«Տեղի անունը» պատերազմների ու հակամարտությունների հետեւանքով տեղահանության ու փախստականության միջով անցած եւ Հայաստանում հաստատված կանանց փորձառությունն ամփոփող փոդքասթ է, որի էպիզոդներից յուրաքանչյուրն արտացոլում է Հայաստանի եւ տարածաշրջանի միգրացիոն հոսքերի համայնապատկերի մի մասը։ Փոդքասթը շոշափում է տեղահանության ոչ միայն ֆիզիկական եւ աշխարհագրական շերտերը, այլեւ՝ այն զգայական ալիքները, որոնք վերապրող կանայք հաճախ հնարավորություն չեն ունենում լիովին հասկանալ եւ ռեֆլեքսիայի ենթարկել իրենց տրավմատիկ փորձառությունը։ Ամեն դրվագ կրում է այն տեղի անունը, ուր այս կանայք թողել են իրենց անցյալը, նեղ ու ընդգրկուն իմաստներով կորցրել տունը, եւ այլեւս չունեն վերադարձի այլ ճանապարհ, քան սեփական հիշողության վրա հիմնված մտաքարտեզները։
«Տեղի անունը» փոդքասթն իրականացվել է «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ի կողմից՝ Հայաստանում կանանց հիմնադրամ-ի աջակցությամբ։ Սույն փոդքասթում արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակներին եւ կարող են չհամընկնել ՀԿՀ-ի տեսակետների հետ:
Տեղի անունը - Intro
Նախագիծը միաձուլում է տարբեր քաղաքներից՝ Ստեփանակերտից, Բաքվից, Կիեւից, Բեյրութից, տեղահանված կանանց պատմություններն ու դրանք ներկայացնում համընդհանուր քաղաաքական, սոցիալական, պատմական ու մշակութային համատեքստերում։ «Տեղի անունը» ունկնդիրների ուշադրությունը հրավիրում է փախստականության եւ տեղահանության կանացի փորձառության եւ տարածաշրջանի միգրացիոն հոսքերի համայնապատկերի վրա։
Փոդքասթը հեղինակել են «CSN Lab»-ի թիմի անդամներ Մարիամ Եղիազարյանը եւ Սոնա Ներսեսյանը։
Ստեփանակերտ - Իլգա Սարգսյան
«Տեղի անունը. Ստեփանակերտ» էպիզոդի շրջանակներում, Ստեփանակերտից բռնի տեղահանված Իլգա Սարգսյանը կիսվում է պատերազմների միջով անցած կյանքի, Լեռնային Ղարաբաղի, շուրջ 9 ամիս տեւած շրջափակման, 2023 թվականի սեպտեմբերին հայերի էթնիկ զտման ու բռնի տեղահանության մասին։ Արցախցի կինը բարձրաձայնում է պատերազմի եւ հետպատերազմյան ճգնաժամի համատեքստում սոցիալական դժվարությունների, խարխլված առօրեական պրակտիկաների եւ խզված կյանքին առնչվող հարցեր եւ մանրամասներ։
Կիեւ - Լիլյա Գրիգորյան
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հրահրած լայնամասշտաբ պատերազմի հետեւանքով Կիեւից Երեւան տեղափոխված Լիլյա Գրիգորյանի պատմությունը Հայաստանում հաստատված ուկրաինացիների փորձառությունը ներկայացնող բացառիկ վավերագրություն է։ «Տեղի անունը» փոդքասթի շրջանակներում տիկին Լիլյան կիսվում է Ուկրաինայում պատերազմի առաջին ամիսների, Հայաստանում հաստատվելու դժվարությունների, ինչպես նաեւ Հայաստանում ռուս եւ ուկրաինացի փախստականների հանդեպ երկակի վերաբերմունքի մասին։
Բաքու - Ռիմա Աբրահամյան
«Տեղի անունը. Բաքու» էպիզոդն ընդլայնում է Հայաստանում միգրացիոն հոսքերի աշխարհագրական ու ժամանակագրական շրջանակն ու ներկայացնում արցախյան հակամարտության եւ ղարաբաղյան առաջին պատերազմի հետեւանքով Բաքվից բռնի տեղահանված Ռիմա Աբրահամյանի պատմությունը։ Տիկին Ռիման հետահայաց վերլուծում է իր անցած ճանապարհը, որն արտացոլում է 90-ականներն ու դրանց հաջորդող ծանր ու տրավմատիկ տարիները։
Բեյրութ - Փաթիլ Չիվեան
«Տեղի անունը. Բեյրութ» էպիզոդում Փաթիլ Չիվեանը պատմում է, թե ինչպես է 2020 թվականի օգոստոսին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո տեղափոխվել է Հայաստան ու կարճ ժամանակ անց հայտնվել 44-օրյա պատերազմի հետեւանքով ստեղծված նոր ճգնաժամային իրականությունում։ Նրա անձնական պատմությունն արտացոլում է քաղաքացիական պատերազմների, քաղաքական ու սոցիալական խնդիրների հետեւանքով «նորմալիզացված ճգնաժամն» ու բնականոն կյանքի անհնարինությունը Լիբանանում։