Օգոստոսի 26-27-ին կայացավ «Թումանյանի պատմասության միջազգային փառատոնը», որի շրջանակներում ներկայացրինք վերջերս հրատարակված «Գետառ. գետի հիշողությունը» հետազոտական նախագիծը, եւ «ZINEադադար» հանդեսի երրորդ` «Անհանգիստ ճամպրուկ» հրատարակությունը։
Տիգրան Ամիրյանը և գրող Արամ Պաչյանը պատմեցին «Գետառ. գետի հիշողությունը» նախագծի կարևորության և գրքի ստեղծման մասին, անդրադարձան այն հիմահարցերին և առանցքային թեմաներին, որոնք վեր է հանում այս աշխատությունը։ Տիգրան Ամիրյանը խոսեց աշխատության բովանդակային և մեթոդաբանական մանրամասների շուրջ, Գետառի սոցիալական հիշողության, մշակույթի և շրջակա միջավայրի փոխհարաբերության, ինչպես նաև՝ գետի հիդրոպոետիկայի մասին։ Արամ Պաչյանը վերլուծեց Գետառի մշակութային հիշողությանը, հատկապես այն, թե ինչ հանգամանքներում է գետն աստիճանաբար դուրս մղվել գրականությունից, ապա՝ քաղաքային տարածությունից։ Գրքի ներկայացմանը հաջորդեց քննարկում, որի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան տալ իրենց հետաքրքող հարցերը։ Մասնակիցները հատկապես հետաքրքրված էին գետի էկոլոգիական խնդիրների շուրջ շարժման բացակայության պատճառներով և մշակութային տեսանկյունից գետի կարևորությամբ։
Թումանյանի պատմասության միջազգային փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ նաև «ZINEադադար» զիների շարքի 3-րդ՝ «Անհանգիստ ճամպրուկ» զինի շնորհանդեսը, որն անդրադառնում է պատերազմների և զինված հակամարտությունների համատեքստում տեղահանության թեմային։ Տարածաշրջանի տարբեր երկրներում տիրող պատերազմների ու հակամարտությունների հետևանքով տեղահանված կանանց փորձառությունն ամփոփող և փորձագիտական տեքստերի համադրման միջոցով զինն անդրադառնում է տեղի հետ կապվածության և խարսխված հիշողության խզման անչափ նուրբ և զգայուն խնդրին։ CSN Lab-ի ծրագրերի համակարգող Մարիամ Եղիազարյանը նախ և առաջ հակիրճ ներկայացրեց «ZINEադադար» նախագիծը, դրա բաղադրիչները, մեթոդաբանությունը և այն հիմնահարցերը, որոնք վեր են հանվում ծրագրի շրջանակներում։ Այնուհետև հանգամանորեն անդադարձ կատարվեց երրորդ՝ «Անհանգիստ ճամպրուկ» զինին, որը լայն աշխարհագրությամբ հավաքագրում և վերլուծում է տարածաշրջանի տարբեր պատերազմական և լարված կետերում ապրող և տեղահանության տրավմատիկ փորձառությանը բախված կանանց պատմությունները՝ ընգրկելով Հայաստանը ու Արցախը, Ուկրաինան, Վրաստանը ու Աբխազիան և Բելառուսը։
CSN Lab-ի ներկայացումներից և քննարկումներից հետո փառատոնի հյուրերը և Թումանյան համայնքի բնակիչները հնարավորություն ունեցան ձեռք բերել «Գետառ. գետի հիշողությունը» գիրքը, ինչպես նաև «ZINEադադար» նախագծի շրջանակներում հրատարակված երեք զիները և վիզուալ արվեստագետների կողմից ստեղծված թեմատիկ պաստառները։