պետք է ծավալվեն  խորհրդային ժառանգության եւ բարդ անցյալին առնչվող հետեւյալ թեմաների շուրջ.

  • Գաղութատիրություն եւ քաղաք,

  • Գաղութատիրություն եւ արդյունաբերական ենթակառույցներ,

  • Գաղութատիրություն եւ հիշողություն,

  • Գաղութատիրություն եւ շրջակա միջավայր,

  • Գաղութատիրություն եւ մարմին,

  • Գաղութատիրություն եւ լեզու,

  • Գաղութատիրություն եւ մշակույթ,  

եւ իրականացվեն ՀՀ հետեւյալ 4 մարզերից որեւէ մեկում՝ Սյունիքում, Տավուշում, Շիրակում կամ Վայոց ձորում։

Ովքե՞ր կարող են դիմել

«տեղ-տեղ» նախագծին կարող են դիմել 18 տարին լրացած, ՀՀ քաղաքացիություն ունեցող արվեստագետներ, մշակութային գործիչներ եւ հետազոտողներ, ովքեր ունեն խորհրդային ժառանգության եւ բարդ անցյալի շուրջ նախագծեր իրականացնելու փորձ։ 

Նախագծի տեւողությունը

Նախագիծը կընթանա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Ակնկալվում է, որ մասնակիցներն իրենց նախագծերն իրականացնեն մեկ ամսվա ընթացքում եւ ընտրված տեղանքում անցկացնեն առնվազն 10 օր։ 

Ֆինանսավորումը

Ընտրված մասնակիցները կստանան մինչեւ 380.000 ՀՀ դրամի չափով ֆինանսական աջակցություն՝ իրենց նախագծերն իրականացնելու եւ կեցության համար։ Խնդրում ենք նախապես պատրաստել եւ հայտին կցել ձեր ծրագրի բյուջեն։ 

Ինչու՞ դիմել «տեղ-տեղ»-ին

Այս նախագիծը բացառիկ հնարավորություն է ընձեռում արվեստագետներին, հետազոտողներին եւ մշակութային գործիչներին՝ ստեղծագործական բացահայտումների եւ միջգիտակարգային համագործակցության համար։ 

«տեղ-տեղ»-ին մասնակցելով, դուք հնարավորություն կունենաք.

  • Անդրադառնալ կարեւոր թեմաների, որոնք հաճախ անտեսվում են արվեստագետների եւ հետազոտողների կողմից,

  • Նպաստել Հայաստանում մշակութային եւ հետազոտական ոլորտների ապակենտրոնացմանը, 

  • Ծանոթանալ Հայաստանի մարզային համայնքների հետ, ներգրավվել նրանց ձեր նախագծերում, համագործակցել նրանց հետ եւ խթանել մշակութային եւ հետազոտական դաշտի բազմազանությանը,

  • Ստանալ ֆինանսական աջակցություն ձեր արվեստային եւ/կամ հետազոտական նախագիծը կյանքի կոչելու համար,

  • Զարգացնել ձեր ստեղծարար կարողությունները, ընդլայնել ձեր կապերը, իմանալ նոր միջավայրերի, մոտեցումների եւ հեռանկարների մասին,

  • Նպաստել Հայաստանի մարզերի ներկայացվածությանը արվեստային եւ հետազոտական նախագծերում։

Ինչպե՞ս դիմել «տեղ-տեղ» ծրագրին

Հետաքրքրված անձանց խնդրում ենք  info@csnlab.net էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել իրենց.

  • CV-ն՝ նշելով արվեստի, մշակույթի եւ/կամ հետազոտության ոլորտներում ձեր փորձի եւ ձեռքբերումների մասին,

  • Պորտֆոլիոն, որտեղ ներկայացված կլինեն ձեր աշխատանքներն ու տեսլականը,

  • Նախագծի նկարագիրը, որտեղ պետք է նշել նախագծի թեման, ժանրը, ընտրված մարզը եւ ժամանակահատվածը։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 15/07/2023-ն է (շաբաթ)։

Արդյունքների մասին կտեղեկացնենք մինչեւ հուլիսի 25-ը։ Ընտրված մասնակիցները կպարտավորվեն CSN Lab-ին ներկայացնել հաշվետվություն, աշխատանքները կիսել եւ հրապարակել «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ի կայքում եւ մասնակցել նախագծերի ներկայացման ամփոփիչ միջոցառմանը։ 

Սիրով կսպասենք ձեր հայտերին։ Հարցերի  կամ լրացուցիչ տեղեկությունների անհրաժեշտության դեպքում ազատ զգացեք գրել մեզ info@csnlab.net հասցեով՝ նամակի թեմայի բաժնում նշելով «տեղ-տեղ_Անուն Ազգանուն» վերնագիրը ։ 

 

«տեղ-տեղ»-ն իրականացվում է Դանիական մշակութային ինստիտուտի (DCI) աջակցությամբ՝ «Նոր ժողովրդավարության հիմնադրամ» (NDF) նախագծի շրջանակներում։