CSN Lab-ը տոնում է իր հիմնադրման 7-ամյակը. այն ինչ սկիզբ էր առել որպես հիշողության և քաղաքային ակտիվիզմի հիմքերով նախաձեռնություն, այսօր ընդլայնվել է՝ դառնալով բազմաոլորտային մշակութային կազմակերպություն, որը տարեց տարի առավել ամուր հիմքերով, խորքային և նպատակաուղղված կերպով գործում է հանուն մշակութային երկխոսության և ժողովրդավարության՝ Հայաստանում և ողջ տարածաշրջանում։
Այս տարիների ընթացքում CSN Լab-ի գործունեությունը, լի բազմաշերտ նախաձեռնություններով, կերտել է բաց ու ներառական հարթակ՝ առանցքում ունենալով մշակութային իրավունքներն ու մարդու իրավունքները և ընդգրկելով այնպիսի թեմատիկ ուղղություններ ինչպիսիք են մշակույթն ու հիշողությունը, միգրացիան ու միջավայրի փոխակերպումները, գենդերային ու քվիր հիմնահարցերը, և ավելին։ Քաղաքային մոռացված պատմություններից ու էկոմիգրացիայից մինչև հանրային տարածքների քայքայում՝ մեր նախագծերը ստեղծել են ապահով միջավայր, որի շնորհիվ լռեցված հիշողություններն ու ճնշված պատումները ստանում են լսելի լինելու տարածություն և հանրային խոսույթում հայտնվելու հնարավորություն։ Միջգիտակարգային հետազոտական աշխատանքների, հանրային արվեստի ցուցադրությունների, թվանշային արխիվացման, այլընտրանքային կրթական ծրագրերի և բազմազան այլ ձևաչափերի համադրմամբ CSN Lab-ը հակադրվում է գերիշխող նարատիվներին և ուսումնասիրում, թե ինչպես են տրավման, պատերազմը, հարկադիր տեղահանումը և շրջակա միջավայրի փոխակերպումները ձևավորում հիշողությունն ու ինքնությունը։ Միևնույն ժամանակ, հատուկ ուշադրությամբ և զգայունությամբ մշտապես անդրադառնում պատերազմի և միգրացիայի գենդերային փորձառություններին, ինչպես նաև խթանում հակամարտությունների հաղթահարմանն ու ապագաղութացմանը միտված երկխոսությունները։ Մենք մշտապես փորձել ենք ուսումնասիրել, հասկանալ, և կիսվել խաղաղ համակեցության տարաբնույթ պատումներով՝ վերլուծելով անցյալի հիշողության և մշակութային ժառանգության շերտերը։
Այս բոլոր ջանքերը միահյուսվել և վերածվել են շարունակ զարգացող աշխատանքի, որը միտված է ավելի թափանցիկ ու ժողովրդավար մշակութային դաշտի ձևավորմանը, ինչպես նաև մշակութային իրավունքների պաշտպանությանը։ Հետադարձ հայացք նետելով՝ մենք խորին երախտագիտություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությամբ կերտել են ու շարունակում են կերտել CSN Lab-ի ուղին։
Շնորհակալություն մեր մասնագիտական համայնքին
Մեր աշխատանքն էապես հարստացել է բազմաթիվ մասնագետների նվիրումի շնորհիվ։ Մարդաբանների, ուրբանիստներ, պատմաբանների, ճարտարապետների, բնապահպանների, արվեստի քննադատների, թարգմանիչների և այլոց շնորհիվ, հնարավորություն ենք ունեցել խորությամբ և հոգատարությամբ վերլուծել մեր բարդ ու բազմաշերտ իրականությունը։ Միասին մենք ձևավորել ենք մի լայն տեսլական, որը ոչ միայն ընդգծում է առկա խնդիրները, այլև ձգտում է գտնել լուծումներ և պատկերացնել նոր իրականություն։ Մեզ համար համագործակցությունը առանցքային է, և հենց համագործակցային միջավայրի շնորհիվ է ձևավորվում ու զարգանում մեր ամբողջ գործունեությունը։
Շնորհակալություն մեր արվեստագետներին և մշակութային գործիչներին
Ամենից առաջ՝ CSN Lab-ը արժևորում է իր համագործակցությունը ստեղծարար մարդկանց հետ՝ նկարիչներ, անիմատորներ, կատարողական արվեստագետներ, կինոգործիչներ, ձայնային արվեստագետներ և երաժիշտներ, լուսանկարիչներ՝ ձեր աշխատանքը մեր գործունեության հիմնասյունն է։ Շնորհակալություն, որ այս ուղին անցել եք մեզ հետ։ Ձեր ստեղծարարության շնորհիվ մենք կամուրջներ ենք կառուցել ապրվող փորձառությունների և երևակայության միջև՝ հյուսելով նոր ու այլընտրանքային պատկերացումներ ու հորիզոններ։
CSN Lab-ը տարածաշրջանում կազմակերպել է բազմաթիվ ցուցահանդեսներ, արվեստագետների կացության ծրագրեր, դասընթացներ, արվեստի լեզվով միջամտություններ, հանրային երկխոսություններ և հրատարակել է արվեստային կատալոգներ։ Այս ամենի շնորհիվ CSN Lab-ը ստեղծել է տեսանելիության հարթակ արվեստագետների և գրողների համար, որոնց աշխատանքում ստեղծարարությունը դիտարկվում է որպես արդարության գործիք։ Որպես մշակութային իրավունքների հիմքով գործող կազմակերպություն՝ մենք շարունակում ենք աջակցել ազատ արտահայտմանը՝ դիմադրելով գրաքննությանն ու ճնշմանը ամբողջ տարածաշրջանում։
Շնորհակալություն մեր համայնքներին
Մենք խորին երախտագիտություն ենք հայտնում մեր ընթերցողներին, նրանց, ովքեր մասն են մեր ծրագրերի և միջոցառումների, ներգրաված են մշակութային երկխոսությանը և մեր կողքին են եղել այս ճանապարհին։ Ձեր ներկայությունը ինքնին իմաստավորել է մեր աշխատանքը, ոգեշնչել մեզ և պատել պատասխատվության զգացումով։ Շնորհակալ ենք ակտիվիստներին, իրավապաշտպաններին և մեր ծրագրերում ներգրավված բոլոր այն մարդկանց, ովքեր վստահել և կիսվել են իրենց պատմություններով՝ ձեր ներդրումն անգնահատելի է մեր աշխատանքում։
Շնորհակալություն մեր գործընկերներին
Մենք երախտապարտ ենք մեր գործընկեր կազմակերպություններին և հաստատություններին, որոնք աջակցել են մեզ այս ճանապարհին՝ սկսած Եվրոպայում տեղակայված կազմակերպություններից՝ Դանիայում, Շվեդիայում, Չեխիայում, Նիդեռլանդներում, Սլովակիայում, Բուլղարիայում, Բելգիայում, Ռումինիայում, Լիտվայում, Էստոնիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և Գերմանիայում, մինչև Միացյալ Թագավորությունում, Կանադայում, Թուրքիայում և Կենտրոնական Ասիայի երկրներում հիմնված նախաձեռնություններ։ Եվ իհարկե՝ մեր Հայաստանյան գործընկերներին։ Ձեր վստահությունը հնարավորություն է տալիս իրականություն դարձնել մեր նախագծերը՝ պահպանելով թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ CSN Lab-ը նաև երախտագիտություն է հայտնում մեր շարունակական համագործակցությունների համար՝ Արևելյան Եվրոպայի հարևանությամբ գործող կազմակերպություններին, այդ թվում՝ Ուկրաինայից, Մոլդովայից, Վրաստանից և Բելառուսից աքսորյալ մշակութային գործիչներին, որոնց հետ աշխատանքն ու երկխոսությունը շարունակում է ամրապնդել մեր տարածաշրջանային համերաշխությունը։
Շնորհակալություն մեր թիմին
Եվ իհարկե, ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլոր անհատներին՝ մեր թիմի անդամներին, ովքեր այս յոթ տարիների ընթացքում իրենց համառությամբ, անկեղծությամբ և թիմային աշխատանքի նկատմամբ անկոտրուն հավատով կերտել են CSN Lab-ը։ Շնորհակալ ենք յուրաքանչյուրին, ով իր ավանդն է ունեցել այս ճանապարհին։ Ձեր շնորհիվ են գաղափարները դարձել իրականություն։ Թեպետ այս ճանապարհը դյուրին չի եղել, բայց հենց ձեր նվիրումն է մեզ ուժ տվել շարունակելու։
Այս դժվարին ժամանակներում մենք շարունակում ենք հավատալ ժողովրդավարությանն ու լիահույս նայում ենք ապագային՝ վստահ լինելով, որ մշտապես կունենանք ձեր աջակցությունը։
Ուրախությամբ նշում ենք CSN Lab-ի 7 տարիների գործունեությունը և սպասում ենք նոր հաջողություններով լի ապագային։
Շնորհակալություն բոլորին, և ծնունդդ շնորհավոր, սիրելի CSN Lab
CSN Lab թիմ