Մշակութային իրավունքներ

Մշակութային իրավունքները և Հայաստանը

Վերջին տարիներին Հայաստանում տարբեր շարժումներ այս կամ այն կերպ փորձում են պաշտպանել մեր իրավունքներն ու ազատությունները։ Այդ պայքարի մեջ ներգրավված են այնպիսի դերակատարներ, ինչպիսք են ակտիվիստները, անկախ մեդիան, հետազոտողները, մշակութային գործիչները, արվեստագետները և քաղաքացիական հասարակությունն ինքնին։ Արդիական հարցերի շրջանակը տարողունակ է և բազմաշերտ՝ բնապահպանությունից և քաղաքաշինական խնդիրներից մինչև տարբեր սոցիալական խմբերի իրավունքների պաշտպանություն։

Չնայած քաղաքացիական հասարակության ակտիվ ջանքերին, մենք ականատես ենք լինում մի իրադրության, ուր համապատասխան լեզու, գիտելիքներ և փորձ չունենալու արդյունքում չեն ստեղծվում պատշաճ միջոցներ և ազդեցության գործիքներ՝ պայքարի և իշախնությունների հետ երկխոսության ձևավորման համար։

Թե՛ Հայաստանում, թե՛ առհասարակ տարածաշրջանում մարդու հիմնարար իրավունքներն ու ազատություններն այնքան վտանգված և թիրախավորված են, որ զգայունությունն այնպիսի հասկացողությունների հանդեպ, ինչպիսին մշակութային իրավունքներն են, ավելի ու ավելի է նվազում։

«Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա»֊ի հիմնական նպատակներից մեկը մշակութային իրավունքների շուրջ դիսկուրսի ձևավորմանը նպաստելն ու այն խրախուսելն է։ Մենք ցանկանում ենք, որ արվեստագետների  և ստեղծագործողների իրավունքները պաշտպանված լինեն Հայաստանում, իսկ կրթությունն ու մշակույթը հասանելի լինեն բոլորի համար։


Ի՞նչ են մշակութային իրավունքները

Մշակութային իրավունքները մարդու իրավունքների մաս են, որոնց  պաշտպանությունն ու ջատագովությունն ունի համեմատաբար նոր բնույթ։ Դրանք առաջին անգամ սահմանվել են ՄԱԿ֊ի «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 26֊րդ և 27֊րդ հոդվածներում (ՄիՀՀ, 1948)։ 2009 թվականից ի վեր Մարդու իրավունքների խորհրդի 10/23 որոշմամբ ստեղծվել է մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի ինստիտուտը։

Գոյություն ունի մշակութային իրավունքների 4 հիմնական ուղղություն․

Կրթության հասանելիությունը,
Մշակութային կյանքին մասնակցության իրավունքը,
Գիտական առաջընթացի և դրա բերած օգուտների կրողը լինելու հնարավորությունը,
Հեղինակների իրավունքների պաշտպանությունը։

Մշակութային իրավունքների պաշտպանության առնչությամբ կարևոր է ՅՈՒՆԵՍԿՕ֊ի 2005 թվականի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին կոնվենցիան», որը Հայաստանը վավերացրել է 2007 թվականին։ Չնայած այն փաստին, որ մեր պետությունն այպիսով հանձն է առել ձեռնարկել մշակութային իրավունքների պաշտպանությանն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երկրում շարունակում են չլուծված մնալ դաշնագրում նշված մի շարք հարցեր, որոնք կապված են մշակութային իրավունքների և՛ արվեստային և՛ բուն մշակութային բաղադրչների հետ։

Հիմնվելով մեր կողմից իրականացված ծրագրերի և ուսումնասիրությունների վրա, կարող ենք փաստել, որ Հայաստանում մշակութային իրավունքների տիրույթում գտնվող հատկապես արդիական խնդիրներն են․

Պատերազմի, սահմանների փոփոխության հետևանքով մշակութային ժառանգության վտանգված լինելը,
Գերակա հանրային շահի օրենքն ու դրա միջոցով հին քաղաքի դիմազրկումը,
Բիզնեսի կողմից հանրային տարածքների զավթումը,
Մշակութային կյանքին մասնակցելու անհավասար հնարավորություններն ու գենդերային խտրականությունը,
Նեոկոլոնիալիստական ռիսկերը, ինչպիսին են ռուսաստանյան մշակութի տարածումը, մեդայում ռուսերեն լեզվի ամրապնդումը և այլն:

 

Մշակութային իրավունքների ջատագովությունը  CSN Lab֊ի գործունեության հիմնական ուղղություններից մեկն է։ Արդեն մի քանի տարի է ինչ մեր լաբորատորիան տարբեր ծրագրեր է իրականացնում թեմային առնչվող այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են հատկապես պատերազմի հետևանքով ոչնչացվող նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, հանրային տարածքների պահպանումը, կանանց, ԼԳԲՏԻՔ+ անձանց և հասարակության կողմից մարգինալացված այլ խմբերի համար կրթական և մշակութային կյանքին լիարժեք մասնակցությանը միտված հնարավորությունների ստեղծումը, գաղութային անցյալի մշակութային ասպեկտները և այլն։

Մշակութային իրավունքները հանրային քննարկման օրակարգ բերելու ուղղությամբ մեր կազմակերպությունն իրականացրել է հետազոտություններ, հրատարակել  և թարգմանել գրքեր, կազմակերպել դասախոսություններ, աշխատարաններ, հանդիպում֊քննարկումներ և այլն։ Հատկապես կարևոր է նշել համագործակցության և երկխոսության վրա հիմնված «Նոր ժողովրդավարության հիմնադրամ» ծրագրի աջակցությամբ իրականացված «Մշակութային իրավունքների ձեռնարկի» թարգմանությունը, որը առաջին հայալեզու գրականությունն է թեմայի շուրջ։

Գրքի մշակումից զատ մեր լաբորատորիան կազմակերպել է «Թխած հանդես» ցուցադրությունը, որի ժամանակ ներկայացվել են շուրջ տասը վիզուալ արվեստագետների աշխատանքները հեղինակային իրավունքների շուրջ։

Մենք շարունակում ենք նախագծել և իրականացնել մշակութային իրավունքների թեմայի հանրահռչակմանն ուղղված ծրագրեր՝  այսպիսով ցանկանալով նպաստել արվեստագետներին տրամադրվող ինստիտուցիոնալ աջակցության կարգի ձևավորմանը, Հայաստանում գործող այլ կազմակերպությունների ներգրավմանը, մշակութային ոլորտում ժողովրդավարության ամրապնդմանն ու տարածմանը։