Բալաթ. ապրել միասին

«Բալաթ. ապրել միասին» միջգիտակարգային հետազոտական ծրագիրը ուսումնասիրում է Ստամբուլի Բալաթ թաղամասի (հետ)հիշողությունը, մշակութային ժառանգությունը, տարբեր էթնիկ և կրոնական համայնքների (հրեաների, հույների, հայերի, թուրքերի, բուլղարների և այլոց) խաղաղ համակեցության ձևերն ու դրանց փոխակերպումները։ Մարդաբաններից, նշանագետներից, ճարտարապետներից, ուրբանիստներից, արխիվագետներից և վիզուալ արվեստագետներից բաղկացած միջազգային թիմի ուսումնասիրության առանցքում Բալաթի հիշողության տարածությունն է, երբեմնի համագոյությունը, համաստեղծումն ու միասնակյանքը, որ արտացոլված են թաղամասի ճարտարապետական կոթողների, մշակութային շերտերի ու սոցիալական պրակտիկաների մեջ։

Աշխարհաքաղաքական շրջադարձերի ու տրավմատիկ իրադարձությունների ազդեցությամբ (արդյունաբերական հեղափոխություն, ցեղասպանություն, Ստամբուլի ջարդեր, ոչ մուսուլման բնակչության հարկման քաղաքականություն, Իսրայել պետության ձևավորում, քաղաքային միջավայրի ջենտրիֆիկացիա և այլն) փոխվել են Բալաթի ուրբանիստական կառուցվածքը, դեմոգրաֆիկ պատկերը, իդիոռիթմի տարրերը, բայց այն շարունակում է հոգատարության եւ խնամքի տարածք լինել տարբեր խոցելի խմբերի համար։

«Բալաթ. ապրել միասին» նախագիծը նույնքան բազմաշերտ է, որքան թաղամասի այլօրինակ տարածությունը։ Այն շուրջ 10-ը երկրներում տարաբնույթ գործունեություն ծավալող հեղինակների, հետազոտողների ու մշակութային գործիչների երկար տարիների նվիրված աշխատանքի արդյունքն է։ Նրանցից ոմանք ժամանակին ապրել են Բալաթում, մյուսները՝ շարունակում են լինել թաղամասի անվերջ փոխակերպումների վկան, որոշների համար Ստամբուլի այս գունեղ ու բազմատարր խճանկարը ոգեշնչման աղբյուր ու գիտական հետազոտությունների առարկա է, մի քանիսն էլ, տեղացի չլինելով հանդերձ, հմայված են Բալաթի միասնակյանքի ու համաձայնեցված բազմաձայնության ֆանտազմով։ Նախագծում ներգրավված անձանց տարբեր ազգությունները, ինքնությունները, փորձառություններն ու գիտական հետաքրքրությունները ուղղակիորեն նպաստել են նախագծի թեմատիկ լայն ու ընգրկուն շրջանակի ձևավորմանը։ Գիտական հոդվածները, գեղարվեստական տեքստերը, մուլտիմեդիա պատմասացության օրինակները,  հարցազրույցներն ու նախագծի մյուս բաղադրիչներն այլազան տեսանկյուններից անդրադառնում են այնպիսի առանցքային թեմաների և հիմնահարցերի, ինչպիսիք են.

* Բալաթի ներքին և արտաքին հիշողության հակադրությունն ու փոխկապակցվածությունը,

* 19-րդ դարի արդյունաբերականացման և 20-րդ դարի տրավմատիկ իրադարձությունների ազդեցությամբ Բալաթի քաղաքային, մշակութային ու սոցիալական փոխակերպումները,

* Լեզվական, կրոնական, էթնիկական և մշակութային բազմազանության նշանները Բալաթի ճարտարապետության մեջ,

* Թաղամասի ճարտարապետական ժառանգության և արդի ջենտրիֆիկացիոն գործընթացների առճակատումը,

* ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Բալաթի պատմամշակութային թաղամաս ճանաչման բացասական ազդեցությունը պատմամշակութային և ճարտարապետական ժառանգության պաշտպանության և պահմանպամ գործում,

* Արդյունաբերականացման համատեքստում բալաթցիների կենսապայմանների ու առօրեական պրակտիկաների փոփոխությունները,

* «Սիբալի» ծխախոտի գործարանի օրինակով, տարբեր էթնիկ խմբերի, սոցիալական արդարության և հավասարության համար մղվող պայքարը,

* Սուրբ Հրեշտակապետ եկեղեցու, Խորենյան վարժարանի և Էդիրնեքափըի հայկական գերեզմանասան առանցքային դերը Բալաթի հայկական համայնքի կրթության, ինքնության ձևավորման և պահպանության հարցում,

* Բալաթի տարբեր համայնքների միասնական տոնախմբություններ ու ծիսակատարությունները (Խաչվերաց տոն, Բալաթի օր, Սուրբ Զատիկ, Փեսախ, «Չարխափան» սրբապատկերի երկրպագություն, մատաղ և այլն),

* Բալաթն իբրև համաձայնեցված բազմաձայնության ու խաղաղ համակեցության հիշողության տարածություն։

Ի սկզբանե բարդ ու զգայուն թեմայի շուրջ ծավալուն ուսումնասիրությունն իրականություն է դարձել չափազանց բարդ պայմաններում։ Դաշտային աշխատանքների մեկնարկին հաջորդեց COVID-19 համավարակը, ինչի պատճառով տևաբար կասեցվեցին և սահմանափակվեցին դաշտային աշխատանքները։ Ապա սկսվեց Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմը, որի ազդեցությամբ էլ ավելի սրվեցին հայ-թուրքական մշակութային երկխոսությանը միտված նախագծի թիրախավորման և նախագծում ներգրավված անձանց անվտանգույթան սպառնալիքները։ Նախագիծն իրականացնող միջազգային թիմն այս և բազմաթիվ այլ մարտահրավերներն ի վերջո հաղթահարեց՝ հավատարիմ մնալով մշակութային երկխոսության ու համաարարման սկզբունքներին՝ ասես ուրույն կերպով վերաստեղծելով այն խաղաղ միասնակյանքը, որի մասին վկայում է Բալաթի բազմաշերտ հիշողությունը։

Հայաստանից, Հունաստանից, Միացյալ Թագավորությունից, Թուրքիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից ու այլ երկրներից հետազոտողներից ու արվեստագետներից միջազգային խումբը աշխատության ստեղծման և նախագծի մյուս բաղադրիչների իրականացման շրջանակներում առաջնորդվել է տարբեր հետազոտական մեթոդաբանություններով և մեխանիզմներով։ Դրանց շարքում հատկապես որոշիչ էին.

* Պետական ու ընտանեկան, անհատ արվեստագետների (Արա Գյուլեր, Էլեոնորա Ալհերու) արխիվային նյութերի ուսումնասիրությունը,

* Բալաթին շուրջ առկա գրականության և հետազոտական նյութերի խորքային ուսումնասիրությունը,

* Բալաթցիների հետ խորքային հարցազրույցների միջոցով հավաքագրված բանավոր պատմությունների վերլուծությունը,

* Թվային հումանիտար գիտությունների միջոցով Բալաթի ուսումնասիրությունն ու քարտեզագրումը,

* Դաշտային աշխատանքների և հեղինակային տեքստերի հիմքով բացառիկ պատկերազարդումների ստեղծումը,

* Բազմամշակութային միասնակյանքի արվեստային արձագանքների  (գեղարվեստական գրականություն, ինտերակտիվ թատերական ներկայացում, երաժշտություն և այլն) վերլուծությունը և այլն։

Միջգիտակարգային հետազոտական նախագծի արդյունքում ստեղծվել են.

*«Բալաթ. ապրել միասին» եռալեզու (հայերեն, թուրքերեն, անգլերեն) հետազոտական գիրք,

* Բալաթին նվիրված յուրօրինակ բացիկներ և պատկերազարդումներ,

* Թեմատիկ վեբ կայք,

* Ինտերակտիվ քարտեզ, ուր զետեղված են գրքում հիշատակված նշանակալի վայրերը (Խորայի Սուրբ Փրկիչ եկեղեցին, Ահրիդայի սինագոգը, Սուրբ Հրեշտակապետի եկեղեցին, Այոս-Դիմիտրիոս հունական եկեղեցին և դպրոցը, Սիբալի ծխախոտի գործարանը, Օր-Ահայիմ հիվանդանոցը և այլն)։

«Բալաթ. ապրել միասին» նախագծի և աշխատության առաջին շնորհանդեսն իրականացվել է 2024 թվականի մարտին, «Հրանտ Դինք Հիմնադրամ»-ում (Ստամբուլ)։ Ի լրումն, նախագիծը Հայաստանում և Թուրքիայում ներկայացվել է մի շարք մշակութային և կրթական միջոցառումների շրջանակներում։ 

Հիշողության ուսումնասիրությունները, մշակութային ժառանգության պաշտպանության հիմնահարցերն ու խաղաղ միասնակյանքի յուրօրինակ ռեֆլեքսիան մեկտեղող այս նախագիծը «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ի (CSN Lab) գործունեության հիմնական ուղղությունները մեկտեղող ինքնատիպ նախագիծ է։ Այն եզակի ու առանձնահատուկ է ոչ միայն թեմատիկ բազմազանության և արված աշխատանքի խորությամբ և ծավալով, այլև՝ իր հիմնաքարային նպատակով՝ մշակույթի միջոցով նպաստել երկխոսությանը, ժողովրդավարությանը, հակամարտությունների հանգուցալուծմանն ու խաղաղությանը։

«Բալաթ. ապրել միասին» նախագիծն իրականացնող թիմ՝

Համադրող՝ Տիգրան Ամիրյան

Նախագծի համակարգողներ՝ Սոնա Քալանթարյան, Գիեզեմ Կըյգը

Գլխավոր խմբագիր՝ Տիգրան Ամիրյան

Խմբագրական կազմ՝ Սոնա Քալանթարյան, Գիեզեմ Կըյգը

Հեղինակներ՝ Տիգրան Ամիրյան, Մելիս Բիլգիչ, Մ. Էմիր Քյուչուք, Դիանա Յայլոյան, Մեթե Ուլութաշ, Լեոն Ասլանով, Մեսութ Դինլեր, Գիզեմ Կըյգը, Սոնա Քալանթարյան, Անգելոս Կոտտաս, Էմրե Յալչըն, Բերֆին Մոլլավելիօղլու, Գ. Դողան

Թարգմանիչներ՝ Հովհաննես Գալստյան, Բուրջու Սըլա Ջանդան, Թարին Բելլ

Հայերեն թարգմանություն՝ Արմեն Հայաստանցի (Օհանյան), Նորայր Մանվելյան, Հայարփի Պապիկյան

Թուրքերեն թարգմանություն՝ Գիեզեմ Կըյգը, Էմիր Քյուսուկ, Օզգե Չելիք

Սրբագրիչներ՝ Մերի Սարգսյան (հայերեն), Հովհաննես Գալստյան (անգլերեն), Էյլեմ Ջան (թուրքերեն)

Էջադրում և լուսանկարների խմբագրում՝ Կլիմ Գրեչկա

Գրքի շապիկի դիզայն և պատկերազարդում՝ Հարություն Թումաղյան

 

«Բալաթ. ապրել միասին» նախագիծն իրականացվել է «Մշակութային և սոցիալական նարտաիվների լաբորատորիա» (CSN Lab) ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 3-րդ փուլ» ծրագրի շրջանակներում։ Նախագծի բովանդակության համար պատասխանատու է «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա» ՀԿ-ն։ Բովանդակությունը կարող է չհամընկնել Եվրոպական միության և ծրագիրն իրականացնող կոնսորցիումի (մյուս) անդամների տեսակետների հետ:

Բալաթ. ապրել միասին

2023

«Բալաթ. ապրել միասին» գրքի շնորհանդեսը Ստամբուլում

«Հրանտ Դինք հիմնադրամում» կայացավ «Բալաթ. ապրել միասին» գրքի շնորհանդեսը