Re-Lentus 2026 հայ-վրացական ամենամյա մշակութային երկխոսական ծրագիրը համախմբեց ճարտարապետների, դիզայներների և մշակութային ոլորտի ներկայացուցիչների՝ խորհելու, թե ինչպես են տարածությունները ձևավորվում, կառուցվում, պահպանվում և շարունակաբար վերաիմաստավորվում։ Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիայի (CSN Lab, Հայաստան) և CuMa Lab-ի (Վրաստան) համագործակցությամբ իրականացվող երկխոսական ծրագիրը այս տարի քննում և վեր էր հանում այն բազմաթիվ ձևերը, որոնցով ճարտարապետությունն ու դիզայնը դուրս են գալիս լոկ շինարարության սահմաններից՝ վերածվելով համայնքներ ձևավորող, մշակութային հիշողությունը պահպանող և ժողովրդավարական հասարակություններ ամրապնդող պրակտիկաների։

Արդեն հինգերորդ տարին իրականացվող Re-Lentus-ը շարունակում է բարձրացնել կին մշակութային գործիչների տեսանելիությունը՝ միաժամանակ ամրապնդելով հայ-վրացական երկարաժամկետ երկխոսությունն ու համագործակցությունը։ Արձագանքելով տարածաշրջանի սոցիալական և քաղաքական իրողություններին՝ ծրագրի յուրաքանչյուր թողարկում անդրադառնում է նոր թեմայի՝ այն բացահայտելով կին արվեստագետների, հետազոտողների և մշակութային մասնագետների փորձառությունների միջոցով, որոնց գործունեությունը արձագանքում է ժամանակի հրատապ մարտահրավերներին։
Երևանի Թումո ստուդիաներում կայացած այս տարվա հանրային միջոցառումը համախմբեց ճարտարապետների, դիզայներների, արվեստագետների, հետազոտողների, ուսանողների և մշակութային ոլորտի ներկայացուցիչների։ Դիզայնը դիտարկելով ոչ որպես զուտ գեղագիտական գործունեություն, այլ որպես հասարակական և մշակութային գործընթաց՝ միջոցառման շրջանակում ներկայացված երեք բանախոսություններն էլ վեր հանեցին, թե ինչպես են ժամանակակից տարածական պրակտիկաները հատվում մշակութային ժառանգության, կայուն զարգացման, համայնքային մասնակցության, հիշողության և ժողովրդավարության հարցերի հետ։

Միջոցառումը մեկնարկեց Idaaf Architects ստուդիայի հիմնադիր, ճարտարապետ Նանա Զաալիշվիլիի՝ «Ալիզ․ շրջանաձև շինարարության մանիֆեստ» խորագրով ելույթով։ Հենվելով ալիզի՝ ավանդական չթրծված աղյուսի շուրջ իրականացրած երկարամյա հետազոտությունների վրա՝ նա քննադատական հայացք նետեց ժամանակակից շինարարությանը, որն առավելապես առաջնորդվում է արագության, արդյունավետության և առևտրային շահույթի տրամաբանությամբ։ Վավերագրական նյութերի և Idaaf Architects-ի հետազոտական աշխատանքների օրինակների միջոցով Զաալիշվիլին ցույց տվեց, թե ինչպես կարող են տեղական նյութերն ու ավանդական շինարարական գիտելիքը դառնալ էկոլոգիապես կայուն այլընտրանքներ։
Around the Studio միջգիտակարգային դիզայն ստուդիայի հիմնադիրներ Տիկա Շելիան և Անո Ջիշկարիանին ներկայացրին իրենց անկախ ստուդիայի ստեղծման պատմությունը՝ պատմելով, թե ինչպես են ճարտարապետությունն ու դիզայնը, ինչպես նաև արվեստային պրակտիկան, անխուսափելիորեն արձագանքում սոցիալական և քաղաքական փոփոխություններին։ Համատեղ նախագծերի օրինակներով բանախոսները ներկայացրին, թե ինչպես կարող է անկախ դիզայնը դառնալ փորձարարության, քննադատական մտածողության և հանրային ներգրավվածության հարթակ։

Ծրագիրն ամփոփեց ճարտարապետ, հետազոտող և The National Trust of Georgia կազմակերպության կամավոր Իրինե Լոմաձեն՝ «Ցիսկարեբի․ անտեսանելի շղթան, որը կապում է մեզ միմյանց և այն վայրին, որը մենք կառուցում ենք» խորագրով բանախոսությամբ։ Անդրադառնալով Europa Nostra-ի Գրան պրի մրցանակին արժանացած Ցիսկարաուլի աշտարակի վերականգնման նախագծին՝ Լոմաձեն խոսեց մշակութային ժառանգության պահպանման գործում համայնքային մասնակցության նշանակության մասին՝ ցույց տալով, թե ինչպես կարող է վերականգնումը դառնալ ոչ միայն պատմական կառույցների պահպանման, այլև համայնքների համախմբման և հզորացման միջոց։
Բանախոսություններին հաջորդած հարցուպատասխանը նաև հնարավորություն ընձեռեց ներկաների հետ քննարկել Հայաստանի և Վրաստանի առջև ծառացած մի շարք ընդհանուր մարտահրավերներ՝ մշակութային ժառանգության պահպանությունից և ճարտարապետի պատասխանատվությունից մինչև կայուն շինարարություն և դիզայնի դերը ժողովրդավարական հասարակություններում։ Լսարանի հարցերը քննարկումը դուրս բերեցին առանձին նախագծերի շրջանակներից՝ առաջարկելով վերաիմաստավորել ճարտարապետների և դիզայներների փոփոխվող դերն այսօր՝ ոչ միայն որպես պատվեր իրականացնող մասնագետների, այլև որպես հանրային խոսույթ ձևավորող, համայնքների շահերը պաշտպանող և ավելի արդար ապագաներ պատկերացնող մշակութային դերակատարների։
Թեև յուրաքանչյուր ելույթ թեմային մոտեցավ տարբեր տեսանկյունից՝ անդրադառնալով կայուն նյութերին, միջգիտակարգային դիզայնին կամ մշակութային ժառանգության պահպանությանը, դրանք միասին ցույց տվեցին, որ տարածությունները մշտապես ձևավորվում են քաղաքական իրողությունների, տեղական գիտելիքի, հավաքական հիշողության, բնապահպանական պատասխանատվության և այն համայնքների միջոցով, որոնք բնակեցնում են այդ տարածքները։
Ինչպես նախորդ տարիներին, Re-Lentus-ը դարձյալ ոչ միայն մասնագիտական փորձի փոխանակման հարթակ էր, այլև տարածաշրջանային կայուն համագործակցությունների ձևավորման հնարավորություն։ Վրաստանից ժամանած ճարտարապետներին, դիզայներներին և հետազոտողներին համախմբելով հայկական լսարանի հետ՝ ծրագիրը ևս մեկ անգամ ընդգծեց սահմաններից անդին մշակութային երկխոսության կարևորությունը՝ մի ժամանակաշրջանում, երբ ժողովրդավարական արժեքները, մշակութային իրավունքներն ու համագործակցային պրակտիկաները շարունակում են առանցքային նշանակություն ունենալ տարածաշրջանի համար։
Re-Lentus-ն ամենամյա մշակութային և միջգիտակարգային նախաձեռնություն է, որն իրականացվում է CSN Lab-ի (Հայաստան) և CuMa Lab-ի (Վրաստան) համագործակցությամբ՝ Դանիական մշակութային ինստիտուտի աջակցությամբ՝ «Նոր ժողովրդավարության հիմնադրամ» (New Democracy Fund) ծրագրի շրջանակում։