Re-Lentus-ը մշակութային և միջգիտակարգային ամենամյա նախագիծ է, որը մենք իրականացնում ենք Վրաստանում գործընկերների հետ համագործակցության արդյունքում: Այն միտված է կին արվեստագետների, մշակութային գործիչների և հետազոտողների տեսանելիության բարձրացմանը, ինչպես նաև հայ-վրացական մշակութային ակտիվ երկխոսության հաստատմանն ու ամրապնդմանը։
Վերջին տարիների գլոբալ ու տարածաշրջանային իրադարձությունները՝ պատերազմները, ռազմական բախումները, քաղաքական ճգնաժամերը և համավարակը, խորապես ազդել են Հայաստանի և Վրաստանի մշակութային դաշտերի վրա։ Չնայած խոչընդոտներին՝ արվեստագետները, մշակութային գործիչներն ու ակտիվիստները շարունակում են իրենց գործունեությամբ հարցադրել ու խնդրականացնել ներկայի մարտահրավերները, փորձում են գտնել և ներկայացնել առաջարկներ ու լուծումներ։ Մշակութային իրավունքների պաշտպանության և մասնավորապես գենդերային հավասարության տեսանկյունից այս շրջանը հատկապես բարդ է կանանց համար։ Այդ դժվարին դրությունը հաշվի առնելով՝ մեր թիմը վրացական գործընկեր կազմակերպության հետ համատեղ նախաձեռնել է և տարիներ շարունակ կազմակերպում է ամենամյա Re-Lentus մշակութային երկխոսական ծրագիրը, որի շրջանակներում կին արվեստագետները, հետազոտողները և մշակութային գործիչները հնարավորություն ունեն կիսվելու իրենց փորձառությամբ, միաժամանակ ամրապնդելով ոլորտային կապերը և ստեղծելով տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ։
Այս նախագիծը տարիներ առաջ ի հայտ եկավ որպես մի հարթակ՝ նպաստելու տարաբնույթ համագործակցությունների և երկխոսության ստեղծմանը: Այս հարթակում մասնակիցները հնարավություն ունեն փոխանակվել իրենց փորձով, կիսվել, թե ինչպես են շարունակում լինել դիմակայուն՝ խաղաղության բացակայության եւ ժողովրդավարության զարգացման համար դժվարին պայմաններում, և թե ինչպես են ներքին ուժի, միմիանց աջակցությամբ, և ստեղծարարության շնորհիվ դարձնում մշակույթը ավելի ժողովրդավար, կայուն և հավասար։
Re-Lentus ծրագիրը ներառում է բազմաթիվ կոմպոնենտներ և մշակութային ձևաչափեր։ Յուրաքանչյուր տարի ծրագրի շրջանակներում Վրաստանում և Հայաստանում անցկացվում են տարատեսակ միջոցառումներ, հանդիպում-քննարկումներ, արվեստային կացության ու շարժունակության ծրագրեր, որոնց ընթացքում հայ և վրացի կին փորձագետները երկու երկրների հանրություններին ծանոթացնում են իրենց գործունեության բազմաբնույթ շերտերին ու ներկայացնում դրանց հիմքում ընկած առանցքային թեմաներն ու հիմնահարցերը։
Ծրագրի թեմատիկ ուղղությունը յուրաքանչյուր տարի փոփոխվում է՝ կախված գլոբալ և տարածաշրջանային իրադրությունից ու մարտահրավերներից։ Արդիական խնդիրներին արձագանքելու նպատակով այս ծրագիրն արդեն անդրադարձել է մի շարք թեմաների, ինչպիսիք են արվեստն ու իրավունքը, ուրբանիզմը, ճարտարապետությունը, գրականությունը և այլն։
Խթանելով տարածաշրջանային մշակութային երկխոսությունը, մշակութային իրավունքների պաշտպանությունն ու ինքնարտահայտման ազատությունը՝ Re-Lentus-ը նպաստում է ավելի բաց ու հավասար հասարակության ձևավորմանը։ Կանանց ակտիվ մասնակցությունը մշակութային ոլորտում և նրանց գործունեության հանրահռչակումը ունենալով առանցքում՝ այս ծրագիրը ստեղծում է ապահով հարթակ, որտեղ կանայք կարող են կիսվել իրենց գիտելիքով, հանրայնացնել իրենց գործունեությանն առնչվող մարտահրավերները և դրանք հաղթահարելու իրենց փորձառությունը։
Այս նախագծի ստեղծման մեջ իր մեծ ներդրումն ունի Դանիական Մշակութային Ինստիտուտը, որի աջակցույթունը տարիներ շարունակ մնում է կարևոր ծրարգի զարգացումն ապահովելու համար։
Արդեն տարիներ է ինչ Re-Lentus նախագիծը շարունակ միավորում է տասնյակ փորձագետների, արվեստագետների և հանրությանը տալիս հնարավորություն ճանաչելու երկրի սահմաններից դուրս մշակութային ակտիվ կյանքն ու մշակութային գործիչներին հանդիպող բարդությունները։
Ծրագրի մասին ավելին իմանալու համար կարող եք կարդալ ամենամյա Re-Lentus-ը լուսաբանող հոդվածները։