Պատերազմները, զինված հակամարտությունները, պետությունների և հանրությունների միջև բախումները չեն դադարում։ Պատերազմը սկսում են տղամարդիկ, պատերազմում կռվում են տղամարդիկ, պատերազմի մասին գրում են տղամարդիկ և գրում են հենց տղամարդկանց մասին։ Պատերազմների և հակամարտությունների շուրջ կանանց ընկալումներն ու տեսակետները հաճախ աներևույթ են հանրության լայն շրջանակների համար։ Պաշտոնական խոսույթում կանայք հաճախ ներկայացվում են միայն որպես պատերազմի «զոհեր» և «տուժողներ»։ Բայց չէ՞ որ պատերազմի ազդեցությամբ կանայք վերաիմաստավորում են իրենց սոցիալական դերն ու ինքնությունը և դառնում պատերազմին զուգահեռ և պատերազմից հետո ընթացող կյանքի շարժիչ ուժը։
Խնդրի ուսւոմնասիրման և բարձրաձայնման այս բացը լրացնելու նպատակով Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիան մեկնարկել է «Zineադադար» նախագիծը, որն իրականացվում է կանադական «Աջակցություն տեղական ծրագրերին» ֆոնդի աջակցությամբ։ Նախագծի նպատակն է լսելի դարձնել կանանց ձայնը, բարձրաձայնել և խնդրականացնել պատերազմական և հետպատերազմական շրջափուլերում նրանց փորձառությունը, գերակայող պատմական և պաշտոնական նարատիվների ստվերից դուրս բերել պատերազմի մասին կանանց պատումը և ընդգծել նրանց դերը՝ որպես հակամարտության հետևանքով խարխլված կյանքը և հասարակական կարևոր կառուցակարգերը վերականգնող և «ապաքինող»։