Ինչպե՞ս են ընտրական գործընթացները, քաղաքական արդյունքներից և իշխանության բաշխումից անդին ձևավորում ընկալում, մտածելակերպ և երկարաժամկետ ընտրություն։ Ի՞նչ է քողարկված քվեարկության հետևում, և ինչպե՞ս են մեր որոշումները խթանվում, թելադրվում և փոխակերպվում։
CSN Lab-ի ամենամյա այլընտրանքային կրթական ծրագրի՝ «Բարդ անցյալի դպրոց 2026»-ի շրջանակում հենց այս հարցերն են բերվել քննարկման դաշտ։
Այս տարի, «ընտրություն» խորագրի ներքո, ԲԱԴ-ը քննության առանցքում դրեց Հայաստանում առաջիկա ընտրական գործընթացները՝ դիտարկելով ընտրությունները ոչ որպես մեկուսացված քաղաքական իրադարձություններ, այլ որպես բարդ սոցիալական և մշակութային երևույթներ։ Արձագանքելով ներկայիս աշխարհաքաղաքական համատեքստին, բևեռացման աճող մթնոլորտին և ժողովրդավարական ներգրավվածության հրատապությանը՝ ԲԱԴ-ն ընտրությունները դիտարկեց որպես տարածություն, որտեղ իշխանությունը, նարատիվները և գաղափարները շարունակ կառուցվում, վիճարկվում և բանակցվում են։
Գործելով մշակութային հետազոտությունների, քննադատական տեսության և այլընտրանքային կրթության խաչմերուկում՝ CSN Lab-ը շարունակում է ուսումնասիրել, թե ինչպես է մշակույթը գործում որպես քաղաքական գործընթացները հասկանալու և վերաիմաստավորելու հարթակ։ ԲԱԴ 2026-ը միավորեց միջգիտակարգային տեսանկյուններ՝ բացահայտելու ընտրությունների բազմաշերտ դինամիկան՝ պատմական փոխակերպումներից և փիլիսոփայական մտորումներից մինչև մեդիա միջավայր, խոսույթ և սոցիալական անհավասարություն։
Եռօրյա ծրագիրը, որը տեղի ունեցավ մայիսի 29-ից 31-ը Աղվերանում, համադրեց դասախոսություններ, քննարկումներ և աշխատարաններ՝ ստեղծելով տարածք ինչպես քննադատական վերլուծության, այնպես էլ փորձառական ուսուցման համար։
Հայաստանում ընտրական գործընթացների պատմական շերտերը բացահայտվեցին Վարդինե Գրիգորյանի բանախոսության միջոցով։ Նա ներկայացրեց ընտրական գործընթացների զարգացումը 1990-ականներից մինչ մեր օրերը՝ հենվելով թե՛ վիճակագրական տվյալների, թե՛ իր՝ որպես ընտրությունների դիտորդի անձնական փորձի վրա։ Վարդինե Գրիգորյանը քարտեզագրեց ընտրական պրակտիկաների փոխակերպումները՝ անդրադառնալով ընտրախախտումների կանխարգելման մեխանիզմներին, ինչպես նաև թափանցիկության աստիճանական աճին։ Ընտրությունները դիտարկելով որպես հիշողությամբ և հանրային ընկալումներով ձևավորված կենսափորձ՝ նա ընդգծեց քվեարկության հետ կապվող իմաստների փոփոխությունն ու դրա աճող նշանակությունը որպես քաղաքացիական ակտ ժամանակակից Հայաստանում։ Քննարկումը, որը ծավալվեց բանախոսության շուրջ, անդրադարձավ ժողովրդավարական զարգացման և մասնակցության դերի հարցերին՝ ցույց տալով, թե ինչպես են հիշողությունը, սոցիալական պրակտիկաների պատմությունը և ժողովրդավարացման բարդ գործընթացները փոխհատվում հայաստանյան հասարակությունում։
Ընտրության փիլիսոփայական և մշակութային շերտերը ձևավորվեցին որպես հաջորդ կարևոր թեմատիկ ուղղություն Տաթևիկ Ղազարյանի բանախոսության շրջանակում։ Նրա ուսումնասիրությունը ծավալվեց որպես բազմաշերտ վերլուծություն՝ անցում կատարելով հին շրջանից դեպի ժամանակակից հասարակություններ և ներառելով որոշումների կայացման, պատասխանատվության և գործորդության վերաբերյալ փիլիսոփայական դիտարկումներ։ Ինտերակտիվ մեկնարկի միջոցով մասնակիցները անդրադարձան ընտրությունների վերաբերյալ իրենց սեփական ընկալումներին՝ ձևավորելով հետագա քննարկման հիմքը։ Պատմական, մարդաբանական և հոգեբանական դիտարկումների միջոցով Տաթևիկ Ղազարյանը ընդգծեց մտաշահարկման, բևեռացման և ճանաչողական շրջանակների դերը քաղաքական ընտրությունների ձևավորման մեջ։ Նրա բանախոսությունը շեշտադրում էր այս գործընթացներում կողմնորոշվելու համար քննադատական մտածողության կարևորությունը։
Արդի ընտրական գործընթացներում շահարկումների աճող դերը հաշվի առնելով և մասնավորապես ահագնացող մեդիա աղմուկի համատեքստում հանրային ընկալումների ձևավորումը դարձավ քննարկման առանցքային ուղղություններից մեկը։ Ժամանակակից մեդիա միջավայրերում հանրային ընկալումների ձևավորման հարցը քննության առնվեց Սամվել Մարտիրոսյանի վերլուծությամբ։ Միջազգային տարբեր փորձերի վրա հիմնվելով, Սամվել Մարտիրոսյանը վեր հանեց թե ինչպես են մեդիա էկոհամակարգերը ձևավորում քաղաքական դիրքորոշումները և ընտրողների վարքագիծը։ Նրա վերլուծությունը բացահայտեց, թե ինչպես են թվացյալ գերիշխող հանրային կարծիքները ձևավորվում բարդ մեխանիզմների միջոցով՝ ներառելով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային դերակատարների։ Ընդգծելով թվային ենթակառուցվածքների և նոր տեխնոլոգիաների աճող դերը՝ Մարտիրոսյանը շեշտեց մեդիա գրագիտության կարևորությունը ընտրական իրականությունները հասկանալու և դրանցում կողմնորոշվելու համար։
ԲԱԴ 2026-ի ընթացքում կարմիր թելով անցնող թեմաներից մեկը գենդերային հարցն էր։ Այն զարգացավ նաև Մարիամ Խալաթյանի վերլուծության ընթացքում, որը ներկայացրեց Հայաստանում հակաժողովրդավարական նարատիվները՝ հիմնվելով «Սոցիոսկոպ» հետազոտական կենտրոնի ուսումնասիրությունների վրա։ Նրա զեկույցը ներկայացնում էր մանրազնին վերլուծություն այն մասին, թե ինչպես են քաղաքացիական հասարակության դերակատարները թիրախավորվում նախընտրական համատեքստում՝ լեգիտիմությունը կասկածի տակ դնող նարատիվների և հռետորական ռազմավարությունների միջոցով։ Այս գործընթացները դիտարկելով ժողովրդավարական ավելի լայն մարտահրավերների շրջանակում՝ նա ընդգծեց քաղաքացիական հասարակության առջև ծառացած ճնշումները հատկապես բևեռացված միջավայրերում, ինչպես նաև ատելության խոսքից պաշտպանող բավարար մեխանիզմների բացակայությունը՝ միաժամանակ կարևորելով քաղաքացիական հասարակության շարունակական դերը ժողովրդավարական գործընթացների պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության գործում։
Թեմայի շուրջ լայն համատեքստում անչափ կարևոր են դառնում դավադրության տեսությունները՝ որպես Հայաստանի քաղաքական, մեդիա և մշակութային դաշտերում կայուն ներկայություն ունեցող նարատիվներ։ CSN Lab-ը տարիներ շարունակ ուսումնասիրում է դավադրությունները, որպես հակաժողովրդավարական խոսույթ։ Այս թեմային նախընտրական համատեքստում արդեն իսկ անդրադարձել ենք «Դավադիտարան» նախագծի շրջանակում, և այն դարձել է դպրոցի կարևոր թեմատիկ ուղղություններից մեկը։
Այսպիսով, վստահության ճգնաժամն ու դավադրության տեսությունները դիտարկվեցին որպես ժամանակակից քաղաքական իրականությունները ձևավորող առանցքային դինամիկաներ Տիգրան Ամիրյանի վերլուծության միջոցով։ Հիմք ընդունելով միջգիտակարգային մոտեցումները՝ նա հետագծեց դավադրապաշտ մտածողության պատմական զարգացումը և վերլուծեց դրա ազդեցությունը հավաքական ընկալումների և քաղաքական վարքագծի վրա՝ ցույց տալով, թե ինչպես են այդ նարատիվները ազդում ընտրական գործընթացների վրա և նպաստում հասարակություններում վստահության ճգնաժամերի խորացմանը։
Ներկայացվածության և անհավասարության հարցերը վերհանվեցին նաև Էդգար Զատիկյանի անդրադարձում՝ ընտրությունների և գենդերային դինամիկաների համատեքստում։ Հենվելով «PINK» իրավապաշտպան ՀԿ-ում իր փորձի վրա՝ նա ցույց տվեց, թե ինչպես են սեռային ընկալումները ձևավորում քաղաքական մասնակցությունը՝ ընդգծելով, որ կանայք անհամաչափորեն թիրախավորվում են արտաքինի և վարքի հիմքով, մինչդեռ նմանատիպ երևույթները հաճախ նորմալացվում են տղամարդ քաղաքական գործիչների դեպքում։ Քննարկումը ներառեց նաև փոքրամասնությունների նկատմամբ խտրական նարատիվների և ատելության խոսքի շրջանառությունը, ինչպես նաև այն, որ քվոտավորման մեխանիզմները միշտ չէ, որ հանգեցնում են իրական քաղաքական փոփոխությունների՝ բացահայտելով ընտրական համակարգերում ներառական ներկայացվածության կառուցվածքային մարտահրավերները։
Քաղաքական և ընտրական խոսույթի սրվող դինամիկաները դպրոցի շրջանակներում վերլուծության ենթարկվեցին Ռաֆիկ Սանթրոսյանի բանախոսությամբ, որը հիմնված էր խոսույթի քննադատական վերլուծության վրա։ Նա քաղաքական խոսույթը դիտարկեց որպես նշանագիտական երևույթ՝ ընդգրկելով և՛ խոսքային, և՛ տեսողական շերտերը։ Վերլուծելով ընտրարշավի քաղաքական խոսույթը՝ ցույց տալով, թե ինչպես է իմաստը ձևավորվում լեզվի, նշանների և տեսողական ներկայացման փոխազդեցության արդյունքում՝ ընդգծելով համոզիչ և ձեռնածական խոսույթների տարբերությունը, ինչպես նաև նարատիվների կառուցման դերը քաղաքական իրականությունների ձևավորման մեջ։
CSN Lab-ը յուրաքանչյուր ԲԱԴ կառուցում է որպես մեթոդների և մոտեցումների համադրություն՝ նպատակ ունենալով ստեղծել բաց, մասնակցային և համաստեղծարարության միջավայր։ Նախորդ տարիներին ծրագիրը ներառել է հիշողության շրջայցեր, կազմակերպել երկխոսություններ կոնֆլիկտների շուրջ, բաց խոսափող ձևաչափեր, պերֆորմանսներ և այլ փորձարարական մեթոդներ։
Այս լույսի ներքո ծրագիրը ընդլայնվեց նաև մասնակցային աշխատարանի միջոցով, որը կառուցված էր ընտրական գործընթացների սիմուլյացիայի սկզբունքով։ Մասնակիցները բաժանվեցին խմբերի՝ ձևավորելով պայմանական քաղաքական կուսակցություններ, որոնց առաջադրանքը քաղաքական օրակարգերի և քարոզարշավային մարտավարությունների մշակումն էր։ Առաջին օրվա ավարտին մեկնարկած աշխատարանը ստեղծեց մի տարածք, որտեղ տեսական քննարկումները վերածվում էին գործնական ներգրավվածության՝ ներկայացվածության և քաղաքական դիրքավորման հարցերի շուրջ։
Աշխատարանն ամփոփվեց մասնակիցների կողմից մշակված քաղաքական օրակարգերի ներկայացմանը, որտեղ անդրադարձ կատարվեց Հայաստանում առկա ժամանակակից մարտահրավերներին և առաջարկվեցին լուծումներ՝ համադրելով վերլուծական և ստեղծարար մոտեցումներ քաղաքական հաղորդակցության մեջ։ Այնուհետև սկսվեցին ԲԱԴ ընտրություններ, որի համատեքստում բոլորը մասնակցեցին թափանցիկ քվեարկության։ Սիմուլյացիան ավարտվեց մասնակիցների ձևավորած կուսակցություններից մեկի ընտրությամբ, որին հաջորդեց խորհրդանշական գործողություն՝ քաղաքական հաջողությունը վերաիմաստավորելով որպես պատասխանատվություն և ընդգծելով, որ կառավարման հիմքում ոչ թե պարզապես հաղթանակն է, այլ ծառայությունը։
ԲԱԴ 2026-ն ավարտվեց կարծիքների փոխանակմամբ, դպրոցի ամփոփմամբ ու գնահատմամբ, որտեղ մասնակիցները կիսվեցին իրենց փորձառություններով և դիտարկումներով։ Բաց քննարկումը կարևորեց ընտրությունների թեմայի արդիականությունն ու բազմաշերտությունը, ինչպես նաև այն տարբեր միջգիտակարգային տեսանկյուններից դիտարկելու արժեքը։ Մասնակիցները շեշտեցին ուսումնական միջավայրի բաց և ներառական բնույթը, հիերարխիկ սահմանափակումների բացակայությունը և ծրագրի ընթացքում ձևավորված համայնքային զգացումը։
Շատերը նշեցին, որ տեսագործնական բաղադրիչների համադրությունը հնարավորություն տվեց ավելի խորությամբ հասկանալու ընտրական գործընթացները՝ միաժամանակ խթանելով քաղաքական իրականությունների քննադատական վերաիմաստավորումը ծրագրից անդին։ Քննարկումները նպաստեցին քաղաքական խոսույթի, հանրային նարատիվների և անհատական ու հավաքական ընտրությունների ձևավորման մեխանիզմների նկատմամբ նոր հետաքրքրության ձևավորմանը։
«Բարդ անցյալի դպրոց․ ընտրություն» նախագծի միջոցով CSN Lab-ը վերահաստատում է բարդ քաղաքական և մշակութային գործընթացների ուսումնասիրության մեջ այլընտրանքային կրթության միջոցով քննադատաբար ներգրավվելու իր հանձնառությունը՝ ստեղծելով տարածքներ, որտեղ գիտելիքը, քննարկումը և համաստեղծարարությունը փոխհատվում են՝ նպաստելով ավելի իրազեկ և ներգրավված համայնքների ձևավորմանը։
«Բարդ անցյալի դպրոց 2026»-ն իրականացվում է «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա» (CSN Lab) հասարակական կազմակերպության կողմից՝ «Նոր ժողովրդավարության հիմնադրամի» (NDF), «Հայաստանում կանանց հիմնադրամի» (WFA) և Marion Dönhoff հիմնադրամի աջակցությամբ։