«Մարմնի հիշողությունը. հետազոտելով մարմնի ներկայացվածությունը հայկական մշակույթում և արվեստում» նախագիծն ուսումնասիրում է ժամանակակից վիզուալ և պերֆորմատիվ արվեստում մարմնի ռեպրեզենտացիան՝ դրա պատկերման կերպերն ու վերջինիս հաղորդվող նշանային իմաստները։ Նախագծի ուսումնասիրության առարկան ոչ թե բուն մարմնական և/կամ մենթալ հիշողությունն է, այլ՝ մշակութային հիշողությունը, որը ծառայում է որպես տարաբնույթ իրադարձությունների և դրանց հետևանքների արձանագրման մակերես և շտեմարան։ Հետազոտության ժամանակագրական առանցքն ընդգրկում է Խրուշչովյան ձնհալի և Վերակառուցման տարիների շրջանը, ներառում անկախության պայքարը, ԽՍՀՄ փլուզումը, ղարաբաղյան շարժումը, արցախյան պատերազմներն ու հասնում մինչև մեր օրեր։ Ուսումնասիրության շրջանակներում դիտարկվել են մեծ մասամբ Հայաստանում ստեղծագործող արվեստագետների աշխատանքները, քանի որ սփյուռքահայ արվեստում մարմնի ներկայացվածությունն ուսումնասիրության առանձին թեմա է։
Գրքի յուրաքանչյուր գլուխ ծավալվում է բեկումնային իրադարձությունների և/կամ գաղափարական հոսանքների շուրջ, որոնք հիմք են հանդիսանում խորքային անդրադարձների միջոցով մարմնի դերերը, նշանները, փոխակերպումները, ինքնարտահայտման ձևերը, մարմնականության որոնումներն ու այլ դրսևորումները հիշողության և մշակութային ուսումնասիրությունների համատեքստում վերլուծելու և հասկանալու համար։ Այդպիսիք են մարմնի շուրջ խորհրդային դիսկուրսը, ութսունականների ալտերնատիվ արվեստային հոսանքները, ղարաբաղյան շարժումը, տարածաշրջանային հակամարտություններն ու պատերազմները, հետպատերազմյան ճգնաժամը, սոցիալական արդարության ու ժողովրդավարության համար մղվող քաղաքացիական պայքարը, խորհրդային անցյալի քննման և (ապա)գաղութացման հատուկենտ նշույլները և այլ շրջադարձային իրադրություններ։
Հիմք ընդունելով ինչպես 20-րդ դարի փիլիսոփաների և տեսաբանների՝ Ռոլան Բարտի, Դիդիե Անզիոյի, Ջիորջիո Ագամբենի և այլոց, այնպես էլ ժամանակակից հայ մի շարք արվեստաբանների, համադրողների և արվեստի քննադատների գաղափարախոսություններն ու մոտեցումները, «Մարմնի հիշողությունը» գիրքը մարմինը դիտարկում, վերլուծում ու ներկայացնում է իբրև բազմակի և ֆրագմենտացված պալիմփսեստ (կրկնագիր), որն այլևայլ պատմական իրադարձությունների հետքերն ու իրեն պարտադրված ինքնությունները կրելուց զատ ունի տարբեր կարիքներ, ցանկություններ, և վերջապես՝ իր մարմնությունը գտնելու պահանջ։ Մարմնի միատարրությունը մերժող այս համոզմունքից ելնելով՝ աշխատությունը չի փորձում համեմատել քաղաքական, հաճույքի, պայքարի, պատերազմի, հիվանդության, անհարմարության, ցանկասիրության և այլ մարմինները։ Փոխարենը դիտարկում է այն պատճառահետևանքային կապերը, որոնք հաճախ ծնունդ են տալիս իրարից շատ տարբեր, բայց միևնույն բարդ անցյալի հետքերը, հարկադիր մոռացության վարժանքները, կապանքներն, իղձերն ու պայքարը կիսող մարմիններին։
Նախագիծն իրականություն է դարձել բազմաթիվ հետազոտական մեթոդների կիրառման արդյունքում։ Մասնավորապես՝ մշակութային հետազոտողներից ու վիզուալ արվեստագետներից բաղկացած թիմը կիրառել է այնպիսի պրակտիկաներ, ինչպիսիք են թեմայի շուրջ առկա գրականության և նախկինում արված հետազոտությունների ուսումնասիրությունը, թվանշային և անձնական արխիվների ուսումնասիրությունը, աշխատությունն ընդգրկող ժամանակաշրջանում ստեղծված ժամանակակից հայկական վիզուալ և պերֆորմատիվ արվեստի գործերի քարտեզագրումը, խորքային (այդ թվում՝ նշանագիտական, կոնտեքստային և համեմատական) վերլուծության իրականացումը, միջդիսցիպլինար մոտեցման կիրառումը (մշակութային մարդաբանություն, հիշողության ուսումնասիրություններ) և այլն։
«Մարմնի հիշողությունը. հետազոտելով մարմնի ներկայացվածությունը հայկական մշակույթում և արվեստում» աշխատությունն ունի մի քանի առանցքային ուղղվածություններ, մասնավորապես՝
-
Մարմնի բազմակիությունն իբրև տարբեր շրջադարձային իրադարձությունների, ինքնությունների, հատկանիշների և նշանագիտական համակարգերի կրող,
-
Խորհրդային միության վերահսկող և բռնատիրական քաղաքականությունը մարմնի, արվեստում և մշակույթում վերջինիս պատկերման առնչությամբ,
-
Ալտերնատիվ մշակույթի և արվեստի դերը ԽՍՀՄ փլուզման և անկախ պետության ստեղծման համատեքստում,
-
Ղարաբաղյան շարժման, հակամարտության և պատերազմների ազդեցությունը ժամանակակից վիզուալ և պերֆորմատիվ արվեստում և մշակույթում մարմնի արտացոլման վրա,
-
Խորհրդային ժառանգության վերաիմաստավորումը, քննադատական ռեֆլեքսիան, արվեստային ու մշակութային հարցադրումը հետպատերազմյան ճգնաժամի պայմաններում,
-
Գենդերային և ֆեմինիստական հիմնահարցերի բարձրաձայնումը մարմնական արվեստի և մշակույթի միջոցով,
-
Արվեստային և մշակութային ընդվզումը (նեո)գաղութատիրության դեմ,
-
Տարբեր ժամանակաշրջաններում մարմնի ծառայեցումն այնպիսի իշխող գաղափարաբանությունների, ինչպիսիք են սովետական արդյունաբերականացումը («մարմին-մեքենա»), ազգայնականությունը և միլիտարիզմը («մարմին-զոհաբերություն»), սոցիալական արդարության և ժողովրդավարության համար մղվող քաղաքացիական պայքարը («մարմին-հակահարված»), սպառողական և զանգվածային մշակույթը («մարմին-սպառողական առարկա»), պատրիարխալ համակարգը («մարմին-օբյեկտ»), (ապա)գաղութային շարժումները («մարմին-ընդվզում») և այլն,
-
Հայաստանյան ժամանակակից արվեստում և մշակույթում մարմնի բազմանշանակ մերկության և մարմնականության կորուստը։
«Մարմնի հիշողությունը. հետազոտելով մարմնի ներկայացվածությունը հայկական մշակույթում և արվեստում» նախագծի շրջանակներում ստեղծվել են համանուն հայերեն և անգլերեն համապարփակ գրքեր, որոնցում տեղ են գտել հետազոտության ժամանակագրական և թեմատիկ շրջանակները ներառող վիզուալ արվեստի նմուշներ։
«Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ի, հիշողության թեմատիկայի շուրջ իրականացված, այս նախագիծն իր տեսակով եզակի հետազոտություններից է հայաստանյան համատեքստում, որը բացահայտում է ժամանակակից վիզուալ և պերֆորմատիվ արվեստում ու մշակույթում մարմնի ներկայացվածության կերպերն ու իմաստները։ Այս աշխատության միջոցով, նախագիծը ձգտում է խթանել թեմայի շուրջ տարաբնույթ ուսումնասիրությունները, արվեստային անդրադարձերը, ինչպես նաև՝ հայաստանյան ժամանակակից արվեստի և մշակույթի մարմնականության շուրջ հանրային դիսկուրսի ձևավորումը։
«Մարմնի հիշողությունը. հետազոտելով մարմնի ներկայացվածությունը հայկական մշակույթում և արվեստում» նախագիծն իրականացվել է «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ի (CSN Lab) կողմից՝ «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի և Շվեդիայի ֆինանսական աջակցությամբ։