Բարդ անցյալի դպրոց 2024

«Բարդ Անցյալի Դպրոցը» (ԲԱԴ) ամենամյա այլընտրանքային կրթական ծրագիր է, որի նպատակն է երկխոսական ծրագրերի, բանախոսությունների, քննարկումների և տարատեսակ այլ ձևաչափերի համադրմամբ խթանել բարդ անցյալից բխող և ներկայում բազմաձև արտահայտումներ գտնող մարտահրավերների շուրջ քննադատական մտածողությունը և հանրային խոսույթը։ Հասցեագրելով արդի ռազմաքաղաքական հակամարտությունների ու քաղաքական ճգնաժամերի արդյունքում հարկադիր տեղահանություններով ու միգրացիոն ինտենսիվացող հոսքերով պայմանավորված դրությունը՝ այս տարի ԲԱԴ ծրագրի առանցքում միգրացիան է։

Թեմայի ընտրությունը ուղղակիորեն արտահայտում է Հայաստանում և տարածաշրջանում առկա բազմաշերտ միգրացիոն իրադրությունը։ 2020թ. 44-օրյա պատերազմի և 2023թ. Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանության հետևանքով ավելի քան 120,000 մարդ ստիպված էր ապաստան գտնել Հայաստանում։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն իր հերթին առաջացրեց միգրացիոն նոր ալիք դեպի Հարավային Կովկաս՝ մասնավորապես Հայաստան։ Հաշվի առնելով այս շարունակական հոսքերը և դրանց արդյունքում ձևավորվող հանրային և մշակութային խնդիրները, ԲԱԴ 2024-ը նպատակ ուներ տարատեսակ գիտակարգերի և մեթոդաբանությունների միավորմամբ խորքային կերպով անդրադառնալ միգրացոն հիմնահարցերին և կայնքի տարատեսակ ոլորտներում դրանց ազդեցությանը։

«Բարդ Անցյալի Դպրոց․ Միգրացիա» ծրագրի շրջանակում ձևավորվել էր ինչպես հետազոտողների և փորձագետների, այնպես էլ մասնակիցների բազմազան ու ներառական խմբեր։Եռօրյա ակտիվ ծրագրի շրջանակներում ԲԱԴ-ը միավորեց հետազոտողների, մշակութային գործիչների, արվեստագետների և ակտիվիստների՝ հնարավորություն տալով  նրանց ակտիվորեն ներգրավվել ծրագրին, ինչպես նաև կիսվել սեփական փորձառությամբ և գիտելիքներով։

Միջգիտակարգային դասախոսական և մենթորական թիմի ներգրավմամբ, բանախոսությունների, մշակութային երկխոսության, հիշողության շրջայցերի և ազատ խոսափող ձևաչափով հանդիպում-քննարկումների միջոցով, մասնակիցները հնարավորություն ունեցան քննադատորեն վերլուծելու միգրացիայի հասարակական, քաղաքական և մշակութային բազմաշերտ ազդեցությունները։

Երկխոսություն միգրացիայի շուրջ

ԲԱԴ 2024-ի մեկնարկը տրվեց տարբեր ոլորտների փորձագետների կողմից մշակված բանախոսություններով, որոնք արտացոլում էին տարբեր դիտանկյուններ և թեմատիկ ուղղություններ։

Անհատական և հավաքական հիշողության, հիշողության քաղաքականության, հիշելու կամ մոռացության թելադրանքի և դրանց հետևանքների շուրջ էր կառուցված մշակութային մարդաբան Լուսինե Խառատյանի բանախոսությունը, ով յուրահատուկ մոտեցմամբ մասնակիցների հետ վեր հանեց և քարտեզագրեց տարածաշրջանի միգրացիոն խճանկարն ու դրան փոխկապակցված հիշողությունը։ Գրականության լեզվով տեղահանության, դրա տրավմատիկ հիշողության և փաստագրման շուրջ էր ծավալվում գրականագետ Սիրանույշ Դվոյանի բանախոսությունը, որ անդրադառնում էր սփյուռքահայ գրականությանը և մասնավորապես Զարեհ Որբունուն։ Հարկադիր միգրացիայի համատեքստում, ճարտարապետ-տեսաբան Միսակ Խոստիկյանն անդրադարձ կատարեց միջավայրի փոխակերպումներին, ճարտարապետական կոթողների ֆիզիկական և նշանային միգրացիային, ինչպես նաև միգրացիայի արդյունքում ձևաստեղծվող ճարտարապետությանն ու քաղաքային տարածքներին։ Փորձագիտական թիմի մյուս անդամները նույնպես հանդես եկան ուշագրավ բանախոսություններով, որոնք ներկայացնում էին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝  միգրացիան և հիշողությունը, բազմակի տեղահանության փորձառությունները, միգրացիայի ուսումնասիրության մեթոդաբանություններըը, բռնի տեղահանության համատեքստում հայկական մշակութային ժառանգության պահպանումը և այլն։

Բանախոսկան թիմի հետ քննարկումները լի էին նաև մասնակիցների անձնական պատումներով, ովքեր խիզախորեն կիսվում էին Արցախից բռնի տեղահանության իրենց փորձառությամբ,, ինչպես նաև Լիբանանից, Սիրիայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Անգլաիայից արտագաղթելու պատմություններով։ 

Կանանց փորձառությունն ու պատումները

Հարկադիր միգրացիայի համատեքստում, որը հաճախ հետևանք է զինված հակամարտությունների և պատերազմների սակավ լսելի են կանանց ձայները, որոնք այդ ճգնաժամային դրությունում առավել խոցելի են թրաֆիքինգի ու բռնության նկատմամբ, ինչպես նաև ունեն սակավ հնարավություններ սեփական փորձառությունն ու դիտանկյունը ներկայացնելու և հանրայնացնելու համար։  Այս հարցերի շուրջ հանրային խոսույթը խթանելու նպատակով, ԲԱԴ 2024-ը ներառել է նաև ՖԵՄ ծրագիր, որի շրջանակներում անդրադարձ է կատարվել թեմայի համատեքստում կանանց փորձառությանը։  ԲԱԴ ՖԵՄ-ի շրջանակներում իրականացվել է նաև  «Վիզուալ և պատումային նարատիվներ փախստական կանանց մասին» աշխատարանը՝ մասնակիցներին ծանոթացնելու  անձնական նարատիվների վավերագրման մեթոդների և գործիքների հետ։ 

Էկոմիգրացիա

Հանրային խոսույթում, հարկադիր միգրացիան գրեթե միշտ ընկալվում է՝ հետևանք պատերազմի ու հակամարտության, սովորաբար անտեսելով էկոլոգիական հիմքերով միգրացիան։ Սակայն, այս կարևոր խնդիրն էլ ավելի արդիական է դառնում պայմանավորված կլիմայական փոփոխությամբ և դրա հետևանքներով։  Էկոմիգրացիայի հիմնահարցերին անդրադառնալու նպատակով, ԲԱԴ-ի շրջանակներում տեղի ունեցավ թեմայի շուրջ դասախոսություն և «Կեչուտ. Հիշողություն ջրի հատակին» գրքի շնորհանդեսը, որ անդրադառնում է Խորհրդային Հայաստանում մնության փոխակերպման ծրագրերորի՝ մասնավորապես Կեչուտի ջրամբարի կառուցման հետևանքով կեչուտ համայնքի բռնի տեղահանությանը, խնդրահարույց վերաբնակեցմանն ու դրա հետևանքներին։ Այս միջգիտակարգային հետազոտական աշխատությունը վեր է հանում և քննադատորեն հարցադրում էի շրջակա միջավայրի շուրջ սովետական խոսույթը, դրա հետևանքով բռնի տեղահանությունները,  ճարտարապետական և ուրբանիստական ժառանգության ոչնչացումը, հիշողության և ինքնության ճգնաժամերը։ 

Սեբաստիայից Սեբաստիա

Քաղաքային լանդշաֆտի վրա միգրացիոն հոսքերի շարունակական ազդեցությունն առավել է ընդգծում միգրացիայի և հիշողության ուսումնասիրությունների փոխկապվածությունը։ Այս ազդեցությունն առավել խորքային կերպով պատկերացնելու համար, CSN Lab-ը, համագործակցելով BANALIK հիշողության քննախույզ ուսումնասիրությունների հայկական նախաձեռնության հետ, «Բարդ անցյալի դպրոց» ծրագրի շրջանակրում իրականացրեց հիշողության շրջայց։ Բանավոր պատմությունների մեծածավալ հավաքագրումների հենքով կառուցված «Սեբաստիայից Սեբաստիա» շրջայցը հնարավորություն էր ուսումնասիրելու Մալաթիա-Սեբաստիա թաղամասի խորհրդային և հետխորհրդային տեղագրությունը՝ բացահայտելու Հայոց ցեղասպանությունից փրկվածների վերաբնակեցման պատմությունները և միգրացիայի համատեքստում հիշողությունների փոփոխվող լանդշաֆտը։

Շրջայցի ավարտին BANALIK-ը մասնակիցների հետ կիսվեց «Սեբաստիայից Սեբաստիա» նախագծի տպագիր քարտեզներով, որոնք հիմք կծառայեն Մալաթիա-Սեբաստիա թաղամասի շարունակական հետազոտության և նորանոր բացահայտումների։

Բաց Խոսափող

ԲԱԴ-ի ծրագրի կարևոր մաս էր կազմում ազատ խոսափող ձևաչափով հանդիպում-քննարկումը, որը խրախուսում էր մասնակիցներին ավելի բաց ու ապահով միջավայրում երկխոսել և կիսվել անձնական պատումներով։ Ձևաչափի շնորհիվ մասնակիցներին վերլուծեցին իրենց փորձառություն, խթանելով իմաստալից քննարկումներ, հատկապես տրավմատիկ ապրումների շուրջ, նպաստելով փոխըմբռնման ու կարեկցանքին։

Մշակութային երկխոսության, աշխատանների և դասախոսությունների միջոցով ԲԱԴ 2024-ը դարձավ ակտիվ ուսումնական հարթակ բոլոր մասնակիցների համար՝ տալով տարբեր խմբերին լսելի լինելու հնարավորություն։ Դպրոցը մշտապես հավատարիմ է մնում ներառականությանը՝ ստեղծելով ապահով միջավայր` բաց երկխոսության և գիտելիքի փոխանակման համար:

«Բարդ անցյալի դպրոց. միգրացիա»-ն իրականացրել է «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ն (CSN Lab) «Դանիական մշակութային ինստիտուտի» (DCI)  New Democracy Fund (NDF) նախագծի և «Հայաստանում կանանց հիմնադրամի» (WFA) աջակցությամբ։

 

ԲԱԴ 2024 | Բաց կանչ

«Բարդ անցյալի դպրոց. միգրացիա» եռօրյա ինտենսիվ ծրագիր

ԲԱԴ 2024 - ծրագիր

ԲԱԴ՝ Ալտերնատիվ դպրոց

Տեղի ունեցավ «Բարդ անցյալի դպրոց. միգրացիա» նախագիծը

Սեբաստիայից Սեբաստիա

Հիշողության շրջայց «ԲԱԴ 2024»-ի շրջանակներում