Ֆիրդուս․ այն, ինչ մնում է տեղից

Նախկին Ֆիրդուս թաղամասի եզրագծին կանգուն մնացած պատմական շենքը դառնում է մի վայր, որտեղից կարելի է մտածել, թե ինչ է մնում թաղամասից, երբ այն այլևս չկա։ Ֆիրդուս վերադառնալ նշանակում է վերադառնալ ոչ միայն նրա ճարտարապետությանը, այլև այն հարաբերություններին, պրակտիկաներին ու հոգատարության մշակույթներին, որոնց շնորհիվ տարածքը դառնում է ապրելու վայր, և հարցնել՝ ինչպես կարող են դրանք պահպանվել տարափոփոխ քաղաքի հիշողության մեջ։

Հանրապետության 32 հասցեում գտնվող հին շենքը նայում է դիմացը բարձրացող շինարարական փոշուն։ Ժամանակին այստեղ գործել է Պարսկաստանի հյուպատոսությունը, իսկ այսօր շենքը նոր կյանք է ստանում որպես մշակութային տարածք՝ իր պատերի մեջ կրելով քաղաքի հաջորդական փոխակերպումների հետքերը։ Շուրջը շինարարությունը շարունակում է վերագծել երբեմնի Ֆիրդուսի տարածքը։ Իսկ ապակիների մեջ այդ նույն պատկերը վերադառնում է որպես արտացոլանք․ կանգուն մնացած շենքի մակերեսին մի պահ հանդիպում են հիշողությունն ու անհետացումը։

Հենց այս սահմանագծից է հնարավոր նորեն մոտենալ Ֆիրդուսին։

CSN Lab-ի, Epigraph-ի և Rambalkoshe-ի նախաձեռնությամբ Տիգրան Ամիրյանի հանրային բանախոսությունը զրույց բացեց թաղամասի ճարտարապետական ու քաղաքային փոխակերպումների, բայց նաև երբեմնի առօրյան ձևավորած կյանքի ձևերի շուրջ։ Վայրն ինքնին այս հարցերն անբաժան է դարձնում այն տարածությունից, որտեղ դրանք հնչում են։

Ֆիրդուսը հնարավոր չէ կարդալ միայն ճարտարապետության միջոցով։ Նրա հիշողությունը ցրված է բակերում, լողավազաններում, արհեստանոցներում, մանկապարտեզում, փողոցներում ու տներում, բայց նաև այս տարածություններն իրար կապող հարաբերություններում։ Առօրյա հանդիպումները, աշխատանքն ու խաղը, հյուրընկալությունն ու փոխադարձ աջակցությունը միավորում էին սոցիալական ու մշակութային տարբեր փորձառություններ ունեցող մարդկանց։ Թաղամասը, հետևաբար, ձևավորվում էր ոչ միայն պատերով, փողոցներով ու շենքերով, այլև միասնակյանքի պրակտիկաներով։

Հենց այստեղ հոգատարածությունը քաղաքը կարդալու մեկ այլ հնարավորություն է տալիս։ Քաղաքը ձևավորվում է ոչ միայն նախագծման, կառուցապատման և ճարտարապետական ձևերի միջոցով։ Այն շարունակաբար ստեղծվում է նաև հոգատարության ցանցերով՝ հյուրընկալության ժեստերով, հարևանական հարաբերություններով, համակեցությամբ, ընդհանուր առօրյայով և փոխաջակցության ձևերով։ Այս հարաբերություններն իրենց հերթին տարածական գիտելիք են ստեղծում, որը փոխանցվում է մարմինների, սովորությունների, հիշողությունների ու կրկնվող հանդիպումների միջոցով։

Երբ թաղամասն անհետանում կամ արմատապես փոխակերպվում է, կորուստը հնարավոր չէ չափել միայն քառակուսի մետրերով կամ քանդված կառույցներով։ Բակի անհետացումը կարող է նշանակել նաև այնտեղ հնարավոր դարձած հարաբերությունների անհետացում, ծանոթ ճանապարհի կորուստը՝ հանդիպումների աշխարհագրության ընդհատում, իսկ տան քանդումը կարող է խաթարել նրա պատերից շատ ավելի հեռու տարածվող հիշողության ցանցերը։ Նյութական և ոչ նյութական ժառանգությունն առանձին աշխարհներում չեն ապրում։

«Ֆիրդուս․ տեղի հիշողություն»՝ CSN Lab-ի երկարաժամկետ հետազոտական նախագծերից մեկը, թաղամասին մոտենում է հենց այս միահյուսման միջոցով՝ խաղաղ համակեցության, քաղաքային հիշողության, նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով։ Ֆիրդուս վերադառնալ նշանակում է նաև վերադառնալ այն տարբեր ձևերին, որոնցով հնարավոր է շարունակել ճանաչել մի վայր՝ պատմությունների ու վկայությունների, լուսանկարների ու քարտեզների, ճարտարապետական հետքերի ու առօրյա առարկաների, ինչպես նաև երբեմնի հարաբերությունների ու պրակտիկաների հիշողությունների միջոցով։

Այս դիտանկյունից պահպանումն ավարտուն վիճակ չէ։ Այն չի սկսվում միայն այն ժամանակ, երբ շենքը պահպանվող հուշարձանի կարգավիճակ է ստանում կամ որևէ առարկա հայտնվում է թանգարանում։ Պահպանումը կարող է լինել վավերագրում, լսելու և պատմելու պրակտիկա, մի վայրից մնացած բեկորները կրկին իրար կապելու փորձ։ Հանրային զրույցը նույնպես կարող է դառնալ այս գործընթացի մի մասը՝ ոչ թե վերականգնելով անհետացածը, այլ բաց պահելով դրա անհետացման իմաստը կարդալու հնարավորությունը։

Ուստի առանձնահատուկ նշանակություն է ստանում Ֆիրդուսի մասին խոսել մի շենքից, որը մնացել է կանգուն։ Նրա պատերը կրում են մի քաղաքի հետքերը, մինչդեռ պատուհանները բացվում են շուրջը կառուցվող մեկ այլ քաղաքի վրա։ Ապակու նույն մակերեսին պահպանումն ու անհետացումը մի պահ հայտնվում են դեմ առ դեմ։

 

Ֆիրդուսի հիշողությունը մնում է անհետացածի ու պահպանվածի միջև՝ պատմություններում, տարածական գիտելիքում, հոգատարության մշակույթներում։ Այն շարունակում է ներկա լինել քաղաքում՝ հիշեցնելով, որ տեղի պահպանումը միայն շենքերի ու տարածությունների մասին չէ։ Եվ այդ բացակայության միջից Ֆիրդուսը շարունակում է հարցնել․ ի՞նչ է մնում տեղից, երբ այն այլևս չկա։