Շարունակելով ձևավորվող համագործակցության ավանդույթը՝ CSN Lab-ը և ZK/U – Արվեստի և ուրբանիստիկայի կենտրոնը նորեն հանդիպում են Բեռլինում․ այս անգամ՝ երկխոսության տարածք ստեղծելու արվեստի, շրջակա միջավայրի, հիշողության և հակամարտության փոխհատման կետում։
CSN Lab-ի «Մենք ապրել ենք միմյանց տներում» շարունակական ծրագիրը, որը նպատակ ունի ստեղծել երկխոսության տարածքներ հետպատերազմական և հակամարտային իրադրությունում, այս միջոցառման շրջանակներում մասնավորապես միավորում է հայ և ադրբեջանցի արվեստագետներին ու կինոգործիչներին՝ քննելու ու հարցադրելու համակեցությունն ու բաժանումը, ընդհանուր և տրոհված լանդշաֆտները, տեղահանությունն ու հիշողությունը։ Սեպտեմբերի 9-ին ZK/U-ի լայնարձակ սրահում միավորվեցին արվեստագետներ և մշակութային գործիչներ՝ հնչեցնելու մի հարց, որը պարզ պատասխան չունի․ տասնամյակների հակամարտությամբ ձևավորված սահմանների աշխարհագրությունում երկխոսության ի՞նչ ձևեր են դեռ հնարավոր։

«Մենք ապրել ենք միմյանց տներում» ծրագրի վերնագիրը ծնվում է հայ-ադրբեջանական համակեցության մասին անձնական հիշողությունների և այլընտրանքային նարատիվների հետ CSN Lab-ի երկարատև աշխատանքից։ Բացման իրենց խոսքում Տիգրան Ամիրյանն ու Արսեն Աբրահամյանը դիմում են հակամարտության տարբեր ժամանակաշրջաններում ապրելու անձնական փորձառություններին և այն հարցին, թե ինչպես են պատերազմը, տեղահանումը, լռությունն ու ժառանգված պատումները ձևավորել սերունդներ սահմանի երկու կողմերում։ Հակամարտության պատումից անդին, սակայն, ապրում են պատմություններ այն մասին, թե ինչպես են հայերն ու ադրբեջանցիներն ապրել կողք կողքի, կիսել թաղամասեր, առօրյա պրակտիկաներ և եղել ընկերներ։ Բառացիորեն՝ ապրել միմյանց տներում։
Տունը դառնում է այս միահյուսված պատմությանը մոտենալու առաջին տարածքներից մեկը։ Հայ կինոռեժիսոր և արվեստագետ Վարդուհի Բալյանի «Մեկի բացակայությամբ» վավերագրական նախագծում գլխավոր հերոսի՝ Արշակի պատմությունը հարցեր է բացում պատկանելության, տան և դրա սահմանների շուրջ՝ ընդարձակելով այն դեպի լանդշաֆտ, աշխարհագրություն ու տեղի հիշողություն։ Վավերագրական ֆիլմի կարճ հոլովակն արդեն իսկ ընդգծում է այս հարցը՝ վեր հանելով, թե ինչպես են քաղաքական սահմաններն ու տարածքային բաժանումները ներթափանցում խիստ անձնական պատմություններ։ «Մեկի բացակայությամբ» նախագծում լանդշաֆտը դառնում է տարածք, որտեղ ստեղծվում են պատկանելության, բաժանման ու բացակայության լարումները։ Ի՞նչ է տեղի ունենում կյանքի հետ, երբ տրոհվում է միջավայրը։ Եվ ի՞նչ է տեղի ունենում հիշողության հետ, երբ այն աշխարհագրությունը, որին այդ հիշողությունը պատկանում է, դառնում է անհասանելի։

Աշխարհագրության մեկ այլ հորիզոն է բացում ադրբեջանցի լուսանկարիչ և կինոռեժիսոր Ռենա Էֆենդիի «Փնտրելով Սատիրուսը» ֆիլմը։ Հազվագյուտ Satyrus effendi թիթեռի փնտրտուքը վերածվում է շարժման Հարավային Կովկասի լեռնային սահմանամերձ տարածքներով, որտեղ անձնական հիշողությունը բախվում է քաղաքական սահմաններին, հակամարտության ու տեղահանության պատնեշներին։ Սահմանները խախտող թիթեռի որոնումները Ռենա Էֆենդիին ի վերջո ստիպում են հատել այդ սահմանները, հայտնվել տասնամյակներով անհասանելի տարածքներում։ Satyrus effendi-ն դառնում է ուղեկից անչափ անձնական փորձառության ու ճանապարհի, որի վերջնակետում ոչ միայն սպասում է բաղձալի թիթեռին գտնելու բերկրանքը, այլ նաև հայ-ադրբեջանական հակամարտության ստվերված պատումները և խաղաղության հնարավորությունը։ Հայտնվելով կողք կողքի՝ երկու նախագծերը լանդշաֆտը վերածում են գործորդի՝ հիշողության աշխարհագրության։

Ցուցադրություններին հաջորդեց Վարդուհի Բալյանի և Ռենա Էֆենդիի հետ զրույց, որը հյուսվում էր հակամարտությամբ և հավաքական տրավմայով ձևավորված հասարակություններում մշակութային աշխատանքի կենտրոնական բարդություններից մեկի շուրջ․ ինչպե՞ս գտնել բռնության և երկարատև մեկուսացման մասին խոսելու լեզու՝ չվերարտադրելով հակամարտության լեզուն։ Գեղարվեստական պրակտիկան նաև ընտրություն է նրա մասին, թե ինչը կարելի է ցույց տալ, ինչը՝ արտաբերել, և ինչը գուցե պետք է թողնել առանց հանգուցալուծման։
Այս երկխոսությունը պատկերներից ու պատումներից բացի տեղափոխվեց նաև ոչ ֆորմալ զրույցի տարածք։ CSN Lab-ի ստեղծագործական տնօրեն Հարություն Թումաղյանի կողմից հատուկ համադրված ընթրիքը միավորեց հյուրերին՝ այդ թվում Բեռլինում հաստատված հայկական, ադրբեջանական համայնքներին, մեկ սեղանի շուրջ՝ տարածաշրջանի տարբեր համերի, ուտեստների ու խոհարարական ավանդույթների շուրջ։ Ընդհանուր սեղանը դարձավ համակեցության մասին մտածելու ևս մեկ եղանակ։ Ծանոթ համերն ու խոհարարական հղումներն իրենց մեջ կրում են շարժման, մտերմության ու փոխանակման սեփական պատմությունները՝ տեսանելի դարձնելով մշակութային այն շարունակականությունները, որոնք պահպանվում են քաղաքական հակամարտությամբ բաժանված հասարակությունների միջև։
«Մենք ապրել ենք միմյանց տներում» ծրագրի բեռլինյան միջոցառումն իրականացվում է Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիայի (CSN Lab) կողմից՝ Բեռլինի ZK/U Արվեստի և ուրբանիստիկայի կենտրոնի հետ համագործակցությամբ և Trust for Mutual Understanding հիմնադրամի աջակցությամբ։
լւոսանկարները` Ֆլորիան Ռոզիեր