Re-Lentus 23 - Թբիլիսի

Օրերս Թբիլիսիում կայացավ Re-Lentus  հայ-վրացական  մշակութային երկխոսությանը նվիրված ամենամյա միջոցառման առաջին փուլը։ Այս տարվա ընտրված թեման ուրբանիզմի եւ ճարտարապետության կանանց փորձն է։ 

Հայաստանյան իրավիճակը եւ սեփական փորձառությունը ներկայացնելու համար հրավիրվել էին ճարտարապետ-ուրբանիստ Հեղինե Փիլոսյանը, ճարտարապետությանն ու ուրբանիզմին նվիրված Urbanista.am կայքի համահիմնադիր, լրագրող Անահիտ Մինասյանը եւ վիզուալ արվեստագետ Արմինե Շահբազյանը։ Նրանցից յուրաքանչյուրն իր թեմատիկ ուղղվածության եւ անձնական փորձառության առանցքներից անդրադարձավ վերջին տարիներին քաղաքային միջավայրերում տեղի ունեցող բեկումնային փոփոխություններին, դրանց ազդեցություններին եւ հետեւանքներին։ Բանախոսների զեկույցները մասնավորապես վերաբերում էին ճարտարապետության, ուրբանիզմի եւ մեդիայի կապին, մատչելի եւ հասանելի բնակարանաշինությանը, ճարտարապետության եւ վիզուալ արվեստի հատվող կետերին։

Հանդիպմանը հաջորդեց պանելային քննարկում, որի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան ուղղելու իրենց հարցերն, ինչպես նաեւ կիսվելու կարծիքներով։ Լսարանը հատկապես հետաքրքրված էր, թե ինչպե՞ս է կանացի ինքնությունն ազդում բանախոսների աշխատանքային փորձառության վրա, ինչպիսի՞ նմանություններ եւ տարբերություններ կան Երեւանի եւ Թբիլիսիի ճարտարապետության եւ քաղաքային միջավայրի պլանավորման, զարգացման մեջ, ինչպե՞ս է Երեւանում պահպանվում խորհրդային ժառանգությունը եւ թե որո՞նք են երկու քաղաքներին առնչվող համընդհանուր խնդիրները։

Հուլիս ամսին տեղի կունենա Re-Lentus-ի երկրորդ փուլը՝ երեւանյան միջոցառումը, որի շրջանակներում իրենց մասնագիտական եւ անձնական փորձառությամբ կկիսվեն վրացի կին ճարտարապետներն ու ուրբանիստները։

Re-Lentus-ը մշակութային եւ միջգիտակարգային ամենամյա նախագիծ է, որն իրականացվում է CSN Lab-ի (Հայաստան) եւ CSN Lab–ի (Վրաստան) համագործակցություն արդյունքում։

Ծրագրի շրջանակներում Վրաստանում եւ Հայաստանում անցկացվում են տարատեսակ միջոցառումներ, հանդիպում-քննարկումներ, որոնց ընթացքում հայ եւ վրացի կին արվեստագետները, մշակութային գործիչները, քաղաքացիական հասարակության եւ մեդիա ոլորտի ներկայացուցիչներն ու հետազոտողները Վրաստանի եւ Հայաստանի հանրույթներին ծանոթացնում են իրենց գործունեության շերտերին, ինչպես նաեւ դրանց հիմքում ընկած առանցքային թեմաներին, հարցերին եւ խնդիրներին։ Սա կին արվեստագետների, մշակութային գործիչների եւ հետազոտողների տեսանելիության բարձրացմանը, ինչպես նաեւ հայ-վրացական երկխոսության հաստատմանն ու ամրապնդմանը միտված նախաձեռնություն է, որի շրջանակներում Հայաստանի եւ Վրաստանի հանրույթները բացառիկ հնարավորություն ունեն ծանոթանալու հարեւան երկրում ստեղծագործող կանանց գործունեությանը, նրանց հուզող հարցերին, մտահոգություններին եւ խոչընդոտներին։

Re-Lentus նախագիծն իրականացվում է Դանիական մշակութային ինստիտուտի աջակցությամբ՝ «Նոր ժողովրդավարության հիմնադրամ» նախագծի շրջանակներում։ 

 

Լուսանկարների հեղինակ՝ Գեորգի Կոլբայա