Արցախի/Լեռնային Ղարաբաղի շուրջ ինն ամիս տեւած շրջափակման աղետալի հանգուցալուծման, միգրացիոն նոր ալիքի եւ հետպատերազմյան իրարանցման համատեքստում լույս է տեսել «ZINEադադար» նախագծի վերջին հանդեսը՝ «P.S.»-ը։ Ծավալուն եւ հանգամանալից աշխատության առարկան մշակութային իրավունքներն են, որոնք, հատկապես պատերազմի եւ/կամ հակամարտության գոտիներում, ստորադասվում են քաղաքացիական, սոցիալական, տնտեսական եւ քաղաքական իրավունքներին։
Այս դժվարին ժամանակներում շատերի համար բնականաբար առաջնային են կյանքին եւ անվտանգությանն առնչվող իրավունքները, սակայն այս հրատարակությունը նպատակ ունի հիշեցնելու և բարձրաձայնելու, որ մարդու իրավունքները համընդհանուր են, անբաժանելի, փոխկապակցված ու փոխազդող՝ մշակութային իրավունքներն ու դրանց պաշտպանությունը դիտարկելով որպես զինված հակամարտությունները կանխելու եւ/կամ դրանց հետեւնաքները հաղթահարելու կարեւոր գործիք։ «P.S»-ը կազմաքանդում է հանրության լայն շրջանակներում տարածված թյուր կարծիքը, թե մշակութային իրավունքները վերաբերում են բացառապես արվեստագետներին ու մշակութային գործիչներին, առաջ քաշում եւ հաստատում միտքը, որ մշակութային իրավունքները բոլորիս համար եւ մասին են։
Զինի հեղինակները, որոնցից յուրաքանչյուրը հմտացած է մշակութային իրավունքների մեկ կամ մի քանի ճյուղում, փորձագիտական տեքստերի միջոցով վերլուծում են պատերազմի, հակամարտության, հետպատերազմյան ճգնաժամի, շրջափակման, միլիտարիզմի համատեքստում կրթության, մշակութային կյանքին մասնակցելու, գիտական առաջընթացի եւ դրա արդյունքներից օգտվելու, ինքնության և հիշողության որոշիչ դերը, արվեստագետների իրավունքների պաշտպանության և արվեստի ու մշակույթի միջոցով պատերազմը հաղթահարելու կարեւորությունը։
Մշակութային մարդաբան եւ արձակագիր Լուսինե Խառատյանն անանդրադառնում է անկախացումից ի վեր Հայաստանում տարվող հիշողության քաղաքականությանը, ցեղասպանությունն ու ղարաբաղյան հակամարտությունը նույնականացնող մետապատումին։ Լուսինեն հատուկ ուշադրություն է դարձնում հիշողության լանդշաֆտին, հուշարձաններին, անվանակոչման պրակտիկաներին, ինչպես նաեւ արցախյան առաջին եւ երկրորդ պատերազմների համատեքստում մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող առանձնահատկություններին եւ խնդրահարույց կողմերին։
«Դասավանդիր Հայաստան» ծրագրի առաջնորդության զարգացման ղեկավար Նարինե Վարդանյանը հետահայաց ռեֆլեքսիայի է ենթարկում դժվարությունները, որոնց բախվել է իր ծննդավայր Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցում, ապա՝ Երեւանի պետական համալսարանում ուսանելիս, եւ իր ներկայիս ճանապարհն իբրեւ ուսուցիչ, որը ոչ միայն ուսուցանում այլեւ զորակցում է իր աշակերտներին։
Կրթության փորձագետ Սերինե Ավետիսյանը ներկայացնում է ճգնաժամային իրավիճակներում հայաստանյան կրթական համակարգի մարտահրավերները, ցիկլային խնդիրները, կրթության լոգիստիկ կազմակերպման ու հասանելիության ապահովմանն առնչվող հիմնահարցերը՝ մասնավորապես ուշադրություն դարձնելով պետության պարտավորություններին եւ վերջինիս կողմից իրականացվող քայլերին։
Բանասիրական գիտությունների թեկնածու, Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի կրթության որակի ապահովման բաժնի ղեկավար Նարինե Վարդանյանը գրում է հետխորհրդային Հայաստանում գիտության անկման մասին։ Նա վեր է հանում պետության կողմից պատշաճ աջակցության բացակայության, ակադեմիական համայնքում անհավասար հնարավորությունների խնդիրներն ու գիտության ոլորտի վերանայման ուղղված քայլերի անհրաժեշտությունը։
Արվեստաբան, համադրող, AHA Collective-ի հիմնադիր տնօրեն Նայիրի Խաչատուրեանը հարցադրում է պատերազմի ազդեցությամբ կտրուկ փոփոխված իրականությունում արվեստի եւ մշակույթի գործունեությունը։ Արվեստաբանն ընդգծում է, որ հատկապես 2020 թվականի պատերազմի հետեւանքով ակնհայտ են դարձել մեր պետության մշակութային քաղաքականության բազմատեսակ բացթողումներն ու խնդիրները։
Մշակութային մարդաբան, ֆեմինիստական եւ քվիր տեսությունների հետազոտող Թամար Շիրինյանը, պատերազմներին ու հակամարտություններին ուղեկցող/հաջորդող իրականության համատեքստում խնդրականացնում է կանանց վերագրվող գենդերային դերերը, հայաստանյան տղմարդակենտրոն միջավայրը, գենդերային հավասարության խնդիրները, եւ կանանց չգնահատված եւ անտեսված ներուժը՝ երկխոսության եւ խաղաղության հաստատման գործում։
«ZINEադադար» նախագծի ամփոփիչ ծավալուն աշխատությունը՝ «P.S»-ը, ինչպես նաեւ շարքի մյուս երկլեզու (հայերեն եւ անգլերեն) հանդեսները՝ «Ժենգյալով հաց»-ը, «Օրագիր»-ը եւ «Անհանգիստ ճամպրուկ»-ը, հայերեն եւ անգլերեն լեզուներով, կարող եք ձեռք բերել «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ի գրասենյակից, կամ կարդալ առցանց տարբերակով՝ հետեւելով ներքեւում նշված հղմանը։
Մշակութային իրավունքներին նվիրված «P.S» զինի պատկերազարդումները հեղինակել է Հարություն Թումաղյանը։