ԲԱԴ 2024 | Բաց կանչ

«Բարդ անցյալի դպրոց. միգրացիա» եռօրյա ինտենսիվ ծրագիր - Սեպտեմբերի 20-22
 
 
CSN Lab-ը մեկնարկում է «Բարդ անցյալի դպրոց» ամենամյա նախագծի նոր փուլը։ ԲԱԴ-ի այս տարվա թեմատիկ շրջանակը ներառում է պատերազմների և հակամարտությունների համատեքստում բռնի տեղահանությունների, փախստականության և միգրացիայի հիմնահարցերը։
 
Եռօրյա ինտենսիվ ծրագրի շրջանակներում տեղի կունենան.
*Թեմատիկ դասախոսություններ և քննարկումներ,
*Աշխատարաններ,
*«Ազատ խոսափող» ձևաչափով միջոցառումներ,
*Գրքերի և մուլտիմեդիա նախագծերի շնորհանդեսներ,
*Հիշողության շրջայց Երևանում։
 
2020 թվականից ի վեր, բռնկվող ռազմական գործողությունների և բռնի տեղահանությունների արդյունքում, ավելի քան 100 հազար արցախցի հաստատվել է Հայաստանում։ Առկա միգրացիոն հոսքերն ավելի են խտանում պայմանավորված տարածաշրջանի այլ հակամարտություններով ու պատերազմներով։
 
«Բարդ անցյալի դպրոց» նախագծի շրջանակներում, տարատեսակ մշակութային և սոցիալական հիմնահարցերի՝ միգրացիայի և հիշողության քաղաքականության, ճարտարապետության, գրականության, լուսանկարչության և այլ թեմաների ուսումնասիրության և խորքային ռեֆլեքսիայի ճանապարհով փորձելու ենք հասկանալ, թե ինչպես են փոխկապակցված անցյալի բեկումնային դիպվածներն ու նորօրյա շրջադարձային զարգացումները, և թե ինչպես են միգրացիոն ճգնաժամն ու փախստականության հոսանքները ազդում արդի բազմաշերտ իրականության վրա։
 
ԲԱԴ ծրագիրը բաց է մշակութային գործիչների, հետազոտողների, արվեստագետների, քաղաքացիական հասարակության անդամների, մեդիա ոլորտի ներկայացուցիչների և ուսանողների համար։ Մեր թիմը հատկապես կարևորում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց մասնակցությունը մեր նախաձեռնությանը։
 
«Բարդ անցյալի դպրոցը» տեղի կունենա Սեպտեմբերի 20-22-ին, Երևանում։ Ծրագրին մասնակցելու համար լրացրեք մասնակցության հայտը՝
Դիմելու վերջնաժամկետը Սեպտեմբերի 10-ն է։
 
«Բարդ անցյալի դպրոց. միգրացիա» ծրագիրն իրականացնում է Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիան (CSN Lab) Դանիական մշակութային ինստիտուտի (DCI) «Նոր ժողովրդավարության հիմնադրամ» (NDF) նախագծի և «Հայաստանում կանանց հիմնադրամի» (WFA) աջակցությամբ։